Խոսում էին Գետաշենը գրավելու մասին. արթնացան-տեսան՝ Շուշի ու Հադրութ են հանձնել. Սաթիկ Սեյրանյան
«Պատերազմի հետևանքներից է այն ծանր իրողությունը, որ Հայաստանում հասարակության մոտ կա լրջագույն անվստահություն պետական պաշտոնական մարմինների տարածած տեղեկատվության, պաշտոնական խոսքի նկատմամբ»,- «Հետպատերազմյան Հայաստան. Հայկական օրակարգը» թեմայով քննարկման ընթացքում նշեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:
ՀԺՄ նախագահը ցավալի իրողություն համարեց այն, որ հասարակության մի հատված պետությունն ասոցիացնում է իշխանությունների հետ, և 44-օրյա պատերազմից հետո պաշտոնական խոսքի, հետևաբար՝ նաև պետության նկատմամբ վստահությունը լրջագույն նահանջ է գրանցել:
«Պետությունը, իշխանություններն ամեն օր խաբում էին մարդկանց, և նրանք նոյեմբերի 10-ից հետո արթնացան բոլորովին այլ իրականությունում։ Առանձին ներկայացուցիչներ, պաշտոնյաներ սոցիալական ցանցերում կամ այլ հարթակներում խոսում էին Գետաշենը գրավելու մասին, մարդիկ արթնացան ու տեսան, որ Շուշին և Հադրութն են հանձնել»,- հավելեց Սաթիկ Սեյրանյանը։
ՀԺՄ նախագահի համոզմամբ՝ իշխանությունները շարունակում են թիրախավորել մամուլին և պատերազմից հետո ներկայացնում են, թե իշխանություններն ամեն ինչ փորձում են անել, սակայն մամուլը «չի թողնում աշխատել»։
«Մեծ անջրպետ է առաջացել այդ իմաստով։ Ցավալին այն է, այո, որ հասարակությունն իշխանությունը պրոյեկտում է պետության վրա, և այստեղ անելիքներ ունենք»,- պարզաբանեց Սաթիկ Սեյրանյանը։