Սա պատերազմ է Եվրասիական մայրցամաքի վերաբաժանման համար. Ղարաբաղյան գոտին պետք է նախապատրաստվի պատմության հետագա ընթացքին. Տրոֆիմչուկ
168.am-ը մի շարք գրավոր հարցեր է ուղղել ռուս քաղաքական և անվտանգային հարցերով վերլուծաբան Գրիգորի Տրոֆիմչուկին
– Պարոն Տրոֆիմչուկ, ինչպե՞ս եք գնահատում աշխարհաքաղաքական այն իրավիճակը, որը ստեղծվել է Ռուսաստանի և Արևմուտքի միջև այս պատերազմի հետևանքով: Հաջողվո՞ւմ է, արդյոք, Ռուսաստանին լուծել իր առջև դրված խնդիրները:
– Աշխարհաքաղաքական լարվածությունը հրաբխանման զարգանում էր դեռևս 2014 թվականից, պարզապես, չգիտես ինչու, դա շատերը չէին զգում: Ոչ բոլորն են հասկանում քաղաքականությունից, թեև ցանկացած մեկը մեկնաբանում է: Բայց հիմա բոլորն արդեն այդ իրավիճակը նկատել են։ Ի դեպ, այս փլուզման մաս դարձան նաև Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, քանի որ հայ-ադրբեջանական շփման գծում առաջին սաստիկ լարվածությունը տեղի ունեցավ նույն 2014 թվականի օգոստոսին։
Հիմա, ինչպես վաղուց էի նշում, սկսվում է «Խորհրդային Միության փլուզման երկրորդ փուլը», երբ բացահայտ պատերազմների միջոցով փոխվելու է հին, վարչական խորհրդային սահմանների կոնֆիգուրացիան։ Այսինքն՝ սա չի լինելու Երրորդ համաշխարհային պատերազմ, ինչպես բոլորին է թվում, այլ պատերազմ է Եվրասիական մայրցամաքի վերաբաժանման համար: Ես մշտապես ռուս-ուկրաինական խնդիրը կրեատիվ եղանակով լուծելու կողմնակից եմ եղել՝ դեռ 2013 թվականի վերջից, քանի որ կարծում եմ, որ շատ հարցեր հնարավոր չէ ուղղել նույնիսկ պատերազմով:
Ռուսաստանի կողմից դրված ռազմավարական նպատակն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ ուղիղ պայմանավորվածությունների դուրս գալն է: Այնինչ չեմ կարծում, որ ներկայումս դրա համար ավելի շատ հնարավորություններ են ստեղծվել, ավելի շուտ՝ ընդհակառակը: Իսկ Ուկրաինան Արևմուտքի համար պարզապես գործիք է եվրասիական տարածքում կոնֆիգուրացիա փոխելու հարցում: Վաշինգտոնին հարկավոր չէ Ուկրաինայի հաղթանակ, նրա նպատակը Կիևի ու Մոսկվայի հնարավորինս խորը, երաշխավորված ընդհարումն է այնպես, որպեսզի դա անդրադառնա եվրասիական բոլոր կապերի վրա:
Եվ քանի որ ներկայումս ռուսական բանակն է առաջ գնում և ոչ հակառակը՝ ուկրաինականը, նշանակում է, որ հաջողվում է: Գրեթե նույնպիսի միտում էր 2020 թվականի աշնանը, երբ առաջ էր գնում ադրբեջանական բանակը, այսինքն՝ դանդաղ և կայուն առաջընթաց: Ուկրաինական բանակին, ինչպես այն ժամանակ հայկական բանակին, չի հաջողվում այդ առաջընթացը կոտրել: Սակայն պետք է հաշվի առնել, որ Կիևի թիկունքում ԱՄՆ-ը ու ՆԱՏՕ-ն են, և թե ինչ կա իրականում նրանց պլաններում, կարելի է միայն գուշակել: Ինչպես արդեն նշեցի, չի բացառվում, որ նրանց հենց դա էլ հարկավոր է, որպեսզի ուկրաինական հողում ավերածությունները հնարավորինս շատ լինեն, որպեսզի այլևս ոչ ոք ետդարձի հնարավորություն չունենա:
Բացի դա, որոշ ուղղորդված ռուս փորձագետներ ստիպված նշում են, որ ռուսական բանակին, ինչպես նրանք են նշում, «ծաղիկներով չեն դիմավորում»: Սա մտահոգիչ փաստ է, և պետք է ուշադիր վերլուծության առարկա դառնա։ Ամեն ինչ, իհարկե, կարելի է վերագրել նացիստներին և ֆաշիստներին, բայց դա գործնականում քիչ բան կփոխի։ Կրկնում եմ՝ ես խնդրի լուծման կողմնակիցն էի դեռ այն ժամանակ, երբ ամեն ինչ կարելի էր փոխել։
– Ինչպիսի՞ն և ե՞րբ Ռուսաստանը դուրս կգա այս պատերազմից:
– Այս պատերազմից լիարժեք դուրս գալ դժվար թե հաջողվի։ Կարելի է անվերջ կրկնել, որ տեղի ունեցող ռազմական գործողությունների թիրախը ծայրահեղականներն են և ոչ՝ ուկրաինական ժողովուրդը, սակայն իրականում ստացվում է, որ ձևավորվում է ժողովրդի բացասական հիշողություն 100 տարվա կտրվածքով: Չափազանց շատ զոհեր կան երկու կողմից, և այդ փաստը հետ գլորել չի հաջողվի: Չի բացառվում, որ երբևէ տեղի ունեցողն անվանվի «Առաջին սլավոնական պատերազմ» կամ այլ կերպ: Սակայն ռուսների ու ուկրաինացիների, միլիոնավոր մարդկանց, հասարակությունների միջև սուր լարվածությունն ակնհայտ է: Այլևս հնարավոր չէ այդ մարդկանց բաժանել մաքուրների և անմաքուրների, «պարզերի» և «նացիստների»: Ամեն ինչ այնքան է խառնվել իրար, որ սա կարելի է անվանել նաև հասարակական պատերազմ։ Ներկայումս սա լինելու է մեզ հետ միշտ, ամեն դեպքում՝ տեսանելի ապագայում: Սա, եթե իրերը դիտարկենք ռեալ, այլ ոչ թե՝ ֆորմալ:
Ի դեպ, նշեմ, որ բոլոր այն ռուս փորձագետները, որոնք վերջին տարիների ընթացքում պատերազմի քարոզ էին անում, չգիտես՝ ինչու, ռազմաճակատում չեն: Թեև տեղի ունեցողը նաև նրանց ուղիղ մեղավորությունն է, քանի որ նրանք չկարողացան առաջարկել անհրաժեշտ, ոչ ռազմական լուծումներ:
– Հայաստանը փորձում է այս ողջ ընթացքում չեզոքություն պահպանել ուկրաինական հարցում: Հնարավո՞ր է, որ Ռուսաստանին ինչ-որ պահի Հայաստանից ավելին հարկավոր լինի:
– Կրկնեմ, որ իրավիճակը զարգանում է այնպես, որ Հայաստանին չի հաջողվի անմասն մնալ, քանի որ հարվածի տակ կարող է հայտնվել եվրասիական ողջ տարածքը: Հնարավոր է, որ այս հարցով Հայաստանին ավելի քիչ դժգոհություններ լինեն, քանի որ ՀՀ-ն ինքը գտնվում է կիսառազմական պայմաններում, երբ Ղարաբաղի շուրջ մինչև վերջ ոչինչ լուծված չէ:
Սակայն Ռուսաստանի համար կարևոր է Հայաստանից տեսնել ադեկվատ հայացք հայերի համար գլխավոր հարցում: Չէ՞ որ, եթե Ռուսաստանն օգնեց պահել Ղարաբաղը, ապա Երևանի կողմից մինչ այս պահը Լուգանսկի ու Դոնեցկի չճանաչումը տարօրինակ է թվում: Հայ ժողովուրդը, որը բարդ պատմություն է ունեցել, այդ թվում՝ նախորդ դարասկզբի իրադարձությունները, թվում է, պետք է աջակցեր Դոնբասի բնակիչների ձգտումներին:
Բայց Երևանը դա չարեց, հենց այդ պատճառով ձեռքի տակ չունի Ղարաբաղում բնակվող մարդկանց ինքնորոշման իրավունքի միանշանակ փաստարկ: Քաղաքականության մեջ դա կոչվում է երկակի չափանիշ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս գործնականում հաստատել է Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորությունները, նույնիսկ, եթե դա ակնհայտ չէր առանձին հայ հասարակական և քաղաքական ակտիվիստների համար:
Չի բացառվում, որ Հայաստանը չի ցանկանում մոտենալ ԼԴԺՀ խնդրին, քանի որ ուղիղ կերպով կապված է ոչ միայն հայ-ուկրաինական հարաբերություններին, այլև ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի ու Ուկրաինայի հարաբերություններին: Բայց այդ դեպքում ի՞նչ դաշնակցության մասին կարելի է խոսել, եթե Երևանը շարունակում է հայացք նետել դեպի ՆԱՏՕ:
Եթե Երևանն ունի իր հայացքները Վաշինգտոնի ու Բրյուսելի հարցում, ապա պետք է այդ մասին այդպես էլ ասել: Հարկ է նշել, որ Երևանի դիրքորոշումը տարօրինակ է թվում ոչ միայն մնացած Ղարաբաղի շուրջ հետագա էսկալացիայի հնարավորության ֆոնին, այլև Վրաստանի դիրքորոշումը հաշվի առնելով, Վրաստանը չմիացավ Մոսկվայի նկատմամբ Արևմուտքի ճնշումներին: Ընդհանուր առմամբ ռուսական դաշնակից Հայաստանից հենց հիմա ցանկալի կլիներ տեսնել այս հարցում դաշնակցային նվիրվածության հաստատում:
– Մոտավորապես մեկ շաբաթ է, ինչ Արցախի բնակչությունը մնացել է առանց գազի, քանի որ Ադրբեջանը թիրախավորել է գազային ենթակառուցվածքը, որը հայկական կողմը չի կարողանում նորոգել շարունակվող լարվածության պատճառով: Արցախում հումանիտար աղետ է, խաղաղապահները ևս տեղեկացված են, բայց երևում է՝ խնդիրը չի լուծվում: Ինչպե՞ս եք պատկերացնում Արցախում նման հումանիտար խնդիրների լուծումը:
– Կարծում եմ՝ սա ընդհանուր խնդրի մի բաղադրիչն է, երբ որևէ մեկը վստահ չէ Երևանի դիրքորոշումների վրա բոլորի համար ծայրահեղ պահին: Մյուս կողմից՝ այս պահին ՌԴ-ի ձեռքերն ամեն ինչի չեն կարող հասնել: Դուք միայն նայեք, թե ինչպես հանկարծակի մեր շուրջ հակամարտություններ առաջացան շղթայական ձևով վերջին շրջանում՝ Բելառուս, Ղարաբաղ, Ղազախստան, Ուկրաինա և այդպես շարունակ: Եվ այդ ուղղություններից յուրաքանչյուրը պահանջում է ոչ միայն ռազմաքաղաքական, այլև հումանիտար լուծում: Անխոս, Ղարաբաղյան ենթակառուցվածքի հարցը չափազանց կարևոր է: Բայց երևում է, որ կա որոշակի սահման, սահմանափակում՝ և ժամանակային, և ռեսուրսային, և հնարավորությունների: Չի հաջողվում ամեն հարց լուծել և միանգամից: Ադրբեջանն իր հերթին՝ վարում է իր կոշտ գիծը, քանի որ ինքն ու մնացածն իրենց հաշիվ են տալիս, որ ուկրաինական իրադարձություններն ունակ են սադրել ղարաբաղյան գործընթացներ: Առավել ևս, երբ խաղաղության, սահմանների, միջանքների վերաբերյալ համաձայնագրեր Երևանի ու Բաքվի միջև պրակտիկ առումով չկան: Այսինքն՝ ղարաբաղյան կոմունիկացիաների հետ կապված հարցերի լուծումը չի կարող դուրս մնալ այս ընդհանուր ֆոնից։ Ի վերջո, իրենց՝ ռուսների համար այժմ լավագույն ժամանակները չեն՝ հաշվի առնելով արևմտյան պատժամիջոցների ցանկի ընդլայնումը։
– Ընդլայնելով նախորդ հարցը՝ Ադրբեջանը մեծացրել է ռազմական լարվածությունը սահմաններին և Արցախում, Հայաստանը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու համար, Ադրբեջանը ներկայացրել է այդ գործընթացի համար 5 պայմաններ: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ է կատարվում, արդյոք այս գործընթացում արտաքին համակարգողներ կա՞ն, և ի՞նչ սպասել մոտ ապագայում:
– Ղարաբաղյան գործընթացը գտնվում է այն նույն իրավական շրջանակներում, որոնք հստակեցվել են նախանցյալ տարվա եռակողմ համաձայնությամբ, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ բոլոր փաստաթղթերով, և այլն: Թեև ԵԱՀԿ ՄԽ հեղինակությունն էականորեն խարխլված է ու գտնվում է զրոյական վիճակում, դա չի խոսում այն մասին, որ այս ձևաչափին բոլորը հաջողություն են մաղթել: Ռուսաստանը՝ ոչ, Հայաստանը՝ ոչ: Թեև ինքնին թղթերն ու փաստաթղթերը դեռ երբեք և որևէ մեկի ոչնչից չեն փրկել:
Եվ գլխավոր խնդիրն ընդհանուր աշխարհաքաղաքական ապակայունացումն է: Ղարաբաղը, իմ կարծիքով, այդ գործընթացներից չի կարող հեռանալ, քանի որ ներկայումս առկա իրավիճակի «սառեցումը» ոչ մեկի ձեռնտու չէ:
Բանակցություններ պետք է և հարկավոր է վարել: Սակայն, ինչպես կարելի է համոզվել նույն ուկրաինական պատերազմի օրինակով, այդ եղանակով ոչինչ լուծել հնարավոր չէ: Երկարաձգել հնարավոր է, բայց հուսալիորեն լուծել՝ ոչ: Ուստի Ղարաբաղի շուրջ գոտին պետք է նախապատրաստվի պատմության հետագա ընթացքին։ Ադրբեջանը ներկայում իր բանակը համարում է առնվազն հետխորհրդային տարածքում ամենամարտունակը, և դժվար թե այս բանակը երկար ժամանակ լճանա զորանոցներում: