«Ահա, թե ինչի համար էին Ադրբեջանին պետք Դուշանբեի պայմանավորվածությունները». Դավիթ Շահնազարյան
ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանն այսօրվա ասուլիսին անդրադարձավ Դուշանբեում տեղի ունեցած Ալիև-Փաշինյան կարճատև հանդիպմանը և նշեց, որ ամեն առիթով ներկայիս իշխանությունները դա ներկայացնում էին՝ որպես մեծագույն նվաճում։
«Երկու հարց կարող էր լինել, որ Հայաստանի վարչապետն այդ հանդիպման ժամանակ կարող էր քննարկել Ադրբեջանի նախագահի հետ, այլ հարցեր չէին կարող լինել։ Առաջին՝ նույն Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի օրակարգն է՝ կապված շփման գծում միջոցառումների հետ, երկրորդ՝ ռազմագերիների փոխանակման հարցը։ Եթե հիշում եք՝ առաջին շաբաթներին նրանք փորձում էին ներկայացնել, որ ներկայիս, իրենց ասելով՝ շատ հանգիստ վիճակը շփման գծում Դուշանբեի պայմանավորվածության արդյունքն է, այլ ոչ թե՝ 1994թ. զինադադարի եռակողմ փաստաթուղթը և 1995թ. եռակողմ պայմանագիրը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ լուրջ մտահոգություններ է ունեցել այդ հանդիպումից հետո ընթացող գործընթացներից։
«Ադրբեջանին բացարձակապես ձեռնտու չէ հանգիստ վիճակ պահպանել, և եթե հակառակորդն առաջարկում է մի բան, որը քեզ ձեռնտու է, ուրեմն՝ այդտեղ շատ մեծ ծուղակ կա։ Կարճ ժամանակ անց ինձ համար պարզ դարձավ, թե ինչ է տեղի ունեցել։ Նոյեմբերի 6-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապի հաստատումից հետո Ադրբեջանը կառուցողական է դարձել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ նույն օրը և դրանից հետո Ադրբեջանի նախագահն իր հերթական խիստ անընդունելի հայտարարություններով է հանդես եկել, որ ոչ միայն Արցախը, այլև Հայաստանն է Ադրբեջանի մաս։ Պարզվեց, որ Տոնոյան Դավիթը ճիշտ է ասել՝ այդ կառուցողական բառն այլ իմաստ ունի»,- ասաց նա։
Նա ընդգծեց, որ սկսած այս տարվա մայիս ամսից Նախիջևանի հետ շփման գծում Ադրբեջանն առաջ է տվել իր դիրքերը. «Հիշեցնեմ ՊՆ մի քանի հայտարարություններ. Սկզբից ասում էին, որ դա տեղի է ունեցել սահմանի իրենց մասում, հետո, երբ իրենց բացատրվեց, որ որևէ սահման գոյություն չունի, որովհետև ԽՍՀՄ-ի ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև, նաև՝ Նախիջևանի հատվածում, սահմանագծում տեղի չի ունեցել, սահմանների մասին խոսելն անիմաստ է։ Դրանից հետո տոնայնությունը մի փոքր փոխվեց, և ՊՆ-ի կողմից հնչեց հայտարարություն, որ եղել է Ադրբեջանի դիրքերի առաջխաղացում, բայց չեզոք գոտու իրենց հատվածում։
Առաջինը՝ չեզոք գոտի չկա, սահման չկա, կա միջդիրքային տարածք, որը, սկսած մայիս ամսից, էապես կրճատվել է, և արդեն սեպտեմբեր ամսին Ադրբեջանի՝ Նախիջևանում տեղակայված զինված ուժերն իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքները մեծացրել են մի քանի անգամ ավելի շատ, քան այն 800 հեկտարն է, որի մասին բազմիցս խոսվել է 2016թ. ապրիլյան պատերազմից հետո։ Ինչ է տեղի ունեցել Դուշանբեի հանդիպումից հետո. այդ դիրքերը, որոնք առաջ էին տրվել, սեպտեմբերի 27-ից հետո ապահովվել են ճանապարհներով, որոնք ապահովելու են Ադրբեջանի այդ դիրքերի կենսունակությունը։ Ահա, թե ինչի համար էր պետք Դուշանբեի պայմանավորվածությունները դիմացի կողմին»։
Դավիթ Շահնազարյանը հիշեցրեց, որ գնդակոծվել են Զանգակատուն և Արենի գյուղերին պատկանող տարածքները, և ընդգծեց, որ նախկինում նման բաներ չէին լինում. «Մեր մամուլում անդրադարձ եղել է դրա մասին, բայց քննարկումների առարկա չի դարձել. Իշխանությունների համար տաբու են այդ հարցերի քննարկումները։ Այսինքն՝ պաշտպանության նախարար Տոնոյան Դավիթի «կառուցողական» բառը ճիշտ կլիներ փոխարինել «շինարարական» բառով»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում