Զելենսկին պատրաստ է «թեկուզ վաղը» հանդիպել Պուտինի հետ. Կուլեբա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, եթե Ռուսաստանի ղեկավարը պատրաստակամություն դրսեւորի. դա կարող է տեղի ունենալ «թեկուզ վաղը, թեկուզ վաղը չէ՝ մյուս օրը»։

«Եթե Պուտինը պատրաստակամություն դրսեւորի նման հանդիպման նկատմամբ, ապա՝ բառացիորեն թեկուզ վաղը, թեկուզ վաղը չէ՝ մյուս օրը: Նախագահ Զելենսկին պատրաստ է այդ հանդիպմանը: Նրա դիրքորոշումը հստակ է, այն ձեւավորվել է բոլոր հարցերի շուրջ, եւ Ուկրաինան այդ զրույցին պատրաստ է»,-ասել է Կուլեբան «Ուկրաինսկայա պրավադա»-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե երբ կարող է տեղի ունենալ Պուտինի հետ Զելենսկու հանդիպումը: Նա հավելել է, որ արդեն տարբեր երկրների միջեւ մրցակցություն եւ մրցում կա, որպեսզի ընդունի այդ հանդիպումը:

«Ես կարող եմ ասել, որ Զելենսկու եւ Պուտինի հանդիպումն անցկացնելու իրավունքի համար մրցությունն ավելի խիստ է, քան Օլիմպիական խաղերի անցկացման համար»,-հայտարարել է Կուլեբան: Ավելի վաղ Զելենսկու օֆիսի ղեկավարի խորհրդական, Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության անդամ Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է Պուտինի հետ Զելենսկու հնարավոր ուղղակի բանակցությունների համար փաստաթղթերի նախապատրաստման մասին:

Ինչպես ՌԻԱ Նովոստիին նշել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինը կարող է եւ պետք է հանդիպում ունենա Զելենսկու հետ ոչ թե քննարկումների, այլ ձեռք բերված պայմանավորվածությունների եւ ըմբռնումների արձանագրման համար:

Տեսանյութեր

Լրահոս