Ի՞նչ էր թաքնված Փաշինյանի՝ Երասխի մասին հայտարարության տողատակում. Արդյո՞ք ինքն էր հեղինակը

Անցած տարի մայիսին վերջին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կան Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են ՀՀ Զինված ուժերի վերահսկողության տակ։

«Ավելին, դեռևս 1990-ականներից կան մարտական դիրքեր, որոնք գտնվում են ՀՀ տարածքում։ Հիմա, ի վերջո, պետք է հասկանանք` ինչ ենք անում։ Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան նշանակում է` փակել այդ թեման»,- շեշտել էր նա:

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն արդեն բաց տեքստով և հստակ է հայտարարել, որ Երասխից ադրբեջանական զորքի հետքաշման վերաբերյալ առաջարկ է արել, սպասում է Ադրբեջանի արձագանքին:

«Իրավիճակն աշխարհում և տարածաշրջանում լարված է, և մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ լարվածությունը նվազեցնելու և հիմնարար լուծումներ գտնելու հարցում: Այս առումով մենք, այո, կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է սկսել օր առաջ:

Ընդ որում, պետք է արձանագրել նաև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքներն արագացնելու անհրաժեշտությունը՝ սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնող քայլերին զուգահեռ: Գիտեք, իհարկե, որ մենք հանդես ենք եկել սահմանից զորքերի հայելային ետքաշման առաջարկով, որպես ետքաշման կողմնորոշիչ՝ նկատի ունենալով խորհրդային ժամանակների Հայաստանի և Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագիծը:

Բայց ուզում եմ իմանաք, որ բացի ամբողջական ետքաշումից, մենք հանդես ենք եկել նաև տեղային ետքաշումների առաջարկներով և այստեղ էլ սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: Մասնավորապես, Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք ետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք ետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Ինչպես ասացի, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,- ասել է նա:

Եվ սա՝ այն դեպքում, երբ հայելային հետքաշում տեղի է ունեցել միակողմանի, կամ լավագույն դեպքում՝ մեր իսկ տարածք ներխուժած ադրբեջանական զինուժը, ասենք, մեկ քայլ հետ է գնացել: Կրկնենք՝ մեր իսկ տարածքում: Նույնը, ըստ էության, տեղի է ունենալու այս դեպքում:

Ի դեպ, պարզ չէ նաև Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության, ընտրված ժամանակի շարժառիթը: Գուցե սա զուտ ինչ-որ «սցենարի խաղարկո՞ւմ » է, որից կա՛մ կշահենք, կա՛մ՝ ոչ:

Բայց, ըստ էության, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հետքաշման մասին հայտարարությունը, թե «իրենք մի քանի դիրք ետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք ետ քաշենք իրենց տարածքից», և այս տրամաբանության մեջ դիրքերի գոյությունը և դասավորությունը Երասխի և մոտակա տեղանքում համարժեք փոխզիջման առարկա կարող են լինել միայն ոչ դիրքային տարածքներ: Սա ուղղակի՝ զուտ ռեպլիկի կարգով:

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ պետական բարձր մակարդակով առաջին անգամ է հայտարարվում, որ ադրբեջանական կողմն այս ուղղությամբ ՀՀ տարածքում դիրքեր ունի: Այսինքն, մինչ այս պահը հայտնի չի եղել, որ Երասխի ուղղությամբ ադրբեջանական կողմը մեր տարածքում դիրքեր ունի:

«Նիկոլ Փաշինյանը Երասխի հատվածում խոսում է հետքաշումից՝ չհստակեցնելով, թե որքան պետք է հետ քաշվեն, մինչև որտեղ, որ հատվածում պետք է տեղակայվեն հայկական դիրքերը: Մենք գիտենք, որ այդ հատվածով անցնում է ռազմավարական կարևոր՝ Երասխ-Սիսիան-Գորիս ճանապարհահատվածը, ինչը ՀՀ-ի համար Սյունիքի հետ կապող միակ երակն է այս պահին: Եվ եթե մենք այնպիսի հետքաշում ունենանք, որի արդյունքում ադրբեջանական կողմը լիարժեք վերահսկողություն ունենա ճանապարհի զգալի հատվածի նկատմամբ, ապա դրա հետևանքները հետագայում կարող են աղետալի լինել: Արձանագրենք նաև՝ ՀՀ-ի համար վճռորոշ և ճակատագրական հատվածում մենք խոսում ենք դիրքերի հետքաշումից ռազմավարական և չափազանց կարևոր ճանապարհային հատվածների նկատմամբ, երբ չունենք ԳՇ պետ, ԲՏԱ նախարար, որոնք ուղիղ կամ անուղղակի կապ ունեն մեր անվտանգության համակարգի հետ, և այս ամենի վտանգավորության աստիճանը պիտի դիտարկենք նաև այդ տեսանկյունից»,- շեշտեց ռազմական փորձագետը՝ նշելով, որ եթե կարճաժամկետ հատվածում ինչ-որ արդյունավետություն կարող է լինել այս հետքաշումից, ապա միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով դա չափազանց ծանր և թանկ է «նստելու» հայկական կողմի վրա:

Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն «Արմյնուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում դիրքային բարելավումներին անդրադառնալով՝ նշել էր.

«Մենք 2012, թե՞ 2013 թվականին, միգուցե ավելի շուտ կամ միգուցե ավելի ուշ, ունեցել ենք մի դիրքային բարելավում, որ առնվազն 100 քառակուսի կիլոմետրից ավելի բարելավում ենք ունեցել, բայց մենք դա չենք գովազդել, որովհետև եթե դու այդպիսի բաները գովազդում ես, դու անելանելի վիճակ ես ստեղծում քո հակառակորդի համար, նա ստիպված ինչ-որ տեղ պետք է պատասխան տար, և Ալիևը մեզանից սովորել էր դա, և երբ որ ինքը 2018 թվականի մայիսին, հունիսին դիրքային մեծ բարելավում ունեցավ Նախիջևանում, դրա մասին բարձրաձայն չհայտարարեց: Հասկանում էր, որ կարևորը այն չէ, որ դու հայտարարես, և ինչպես ասում է ժողովուրդը՝ «աչոկ» հավաքես, կարևորը դիրքերդ բարելավելն է»:

Խոսքը, կարծում ենք, 2014-ի ամռանը՝ հունիսին, նախիջևանյան հատվածում տեղի ունեցած դիրքային լուրջ բարելավումների մասին է, երբ ադրբեջանցիների համար անսպասելի հայկական զորքը զբաղեցրեց գերիշխող դիրքեր սահմանի զգալի հատվածում, և մեր վերահսկողության տակ անցավ ավելի քան հարյուր քառակուսի կմ, որը մինչ այդ չէր վերահսկվում բարդ ռելիեֆի ու կլիմայական պայմանների պատճառով: Ընդ որում, ըստ տարածված տեղեկությունների, հայ զինվորները տարածքը հսկողության տակ էին վերցրել առանց որևէ կրակոցի՝ հմուտ մանևրի շնորհիվ, որից հետո ադրբեջանցիներն ուղղակի նահանջել էին:

2014թ․ հունիսի 17-ին «Ռազմինֆո» մասնագիտացված կայքը լուսանկարներ էր հրապարակել նշված վայրից, որոնցում երևում էր ադրբեջանական խրամատի խոցելի վիճակը:

Ավելի ուշ այդ ժամանակահատվածում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել էր Նախիջևանի սահմանի նոր դիրքերը և ցուցումներ տվել պաշտպանական նոր բնագծերի կոմունիկացիոն ենթակառուցվածքի ստեղծման վերաբերյալ։

4-րդ զորամիավորման հրամանատարը գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանն էր, ով այդ ժամանակ դեռ գեներալ-մայոր էր:

Նշենք, որ հայկական բանակի մարտական նոր դիրքերից «Ռազմինֆոյի» ֆոտոռեպորտաժը լայնորեն տարածվել էր ադրբեջանական մեդիադաշտում՝ առաջացնելով լուրջ դժգոհություն Ադրբեջանում։

Ի պատասխան՝ հունիսի 19-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը տարածել էր հաղորդագրություն, որում մասնավորապես պնդում էր, որ «հայկական կողմի հրապարակածն ամբողջությամբ անհիմն է և ապատեղեկատվություն»:

«Առանձին համազորային բանակը լիովին վերահսկում է օպերատիվ իրավիճակը Նախիջևանում։ Նշված հատվածում ընդհանրապես գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչպիսին է «չեզոք գոտին»»,- նշված էր հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ, «ANS» գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ըստ էության, հերքել էր իր իսկ ղեկավարած գերատեսչության հաղորդագրությունը՝ ընդունելով հայկական կողմի իրականացրած դիրքային լուրջ բարելավումների փաստը, պարզապես այն ներկայացրել էր ավելի մեղմ երանգներով:

«Նախիջևանում առանձին համազորային բանակի ստեղծումից հետո հայերը սեփական տարածքում հիմնել են մեկ-երկու դիրք: Բայց չէ՞ որ մեկ-երկու մարտական դիրքով խնդիրը չես լուծի»,- ասել էր Հասանովը:

Մինչև 2018 թվականը հայկական կողմը դիրքային լուրջ առավելություններ է ունեցել Ադրբեջանի նկատմամբ: Անգամ, ըստ մասնագետների, խորհրդային սահմանների տեսանկյունից՝ Արարատի մարզը ևս առավելություն է ունեցել: Սակայն, 2018-ի ապրիլ-մայիսի ադրբեջանական դիրքային առավելություններից հետո, ըստ էության, հավասարակշիռ վիճակ է:

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ 2018 թ․ ապրիլ-մայիս ամիսներին Նախիջևանի հատվածում տարածքային կորուստներ ենք ունեցել:

2020-ի հունվարին Արտակ Դավթյանը 168.am-ի հետ զրույցում պնդել էր՝  մենք կորուստներ չենք ունեցել:

Իսկ 2019-ին Արտակ Դավթյանը, երբ դեռ զբաղեցնում էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը, 168.am-ի հարցին՝ նախիջևանյան թևում դիրքային առավելությունն ո՞ւմ կողմում է՝ ադրբեջանակա՞ն, թե՞ հայկական, և որքանո՞վ են հիմնավորված տարբեր քաղաքագետների մտահոգությունները, պատասխանել էր.

«Որոշակի տեղ հակառակորդն ունի գերիշխող բարձրություն, տեղ կա՝ մերոնք: Ընդհանուր առմամբ, մոտավորապես 30-40 տոկոսով ավելի են մեր գերիշխող դիրքերը: Կոնկրետ Նախիջևանի օպերացիոն ուղղությամբ շահարկումներ պարբերաբար լինում են, բավականին շատ մեկնաբանություններ եղան նախկին դեպքերի հետ կապված, որից հետո մենք կազմակերպեցինք լրագրողների այց: Էական փոփոխություններ այս պահի դրությամբ չկան: Մենք ունեցել ենք վերջին 2-3 ամսվա ընթացքում որոշակի փոփոխություններ մեր դիրքերի բարելավման առումով, բայց դրանք ընդհանուր ռազմավարական տեսակետից ունեն տեղային բնույթ: Բավականին մեծ աշխատանք ենք իրականացրել հենակետերի ամրապնդման, ճանապարհային ցանցերի լայնացման և զարգացման ուղղությամբ, որը մեզ թույլ է տալիս ժամանակը կրճատել. նախկին երեք ժամվա փոխարեն՝ զորքը տեղաշարժել 40 րոպեում: Այս ուղղությամբ մարտական հենակետերի համակարգում վատացում չենք ունեցել: Կրկնում եմ՝ ունեցել ենք որոշակի բարելավում, որը կրել է մարտավարական բնույթ»:

Արտակ Դավթյանը նաև տեղեկացրել էր, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ շատ ջանքեր է գործադրում՝ ուժեղացնելու Նախիջևանի համազորային բանակը:

«Սպառազինության, ռազմական տեխնիկայի նմուշներ, որ նախկինում նրանք չեն ունեցել, հիմա ունեն: Բայց դրան զուգընթաց՝ մենք էլ համապատասխան միջոցառումներ ենք ձեռնարկում՝ թույլ չտալու Նախիջևանի ուժերի կողմից սպառազինության գերակայություն ունենալ, որը թույլ կտա նրանց վստահ զգալ այդ ուղղությամբ առանձին գործելու ժամանակ: Մեր կողմից հակազդող միջոցներ ձեռնարկվում են»,- վստահեցրել էր այդ ժամանակվա ԳՇ պետը:

Ի դեպ, 2018-ի դեկտեմբերին Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը լրագրողների հետ հանդիպմանը ևս անդրադարձել էր ադրբեջանական կողմի այս դիրքային բարելավումներին:

«Հիշեցնեմ ՊՆ մի քանի հայտարարություններ. սկզբից ասում էին, որ դա տեղի է ունեցել սահմանի իրենց մասում, հետո, երբ իրենց բացատրվեց, որ որևէ սահման գոյություն չունի, որովհետև ԽՍՀՄ-ի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև, նաև՝ Նախիջևանի հատվածում, սահմանագծում տեղի չի ունեցել, սահմանների մասին խոսելն անիմաստ է, դրանից հետո տոնայնությունը մի փոքր փոխվեց, և ՊՆ-ի կողմից հնչեց հայտարարություն, որ եղել է Ադրբեջանի դիրքերի առաջխաղացում, բայց չեզոք գոտու իրենց հատվածում։

Առաջինը՝ չեզոք գոտի չկա, սահման չկա, կա միջդիրքային տարածք, որը, սկսած մայիս ամսից, էապես կրճատվել է, և արդեն սեպտեմբեր ամսին Ադրբեջանի՝ Նախիջևանում տեղակայված զինված ուժերն իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները մեծացրել են մի քանի անգամ ավելի շատ, քան այն 800 հեկտարն է, որի մասին բազմիցս խոսվել է 2016թ. ապրիլյան պատերազմից հետո»,- ասել էր նա:

2019-ին, երբ ոչ պատերազմ էր եղել, ոչ հետպատերազմյան իրավիճակ կար, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հ/կ նախագահ, պահեստազորի գնդապետ Գրիգոր Գրիգորյանը, անդրադառնալով նախիջևանյան թևի ուղղությամբ մարտական գործողությունների հնարավորությանը, նման ենթադրություն էր արել

«Մարտական գործողությունների բուն ուղղությունը նախիջևանյան թևի հետ է կապված լինելու՝ պայմանավորված երկու բանով. առաջին՝ կարծում եմ՝ ՌԴ-ի կողմից սադրանք, որ Նախիջևանին քաշեն պատերազմի մեջ, հետագայում էլ ազատագրեն, որպեսզի Հյուսիս-Հարավ ճանապարհն այդտեղով անցնի, և երկաթուղին աշխատի, երկրորդ՝ եթե ՌԴ-ի պլանների մեջ չի մտնում սա, ուրեմն չի բացառվում, որ Թուրքիան փորձի զորք մտցնել Հայաստան»:

Թե որքանով սա իրականություն կդառնա, կամ՝ որքանով է այսօրվա իրավիճակին համահունչ, սպասենք զարգացումներին:

Այս պահին Նախիջևանի հետ կապված հայ-թուրքական սահմանը պահող ռուսական մոտեցումների առումով տեսանելի հստակ բան չկա: Իսկ Նախիջևանում Թուրքիայի ազդեցությունը շատ ուժեղ է, եթե չասենք՝ ներկայությունը:

Տեսանյութեր

Լրահոս