Բաժիններ՝

Հայաստանում 114 քաղաքացի կա, ում անունը, ազգանունը, հայրանունը և ծննդյան տվյալները համընկնում են մեկ ուրիշի հետ

Հայաստանում 114 քաղաքացիներ կան, ում անունը, ազգանունը, հայրանունը և ծննդյան տվյալները համընկնում են մեկ ուրիշի հետ: Այս մասին ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի հարցին:

Ըստ պատգամավորի՝ գործող համակարգը չի բացառում կրկնաքվեարկությունները, նույնականացման համակարգն աշխատում է միայն տվյալ տեղամասում մեկ անձի կողմից երկրորդ անգամ չքվեարկելու համար: Նա հարցրեց, թե որևէ այլ մեխանիզմ հնարավո՞ր էր ներդնել, համընկնող անուն-ազգանուն-հայրանուններ ունեցող անձանց լրացուցիչ ցուցակ՝ կրկնաքվեարկությունը բացառելու համար:

Մուկուչյանն ի պատասխան ասաց. «Հայաստանում, եթե չեմ սխալվում, 114 քաղաքացի կա, որոնց անուն ազգանուն, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը համընկնում է: Եվ ժամանակին նույնիսկ այդ անձանց անձնագրերի առաջին ձևերն ենք հրապարակել, որովհետև էլի են եղել նման բողոքներ՝ ապացուցելու, որ նրանք բոլորովին տարբեր մարդիկ են»,-ասաց Մուկուչյանը՝ հավելելով, որ նույնիսկ կա առանձնահատուկ անուն՝ Տոքսինա, որի դեպքում ևս անվան և ազգանվան կրկնություն կա:

ԿԸՀ նախագահն ընդգծեց, որ բոլոր ցուցակները ձևավորվում են ծրագրային կոդերում, և ցանկացած անհամաչափ միջամտություն հնարավոր է այդ կոդերի, մասնագետների միջոցով ուսումնասիրել, հայտնաբերել, գտնել: Նա վստահեցրեց, որ ընտրական գործընթացի բոլոր փուլերը թափանցիկ ու հասանելի են ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին: «Բացառվում է, որ մի մարդը երկրորդ անգամ այլ ընտրատեղամասում քվեարկած լիներ, ու դա չբացահայտվեր»,-վստահեցրեց Մուկուչյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս