Նիկոլ Փաշինյանի «զոհերը». Արցախն ու Արայիկ Հարությունյանը մնացել են մենակ

2018 թվականից Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ հայտարարում էր, որ ինքն Արցախի Հանրապետությունից և նրա ժողովրդից մանդատ չունի՝ լուծելու ԼՂ խնդիրը և որոշելու արցախցիների ճակատագիրը:

Բայց 2021-ի հուլիսին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններում ՀՀ քաղաքացիներից ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ:

Այն ժամանակ 168.amգրեց, թե ինչպե՞ս է հնարավոր ՀՀ քաղաքացիներից Արցախի խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ ստանալ, երբ նախքան պատերազմը Փաշինյանը բազմիցս հայտարարել է՝ Արցախից ինքը ԼՂ հարցը լուծելու մանդատ և լիազորություն չունի, որովհետև նրանք ՀՀ ընտրություններին չեն մասնակցում, ուստի ինքը միայն կարող է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը:

Այս համատեքստում հռետորական հարցադրում էինք արել՝ միգուցե պատերազմից հետո գոնե մեկ անգամ Արցախ չգնացած և Նիկոլ Փաշինյանի պատճառով պատերազմի ժամանակ իրենց տներից զրկված Քաշաթաղի, Քարվաճառի շրջանի երբեմնի բնակիչնե՞րն են ընտրել Նիկոլ Փաշինյանին և նրան իրավունք տվել իրենց ապագան դարձյալ որոշելու:

Կամ՝ միգուցե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ սկզբնական փուլում գաղափարական ներդաշնակեցո՞ւմն էր Նիկոլ Փաշինյանին հիմք տվել մտածելու, թե իրավունք ունի Արցախի փոխարեն՝ հերթական անգամ որոշելու, երբ Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, 2020-ի արցախյան վերջին պատերազմից հետո դադարել է դե ֆակտո Արցախի անվտանգության երաշխավորը լինել:

Վերջին շրջանի ադրբեջանական սադրանքներին գնահատական չտալու Նիկոլ Փաշինյանի որոշումը հաստատեց, որ Հայաստանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, վերջնականորեն «ձեռքերը լվացել է» Արցախից, թեպետ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց Փաշինյանը և նրա թիմը չի հրաժարվել և չի հրաժարվելու: Եվ ոչինչ, որ վերջին շրջանում Ադրբեջանն Արցախի Ասկերանի և Մարտունու շրջանների գյուղերի ուղղությամբ 60 և 120 մմ տրամաչափի ականանետ է կիրառում, տևական ժամանակ գյուղերի բնակիչների վրա հոգեբանական ճնշում գործադրում, և մարտի 8-ից էլ Արցախում գազ չկա, որովհետև ադրբեջանական կողմը թույլ չի տալիս վերանորոգել Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատար խողովակաշարի վնասված հատվածը:

Հոդվածը գրելու պահին այս մասով դեռ դրական նորություն չկար, ռուսական կողմի մասնակցությամբ բանակցությունները շարունակվում էին:

Մարտի 10-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում ակնարկել է, որ ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող գազատարի հատվածը դիտմամբ վնասվել է.

«Կասկածից վեր է, որ թե՛ Արցախ մտնող միակ գազատարի վնասումն ու վերանորոգման աշխատանքների ձգձգումները, թե՛ վերջին օրերին մեր խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանական կողմի ցուցաբերած ագրեսիվ վարքագիծն ունեն աշխարհաքաղաքական ենթատեքստ: Մասնավորապես, Ադրբեջանը փորձում է օգտվել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից ու միջազգային դերակատարների զբաղվածությունից»:

Արցախը՝ 1990-ականների սկզբի իրավիճակում. պատերազմական փաստերի հետքերով

Ըստ էության, գազատարի վնասված հատվածը գտնվում է Լաչինի միջանցքի 5 կմ-անոց հատվածում: Արցախն այսօր հայտնվել է 1990-ականների սկզբի իրավիճակում, երբ դեռ 1992-ի մայիսի 18-ին չէր ճեղքվել Արցախի շրջափակման մահացու օղակը և ազատագրվել Լաչինի շրջանը (Սյունյաց նահանգի Աղահեճք գավառը, 13-րդ դարից՝ Քաշաթաղ):

Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին ռազմավարական օպերացիայի տրամաբանական ավարտը՝ վերականգնելով Մայր Հայաստանի հետ կապը: Արցախ-ՀՀ միջանցքին «Կյանքի ճանապարհը» հենց այնպես տրված անվանում չէր. Լեռնային Ղարաբաղը ծանրագույն վիճակում էր, քանի որ չկար էլեկտրամատակարարում, գազամատակարարում, իսկ զինամթերքի, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի անհրաժեշտ նվազագույն քանակը տեղափոխվում էր քաղավիացիայի ուժերով:

Ռազմական աղբյուրների համաձայն՝ Ստեփանակերտի հարավ-արևմտյան մատույցներում հակառակորդի առաջխաղացումը կասեցնելուց և Շուշիի ազատագրումից հետո ԻՊՈՒ և կամավորական ջոկատները ձեռնարկում են օպերատիվ-ռազմական և կենսական կարևորության Շուշի-Լաչին-Զաբուխ ճանապարհի բացման ռազմական գործողությունը:

Համաձայն մարտական պլանի՝ առաջխաղացումը պետք է իրականացվեր մայրուղու աջ և ձախ թևերում։

Մայիսի 17-ին հայկական ուժերը վերահսկողության տակ են առնում Բերդաձորի ենթաշրջանի Ծաղկաձոր, Կանաչ թալա, Մեծ Շեն, Հին Շեն, Եղծահող գյուղերը։ Արդեն մայիսի 18-ին ԻՊՈՒ կազմավորումները և կամավորական ջոկատները մտնում են Բերձոր (Լաչին), ապա դուրս գալիս ՀՀ պետական սահման՝ Գորիսի ուղղությամբ բացելով Արցախը ՀՀ-ին կապող «Մարդասիրական միջանցքը»։

Միջանցքի բացումից հետո կորցրած ռազմավարական նախաձեռնությունը վերականգնելու նպատակով Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարությունը հոկտեմբերին ծրագրում է խոշոր հարձակում միջանցքի հարավային և հյուսիսային հատվածներում։

Թեժ մարտերի ընթացքում հայկական ուժերին հաջողվում է թուլացնել թշնամուն, ապա հակահարձակման արդյունքում՝ իրար հետևից վերցնել կարևոր դիրքեր՝ թշնամուն ստիպելով նահանջել Կուբաթլուի շրջանի խորքը:

Այդ ժամանակ չհամակերպվելով իր պարտության հետ՝ հակառակորդն այս անգամ ակտիվ մարտական գործողություններ է սկսում միջանցքի հյուսիսում՝ Ղոչազ լեռան ուղղությամբ։ Հայ ազատամարտիկները, սակայն, հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները, զարգացնում իրենց առաջխաղացումը՝ ազատագրելով Խրմանլար գյուղը, ապա վնասազերծում Մազմազակ գյուղում տեղակայված ռազմական հենակետերը։

Հայկական ուժերի կողմից ձեռնարկած վճռական մարտական գործողությունների շնորհիվ ապահովվում է Ստեփանակերտ-Լաչին-Գորիս երթևեկությունը:

Այս տարիներին թվում էր, թե թուրքերն այստեղով այլևս չեն անցնի: Վերջին պատերազմը ցույց տվեց, որ սխալվում էինք…

Եթե ռուսական կողմն օրերի ընթացքում որևէ լուրջ բան չձեռնարկի կամ չհաջողվի հաջողության հասնել գազատարի մասով, շատ ծանր և անկանխատեսելի իրավիճակ կարող է առաջանալ Արցախում: Ադրբեջանի ՊՆ-ն և ԱԳՆ-ն մինչ այս պահը, ի դեպ, լռություն են պահպանում:

Իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, թերևս, հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանը իրեն և Արցախին, կոպիտ ասած, գցել է: Ցավոք, շատ ուշ է դա հասկացել:

Այսօր Արցախում խնդիրները հասկանում են, ինչպես որ կա: Այլ դրական բան էլ կա՝ քաղաքական ուժերն այս իրավիճակում միասնական են՝ անկախ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ կապված վերապահումներից:

Խնդիրն այն է, որ Արցախի ճակատագիրը հանձնված է Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի բարեհաճությանը, իսկ ՌԴ-ն այսօր իր խնդիրներն ունի, և Արցախը, որքան էլ ինչ-որ առումով առավել կտրուկ քայլեր ցանկանա տեսնել ՌԴ-ից, չի կարող այդ մասին բարձրաձայն պահանջել, որովհետև նախ՝ խաղաղապահները շատ մեծ լիազորություններ չունեն, երկրորդ՝ եթե Ադրբեջանը սահմանը հատում է, արցախցին ռուս խաղաղապահի մոտ է վազում, որ գոնե ժամանակավոր ադրբեջանական սադրանքները լռեցվեն, ուստի ստիպված են ինչ-ինչ բաներ «կուլ տալ», թերևս:

Արցախին շրջափակման մեջ թողնելը Թուրքիայում մշակված պատերազմական սցենարում կար. առաջին հարվածով նպատակ կար Ղարաբաղի մասով կտրել Իրանի սահմանը և հասնել Մեղրի, երկրորդով՝ փակել Լաչինի միջանցքը, Արցախը թողնել շրջափակման մեջ:

Վերջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից հատուկ նշանակության ջոկատայիններից կազմված հարվածային միավորման հրամանատարի, Շուշիի գրավման օպերատիվ խմբի ղեկավարի պարտականությունները կատարած Թեհրան Մենսիմովն ինքն էր հայտարարել՝ «կարևոր խնդիր էր դրված՝ հասնել Լաչին»:

Այլ հարց է, որ նպատակին հասնելու համար սկզբում դժվարություններ են ունեցել և ստիպված են եղել փոխել օպերացիայի ուղղությունը և Լաչինի գրավման պլանները: Այս մասին 168.am-ը մանրամասն գրել էր:

Իսկ արդեն այս ամռանը Բերձոր քաղաքը կարող է անցնել Ադրբեջանի վերահսկողության տակ:

Բայց Նիկոլ Փաշինյանին, ինչպեսև Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին, հետաքրքրում է հաղորդակցության ուղիների բացումը:

Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական ջանքերը պետք է ուղղված լինեն այս նպատակին, և ոչ՝ Արցախի կարգավիճակի որոշմանը:

Մարտի 10-ին Էրդողանն ու Ալիևն էլ 4 ժամ հենց սա են քննարկել՝ ապաշրջափակում, «Զանգեզուրի միջանցքի» իրականացում, նաև՝ 2020-ի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ ամրագրված բոլոր դրույթների կատարման կարևորության հարցը:

Ապրիլին սպասվում է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա:

Փաշինյանն ակնկալում է բարձր մակարդակով և հարուստ բովանդակությամբ այց:

Թե ի՞նչ ասել է՝ «հարուստ բովանդակություն», պարզ չէ: Բայց հաշվի առնելով այս տեսակ նախկին այցերի փորձերը, պետք է զգուշանալ, դրանք միշտ թանկ են նստում Արցախի ու Հայաստանի վրա:

Տեսանյութեր

Լրահոս