Սասուն Խաչատրյան-Արթուր Դավթյան հակամարտության հերթական արարը, կամ ինչո՞ւ է հենց հիմա վրդովվում Հակակոռուպցիոն կոմիտեն
Մարտի 7-ին civilnet.am-ը տեղեկացրեց, որ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ Երևանի Ազատության պողոտայում գտնվող շքեղ առանձնատունը վաճառվել է, այն ունի նոր սեփականատեր։ Գործարքը կատարվել է մարտի 1-ին։
Կայքի տեղեկացմամբ՝ վաճառված առանձնատունն Արգամ Աբրահամյանինն էր, կառուցվել էր խորհրդարանի շենքի նմանությամբ։ Ըստ կադաստրային փաստաթղթերի՝ առանձնատան տարածքը 2 580 քառակուսի մետր է։ Գույքի կադաստրային արժեքն ավելի քան 310 միլիոն դրամ է։
«Հովիկ Աբրահամյանի ընտանիքից առանձնատունն անցել է նորահայտ գործարար Նարեկ Նալբանդյանի ընտանիքին։
Մարտի 1-ին Արգամ Աբրահամյանը առանձնատան առքուվաճառքի պայմանագիր է կնքել Նալբանդյանի կնոջ՝ Լիլիթ Պետրոսյանի հետ։ Առանձնատան գինը կազմել է 2,5 միլիարդ դրամ (ավելի քան 5,1 միլիոն դոլար)։ Դրանից 48 միլիոն դրամը գնորդ Լիլիթ Պետրոսյանն արդեն վճարել է, մնացած 2,452 միլիարդ դրամը վճարվելու է մինչև օգոստոսի 1-ը։ Այդ ժամանակ է նախատեսված առանձնատան հանձնումը Պետրոսյանին»,- գրել էր civilnet.am-ը։
Այս լուրը, ըստ ամենայնի, հասարակության տարբեր և հատկապես՝ իրավական շերտերը ոչ միանշանակ ընդունեցին, քանի որ Հովիկ Աբրահամյանի գույքը գտնվում էր կալանքի տակ, իսկ այն վաճառելն այդ պայմաններում տարօրինակ էր թվում:
Երեկ ՀՀ նոր նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալությանը շտապող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին լրագրողները հարցրեցին՝ ինչպե՞ս է հնարավոր դարձել առանձնատան վաճառքը:
«Առայժմ մենք էլ ենք տարակուսած, որովհետև դա մեզ հայտնի չի եղել, և մենք հիմա ձեռնարկում ենք անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի դրա բոլոր հանգամանքները պարզենք, իսկ մեղավորները դրա համար կենթարկվեն պատասխանատվության»,- պատասխանել էր գլխավոր դատախազը:
Դիտարկմանը, թե Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչն է մեղավոր, Արթուր Դավթյանն ասել էր․ «Դատարանն է այդպես որոշել, դատական ակտը մեր կողմից բողոքարկվել է, և առանց բողոքարկման արդյունքներին սպասելու է գործարքը կայացել»։
Գլխավոր դատախազի այս հայտարարությունը բավականին ցավոտ է ընկալվել Հակակոռուպցիոն կոմիտեում, և իրավապահ այդ կառույցի պատասխանը, ավելի ստույգ՝ «խայթոցը» գլխավոր դատախազության, այն է՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հասցեին, երկար սպասեցնել չտվեց:
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`«Առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության չլուծող դատական ակտն ուժի մեջ է մտնում կայացման պահից»:
Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը կատարման է հանձնվում որոշումը կայացրած դատարանի կողմից ոչ ուշ, քան 3 օր հետո:
Ընդ որում, վերը նշված որոշումների բողոքարկումը չի կասեցնում դրանց կատարումը: Հետևաբար՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը պարտավոր էր առաջնորդվել բացառապես օրենքով և կատարել դատարանի որոշումը»,- Քրդատ օրենսգիրքն էին Հակակոռուպցիոն կոմիտեից մեկնաբանել Գլխավոր դատախազության համար:
Նաև հիշեցրել էին, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դիտավորությամբ չկատարելը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի, համարվում է հանցագործություն:
«Այսպիսով, առնվազն տարակուսելի է, որ գլխավոր դատախազը, քաջատեղյակ լինելով վերը նշված քրեադատավարական նորմերին, նման կերպ է արձագանքել: Հակակոռուպցիոն կոմիտեն գործում է միայն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, իսկ օրենքից տեղյակ կամ անտեղյակ սուբյեկտների անհիմն, ականջահաճո արտահայտությունները չեն կարող ազդեցություն ունենալ օրինականության սկզբունքին անշեղ հետևելու կոմիտեի կամքի վրա և ստվերել նրա գործունեությունը»,- ասվում է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունում:
Արթուր Դավթյան-Սասուն Խաչատրյան բավականին հնչեղ հակամարտությունը նոր չի սկսվել, և ոչ էլ սա առաջին հրապարակային փոխհրաձգությունն է այդ երկու գերատեսչությունների միջև:
Մի հրապարակային վեճ էլ տարեսկզբին եղավ այս երկու իրավապահ կառույցների միջև՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով:
Նախաքննական մարմինը համարել էր, որ ավարտել է կոռուպցիոն հանցագործության համար մեղադրվող Գասպարյանի քրեական գործը, և այն կարող է ուղարկվել դատարան, մինչդեռ գործը վերահսկող դատախազը հակառակ կարծիքին էր, լրացուցիչ քննության անհրաժեշտություն էր տեսել, այսինքն` դատախազությունը չի համարել, որ Գասպարյանի մեղադրականը հաստատելու համար կան անհրաժեշտ և բավարար ապացույցներ։
Հակակոռուպցիոն կոմիտեից ի պատասխան՝ ասացին՝ կոռուպցիոն 6 տարբեր հոդվածներով մեղադրվող 63-ամյա գեներալ-լեյտենանտի գործի քննությունը շարունակելու դատախազության որոշումն անհիմն է և անօրինական, և իրենք բողոքարկելու են դատախազի որոշումը:
Այս երկու կառույցների ղեկավարների հակամարտությունն արդեն իսկ տեղափոխվել է անձնական տիրույթ:
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի և Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ Դավիթ Խաչատուրյանի մորաքրոջ որդի Արտակ Սարգսյանը, ով մեղադրվում է քրեական օրենսգրքով նախատեսված հանցանք կատարելու մեջ, չնայած գլխավոր դատախազության և Ազգային անվտանգության ծառայության գործադրած ջանքերին, այդպես էլ չկալանավորվեց, անգամ պարտականությունների կատարումը չկասեցվեց. ասել է թե՝ այս պահին այդ հակամարտության հաղթողը Սասուն Խաչատրյանն է:
Վերադառնանք Գլխավոր դատախազություն-Հակակոռուպցիոն կոմիտե հակամարտության ներկա փուլին:
Իրականում տեղի է ունեցել հետևյալը՝ Հովիկ Աբրահամյանի գույքի վրա կալանք է դրված եղել, դատարանի որոշմամբ՝ կալանքի որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել, Կոմիտեն հանել է գույքի կալանքը, ինչից հետո գույքը վաճառվել է:
Գլխավոր դատախազը տարակուսած է, թե ինչպես կարող էր լինել այդպես, քանի որ իրենք դատարանի որոշումը բողոքարկում են:
Կոմիտեն պնդում է, որ դատարանի որոշումը՝ անկախ նրանից, որ բողոքարկվում է, ուժի մեջ է մտել հրապարակման պահից, ուստի ենթակա է կատարման, իսկ չկատարելը հանցագործություն է, և սա, մասնագետների պնդմամբ՝ միանգամայն ճիշտ մոտեցում է։
«Գլխավոր դատախազությունում որպես իրենց լիազորությունների չարաշահման կայուն պրակտիկա՝ որդեգրել են այդպիսի ակտերը չկատարելու գործելաոճը` աճպարարություն անելով քրեադատավարական նորմերով: Բողոք են տանում ու չեն կատարում ակտերը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ այդ կերպ, ինչպես Կոմիտեն է ասում, պարբերաբար հանցագործություն են կատարում։
Փաստաբանի խոսքով՝ ամեն ինչ նորմալ ու տրամաբանական կլիներ, եթե Հակակոռուպցիոն կոմիտեն նախկին Հատուկ քննչական ծառայությունը չլիներ, իսկ դրա ղեկավարն էլ՝ Սասուն Խաչատրյանը, ով նախկինում վարվել է նույն կերպ, ինչ ասում է գլխավոր դատախազը։
«Այսինքն, նախկինում հանցագործություններ կատարողները նոր անվան ներքո քննադատում են հանցագործությունները։ Ինքս գիտեմ մի քանի նման դեպք, երբ դատական ակտով ճանաչած խախտումը նույն ՀՔԾ-ն չի վերացրել` ամիսներով խախտելով անձանց իրավունքները»,- ասաց Հովհաննես Խուդոյանը՝ նկատելով՝ եթե փորձեն հիշել, հարյուրավոր դեպքեր կմտաբերեն, երբ դատական ակտերը չեն կատարվել։
Ըստ նրա՝ չի բացառվում որ Հակակոռուպցիոն կոմիտեում էլ այժմ նման դեպքեր կբացահայտվեն։
«Ստացվում է, որ այս մի դեպքն առանձնահատուկ է Կոմիտեի համար»,- եզրափակեց փաստաբանը։
Այն, որ Գլխավոր դատախազության համար Արթուր Դավթյանի մոտեցումն իսկապես գործելակերպ է, փաստում է հենց թեկուզ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ կայացված դատական ակտը, որով կասեցված լիազորություններով Խորհրդի նախագահը պետք է զբաղեցներ իր պաշտոնը: Այդ ժամանակ Դատախազությունը հրաժարվեց կատարել Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը՝ նշելով, որ միևնույն է, այն բողոքարկվելու է Վերաքննիչ քրեական դատարան: Իսկ Վերաքննիչ քրեական դատարանում կար Մհեր Արղամանյան, ով բեկանեց Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Դավիթ Հարությունյանի կայացրած դատական ակտը, ու հարցը փակվեց:
Միայն թե իսկապես տարակուսելի է, թե ինչո՞ւ է հենց այս դեպքում վրդովվում Հակակոռուպցիոն կոմիտեն:
Ի դեպ, այդ ժամանակ 168.am-ի հետ զրույցում Ռուբեն Վարդազարյանի շահերի ներկայացուցիչ Արամ Օրբելյանն ասել էր. «Դատական ակտը կայացվել է մայիսի 31-ին: Գլխավոր դատախազը պարտավոր էր այդ կամ հաջորդ օրը վերացնել իր որոշումը: Խնդրեմ, բողոքարկեք, բողոքը կբավարարվի, կստացվի՝ ճիշտ եք եղել, այդ ժամանակ վերացրեք ձեր վերացնելու որոշումը: Դա է պնդում Քրեական դատավարության օրենսգիրքը»:
Հ.Գ. Հոդվածն արդեն պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկացանք, որ Գլխավոր դատախազությունն էլ իր հերթին է պատասխանել Հակակոռուպցիոն կոմիտեին:
«ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի պարզաբանումը իր կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2022թ. փետրվարի 3-ի որոշումը (նախքան դատախազության կողմից դրա բողոքարկման հարցի լուծումը) կատարելու վերաբերյալ, ոչ միայն չի բխում քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից, ձևավորված դատական կայուն պրակտիկայից, այլև ուղղակիորեն հակասում է իր իսկ վարույթում գտնվող բազմաթիվ այլ գործերով ՀՀ ՀԿ (ինչպես նաև նախկին ՀՀ ՀՔԾ) դրսևորված իրավական դիրքորոշմանը»,- ասված է Գլխավոր դատախազության պատասխանի մեջ:
Ըստ դատախազության՝ խիստ տարօրինակ է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասին հղում կատարելու պարագայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերները այս անգամ չեն հիշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ մասի գոյության մասին, համաձայն որի օրենսգրքով նախատեսված դեպքում բողոք տալը կասեցնում է բողոքարկվող որոշումն ի կատար ածելը:
«Եվ դա այն դեպքում, երբ նույն 103-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով, սկսած նախկին ՀՔԾ-ից, հենց Հակակոռուպցիոն կոմիտեում ձևավորված է կայուն պրակտիկա, ըստ որի՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բողոք տանելը կասեցնում է դրանց կատարումը, մինչև վերադաս դատարանի կողմից որոշման կայացումը: Դատական պրակտիկան զարգացել է այն ուղղությամբ, որ նման դատական ակտերն ի կատար են ածվում դրանցում նշած բողոքարկման ժամկետներն անցնելուց հետո, իսկ այդ ակտերի բողոքարկման դեպքում՝ վերադաս դատական ատյանների կողմից համապատասխան որոշում կայացնելուց հետո: Ակնհայտ է, որ հակառակ մոտեցման պարագայում առհասարակ իմաստազրկվում է բողոքարկման ինստիտուտը, իսկ հետևանքների առումով կարող են առաջանալ անդառնալի հետևանքներ»,- նշել են Դատախազությունից:
Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվող՝ դատական ակտի կատարման համար 3-օրյա ժամկետին, ինչին հղում է կատարվում ՀՀ ՀԿ պարզաբանման մեջ, ապա Դատախազության պնդմամբ՝ այն կարող է վերաբերել միայն հիմնական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը: Այս դիրքորոշումը պաշտպանվել է նաև դատարանների իրավական մեկնաբանություններով: Մասնավորապես, հենց Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվող մեկ այլ գործով գույքի վրա կալանք դնելու հարցով ՀՀ դատախազության ներկայացրած բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրած որոշմամբ (ԵԴ/0513/11/20), վերլուծության ենթարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ և 428-րդ հոդվածները՝ հստակ ամրագրել է, որ եռօրյա ժամկետը սահմանվում է հիմնական ուժի մեջ մտած դատական ակտը կատարման հանձնելու համար, իսկ օրենսդրի սահմանած եռօրյա այդ ժամկետը վերաբերում է դատական ակտը կայացրած դատարանին և այդ ժամկետում դատական ակտը կատարման հանձնելու դատարանի պարտականությանը, այլ ոչ դատական ակտը կատարող մարմնին: