Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ գործի հարուցումն ու ամբողջ գործընթացն ունեն քաղաքական ենթատեքստ և կապված են նրա՝ որպես դատավոր, ԲԴԽ նախագահ, գործունեության հետ. Արամ Օրբելյան
«Սահմանադրությունը որոշակի երաշխիքներ է տալիս տարբեր պետական պաշտոններ զբաղեցնող անձանց, տրվում են, որպեսզի տվյալ անձինք կարողանան իրականացնել իրենց գործառույթները: Դրանք տրվում են նրա համար, որ իշխանության տարբեր ճյուղեր, լինի գործադիր թե օրենսդիր, չկարողանան անհարկի միջամտել նրանց աշխատանքներին: Տվյալ դեպքում որևէ ենթադրյալ հանցագործություն կատարելու համար Ռուբեն Վարդազարյանին առաջադրվել է մեղադրանք, և գլխավոր դատախազը որոշել է այս դեպքում չդիմել ԲԴԽ, ինչն օրենքի խախտում է»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր-կառավարիչ, Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը:
Ըստ փաստաբանի՝ գլխավոր դատախազը գտել է, որ այս դեպքում խնդիրը կապված չէ Ռուբեն Վարդազարյանի՝ որպես դատավորի լիազորությունների իրականացման հետ, և համապատասխանաբար սկզբում հարուցել է քրեական գործ՝ հստակ նշելով Ռուբեն Վարդազարյանի նույնականացման տվյալները, ապա առաջադրել է մեղադրանք:
«Մենք բողոքարկել ենք այդ երկու որոշումներն էլ՝ և գործ հարուցելու, և մեղադրանք առաջադրելու վերաբերյալ: Երբ մենք բողոքարկել ենք համապատասխան ակտը, նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը որոշում է ընդունել առ այն, որ տվյալ դեպքում խախտվել են Ռուբեն Վարդազարյանի իրավունքներն ու օրինական շահերը, և այն պետք է վերացվի, այսինքն՝ գլխավոր դատախազը պետք է վերացնի մեղադրանք առաջադրելու որոշումը, որովհետև այդ որոշումն առանց ԲԴԽ համաձայնության՝ չէր կարող առաջադրվել: Սա ըստ էության նշանակում է, որ գործը պետք է փակվի»,- ասաց Արամ Օրբելյանը:
Փաստաբանը նշում է, որ դատարանում դատախազությունն այն միտքն է առաջ քաշել, թե չի վստահում ԲԴԽ-ին, ինչը, սակայն, փաստարկ չէ, որովհետև այդ դեպքում պատասխանող կողմն էլ իրենց կարող է չվստահել:
«Նախագահող դատավորն իր որոշմամբ ասել է՝ չի կարող լինել կառուցակարգ, որ գլխավոր դատախազն ինքը որոշի՝ հաղթահարե՞լ է, թե՞ չի հաղթահարել գործառութային անձեռմխելիությունը: Առնվազն այն դեպքերում, երբ դատավորը գտնում է, որ գործընթացն առնչվում է իր՝ որպես դատավորի գործունեությանը, պարտադիր է ԲԴԽ դիմել»,- ասաց փաստաբանը:
Արամ Օրբելյանի խոսքով՝ իրենք դատարանի բավականին մեծ ծավալի, մոտ 30 էջանոց հավելված են ներկայացրել, որտեղ հստակ երևում է, որ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ գործի հարուցումն ու ամբողջ գործընթացն ունեն քաղաքական ենթատեքստ և կապված են նրա՝ որպես դատավոր, ԲԴԽ նախագահ և անդամ, գործունեության հետ:
«Այս ամբողջ հավելվածը ներառում է նյութեր՝ սկսած դատարանների շրջափակումից, թող ներեն դատավորները, մինչև «վնգստացող» և այլ ձևակերպումներ, և ավարտվում են Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուների ներկայացման ժամանակ հարցադրումներով, երբ իշխող ուժի առնվազն 5-6 պատգամավորները, երբ այդ ժամանակ չկար հարուցված քրեական գործ, հարցադրում էին անում՝ իսկ Դուք հրաժարական կտա՞ք, եթե պարզվի, որ ինչ-որ գործով խոչընդոտել, միջամտել կամ հորդորել եք դատական ակտ կայացնելուն: Սա ուղղակիորեն այն ձևակերպումն էր, որը հետագայում տեղ է գտել մեղադրանքի մեջ և որը չունի հստակություն, որովհետև հորդորելն ու խնդրելը միաժամանակ տեղի չեն ունենում: Ակնհայտորեն, սա նշանակում է, որ քաղաքական մեծամասնությունը տեղյակ է եղել հարուցված քրեական գործի մասին: Դրա մասին է խոսում նաև այն, որ դատավորը հաղորդումը ներկայացրել է 6 ամիս հետո այդ գործը վարելուց, և այն բանից հետո, երբ ինքն արդեն դադարել է լինել դատավոր»,- ասաց Արամ Օրբելյանը՝ հավելելով, որ անկախ նրանից, թե ինչ է տեղի ունեցել, եթե դատախազությունը գտնում է, որ կա հանցագործություն, պետք է դիմել ԲԴԽ:
Փաստաբանը նշում է, որ անկախ նրանից, դատախազությունը կբողոքարկի՞ դատական ակտը, թե՞ ոչ, նա պարտավոր է վերացնել Ռուբեն Վարդազարյանի՝ որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը:
«Դատական ակտը կայացվել է մայիսի 31-ին: Գլխավոր դատախազը պարտավոր էր այդ կամ հաջորդ օրը վերացնել իր որոշումը: Խնդրեմ, բողոքարկեք, բողոքը կբավարարվի, կստացվի՝ ճիշտ եք եղել, այդ ժամանակ վերացրեք ձեր վերացնելու որոշումը: Դա է պնդում Քրեական դատավարության օրենսգիրքը»,- ասաց փաստաբանը:
Արամ Օրբելյանը հույս ունի, որ բոլոր այն դեպքերում, երբ չի կատարվում դատական ակտը, փաստաբանները կամ նրանց պաշտպանյալները կդիմեն փոխհատուցում ստանալու պատճառով, որպեսզի քաղաքացիները գիտակցեն, որ իրենք ընտրել են իշխանություն, և երբ այդ իշխանությունը սխալներ է գործում, դրանք փոխհատուցվում են բոլորիս գրպանից:
«Երբ մենք հասկանանք, երբ ամեն սխալի համար բոլորս ենք վճարում, մենք արդեն ոչ չարախինդ կերպով կմոտենանք դատախազության կայացրած ամեն որոշմանը»,- ասաց Արամ Օրբելյանը:
Ըստ նրա՝ Ռուբեն Վարդազարյանն արդեն իսկ դիմել է ԲԴԽ՝ կցելով համապատասխան դատական ակտը:
«Պետք է լինի ԲԴԽ-ի արձանագրող որոշումը, ինչը, կարծում եմ, ԲԴԽ-ն սեղմ ժամկետում կտա այն մասին, որ քրեական հետապնդումն այս պահին արդեն ոչ իրավաչափ է: Մեկ օր ավել դատավորի լիազորությունները կասեցված չպետք է լինեն»,- ասաց Արամ Օրբելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում