ՀՀ ԿԲ-ից վստահեցնում են՝ հետևում է ՌԴ ֆինանսական շուկաների զարգացումներին

Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ռուբլու փոխարժեքի տատանումը Հայաստանում տնտեսական վայրիվերումների պատճառ դեռևս չի դարձել, այդուհանդերձ, պետք չէ տնտեսագետ լինել՝ կանխատեսելու համար, որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի կոշտ պատժամիջոցների նոր փուլը խորապես կազդի նաև Հայաստանի տնտեսության վրա:

Տրանսֆերտներ, արտահանում, բանկային համակարգի խնդիրներ, գազի սակագին, աշխատաշուկա. սրանք այն հիմնական հատվածներն են, որտեղ զգալի կլինեն արևմտյան պատժամիջոցների հետևանքները:

Ի դեպ, թեմայով դեռ տարեսկզբի ասուլիսում մտահոգություններ էր հայտնել ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ ասելով. «Ամենաանցանկալի բանը, որը 2022 թվականին կարող է տեղի ունենալ, պատերազմական սցենարն է, որի հետևանքով Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ կկիրառվեն որոշակի սանկցիաներ: Բնականաբար, ազդեցության չափն ու մակարդակը մեր տնտեսության վրա կախված կլինի, թե ինչ տիպի սանկցիաներ են կիրառվելու Ռուսաստանի վրա:

Եթե սանկցիաները ներառեն նաև ֆինանսական հատվածը, բնականաբար, Ռուսաստանում ամենայն հավանականությամբ տեղի կունենա ազգային արժույթի արժեզրկում, ինչի հետևանքով մենք մեր մրցունակությունը որոշակիորեն կկորցնենք ՌԴ տնտեսության հանդեպ։ Դա դեռ ամենաթեթև բաներն եմ ասում:

Ֆինանսական հատվածից եկող ռիսկերը շատ ավելի մեծ են, որովհետև մեր հարաբերությունները սպասարկվում են նաև ռուսական բանկերի միջոցով. արդյոք այդ ռուսական բանկերի նկատմամբ որոշակի սահմանափակումներ դնելը նաև անդրադառնալո՞ւ է Հայաստանի վրա՝ հայելային սահմանափակումներ դնելով, թե՞ ոչ։ Սցենարներ են, որոնք այս պահին անորոշություն են պարունակում»:

168.am-ն այսօր Կենտրոնական բանկից փորձեց տեղեկանալ, թե ինչպե՞ս է ԿԲ-ն գնահատում «անցանկալի» իրադարձությունների հնարավոր հետևանքները ՀՀ տնտեսության վրա:

Ի պատասխան՝ Կենտրոնական բանկից մեզ ընդամենը փոխանցեցին. «Ի պատասխան Ձեր հարցման հայտնում ենք. ՀՀ կենտրոնական բանկն ուշադիր հետևում է Ռուսաստանի Դաշնության ֆինանսական շուկաների զարգացումներին, մշտապես հաղորդակցվում է ֆինանսական շուկայի մասնակիցների հետ և տիրապետում է բոլոր հնարավորություններին ու գործիքներին Հայաստանի Հանրապետությունում գների և ֆինանսական կայունության ապահովման համար»:

Տեսանյութեր

Լրահոս