«Վեդի համայնքի ընտրությունների նախապատրաստման ընթացքում դիմումներ, որպես այդպիսին, չեն ստացվել». Տիգրան Մուկուչյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն  այսօր խորհրդարանի պետաիրավական մշտական հանձնաժողովի նիստում  ներկայացրել է ԿԸՀ-ի 2020-2021 թվականների  գործունեության վերաբերյալ հաղորդումը։

«ԿԸՀ-ն, որի գործառույթները հստակ ամրագրված են օրենսդրությամբ, դրանք ներառում են որոշակի աշխատանքի ծավալ՝ կապված ընտրությունների կազմակերպման և անցկացման հետ։ Համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ընտրության պարագայում տարածքային ընտրական հանձնաժողովները, որոնց վերապահված է ընտրության արդյունքն ամփոփելու լիազորությունը, իրենց աշխատանքն ամփոփում են արդյունքների հրապարակմամբ և հետագայում մանդատների տրամադրմամբ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին։

Ապա ԿԸՀ նախագահը հրաժարվեց պատասխանել տարբեր մարմինների գործառույթներին վերաբերող հարցերին՝ համարելով դա ոչ կոռեկտ:

Հարցին՝ լուրեր են շրջանառվում, որ Վեդիում բնակիչներին ասել են, որ հարկերից կարող են ազատվել, եթե մասնակցեն ընտրություններին, նման ահազանգ ԿԸՀ-ն ստացե՞լ է, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ ընտրական գործընթացը բաղկացած է մի քանի փուլից, հետևաբար՝ ընտրախախտումներ կարող են լինել ցանկացած փուլում, սակայն իրավունքի տարրական պահանջն է՝ այդ ամենը գտնել և արձանագրել:

«Արագ արձագանքման համար՝ համապատասխան դիմումներ ներկայացնել հանձնաժողովներին։ Վեդի խոշորացված համայնքի հետ կապված՝ ընտրությունների նախապատրաստման ընթացքում դիմումներ, որպես այդպիսին, չեն ստացվել։ Քվեարկության օրը մենք հետևել ենք ԶԼՄ-ների հրապարակումներին, որոնք այդ օրերին իրենց աշխատանքն էին իրականացնում տեղամասային կենտրոններում, և հրապարակած ցանկացած նյութի հետ կապված շատ օպերատիվ կարգով եղել է արձագանք, գուցե դա այդքան տեսանելի չէ։ Բայց ցանկացած հանգամանք, որը հրապարակվել է, անմիջապես եղել է հանձնաժողովների ուշադրության կենտրոնում, թե՛ տարածքային, թե՛ կենտրոնական հանձնաժողովի։ Քվեարկության օրը և դրա ավարտից հետո վերահաշվարկի դիմում չենք ստացել։ Ինչ վերաբերում է բարձրացրած հարցին, ապա դրա վերաբերյալ հանձնաժողովներում դիմումներ չեն եղել, որը կարող էր հիմք հանդիսանալ վարույթներ իրականացնելու համար»,- նշեց  Տիգրան Մուկուչյանը։

Տեսանյութեր

Լրահոս