Ռուս-ադրբեջանական հռչակագիրը նույնիսկ մոտ չէ Շուշիի հռչակագրի կշռին. Վադիմ Դուբնով

44-օրյա պատերազմից գրեթե մեկուկես տարի անց՝ փետրվարի 22-ին, ՌԴ նախագահի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հաջորդ օրը, Մոսկվայում ՌԴ-ի և ԱՀ նախագահները դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր ստորագրեցին: Բավականին ջերմ մթնոլորտում անցած Պուտին-Ալիև հանդիպման գլխավոր հանգրվանը 43 կետ պարունակող դաշնակցային գործընկերության մասին հռչակագրի ստորագրումն էր ռուս-ադրբեջանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ, որով ռուս-ադրբեջանական հարաբերությունների մակարդակը հավասարեցվեց հայ-ռուսական հարաբերությունների ներկայումս միայն թղթի վրա գրվող դաշնակցային հարաբերությունների բնույթին: «Այս փաստաթուղթը կդառնա երկկողմ հարաբերությունների զարգացման նոր փուլ, և դա, անշուշտ, հնարավոր դարձավ ղարաբաղյան կարգավորման ձեռքբերումից հետո, դեռ ամբողջությամբ լուծված չէ, բայց առաջընթաց կա դրա լուծման հարցում»,- արձանագրեց Պուտինը: Իսկ ըստ Ալիևի՝ այս այցը կմնա Ռուսաստանի և Ադրբեջանի միջպետական հարաբերությունների պատմության մեջ: 43 կետանոց հռչակագրում արձանագրված է՝

  • դաշնակցային փոխգործակցության, անկախության, պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և երկու երկրների պետական սահմանների անձեռնմխելիության նկատմամբ փոխադարձ հարգանքի մասին,
  • կողմերն արձանագրում են, որ ձեռնպահ են մնում ցանկացած գործողությունից, որը կողմերից մեկի կարծիքով, վնասում է երկու պետությունների ռազմավարական գործընկերությանը և դաշնակցային հարաբերություններին,
  • ընդունում են՝ 2020 թ․ նոյեմբերի 9/10, 2021 թվականի հունվարի 11 և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարությունները հիմք են հանդիսացել կայունության և անվտանգության ամրապնդման, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման համար,
  • վճռականորեն զսպում են իրենց տարածքներում կազմակերպությունների և անձանց գործունեությունը` ուղղված մյուս կողմի պետական ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ,
  • խորացնում են փոխգործակցությունը Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև,
  • արձանագրում են՝ կարող են դիտարկել ՄԱԿ-ի կանոնադրության, առանձին միջազգային պայմանագրերի հիման վրա միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը՝ հաշվի առնելով գործող միջազգային և կողմերից յուրաքանչյուրի իրավական պարտավորությունները,
  • ձեռնպահ են մնում միմյանց դեմ ուղղված ցանկացած գործողությունից, ներառյալ՝ երրորդ պետությունների միջոցով իրականացվող գործողությունները,
  • ձեռնարկում են արդյունավետ միջոցներ՝ ապահովելու մի կողմի քաղաքացիների և իրավաբանական անձանց օրինական իրավունքները և շահերը մյուս կողմի տարածքում՝ իրենց միջազգային պարտավորություններին և ազգային օրենսդրությանը համապատասխան,
  • Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը զերծ կմնան մյուս կողմի շահերին ուղղակի կամ անուղղակի վնաս պատճառող ցանկացած տնտեսական գործունեություն իրականացնելուց:
  • կդիտարկեն ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացման հնարավորությունները։

Ստորագրությունն ավելի կարևոր է, քան ստորագրվածի բովանդակությունը

Ռուսաստանցի վերլուծաբան, «Էխո Կավկազա»-ի լրագրող Վադիմ Դուբնովն ասաց, որ իր համար լիովին հասկանալի չէ, թե այս հռչակագիրն ինչով է տարբերվում կամ ինչ է ավելացնում 2008 թվականին ստորագրված ռուս-ադրբեջանական համաձայնագրին, որում գրված են այն բոլոր հիմնարար հարցերը, որոնք ներառված են այս հռչակագրում:

Ըստ նրա, նախորդ փաստաթղթում ևս խոսքը ռազմական փոխօգնության, տնտեսական համագործակցության և մյուս բոլոր հարցերի մասին է: «Պարզապես այստեղ կա մի ակնառու կետ, որը չկա նախորդում։ Խոսքն այն մասին է, որ կողմերը պետք է ունենան քաղաքական մոտ պատկերացումներ, մոտ քաղաքական դիրքորոշումներ որոշ հարցերի վերաբերյալ: Ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում դա ուշագրավ կետ է, որը ցույց է տալիս այս միջոցառման մոտիվներից մեկը՝ Թուրքիայի սառը վերաբերմունքը ռուսական նախաձեռնությունների նկատմամբ: Մոսկվան տեսել է հնարավորություն՝ ավելի հատուկ հարաբերություններ կազմել Ադրբեջանի հետ, գտնել մի անցք Բաքվի և Անկարայի միջև, որը Մոսկվայի համար կարևոր է, և ես կարծում եմ՝ այդ անցքը գոյություն ունի՝ այն միշտ է եղել, պարզապես ոչ այնքան լայն է եղել, որպեսզի Ադրբեջանը զգա ռիսկեր թուրքական կողմից ու համաձայնի Մոսկվայի առաջարկին»,- ասաց Դուբնովը:

Նրա խոսքով՝ այս հարաբերությունները բավականին կարևոր են, որովհետև խաղաղապահների առաքելության ավարտի հարցը սարերի ետևում չէ, բոլոր կողմերը հասկանում են, որ խաղաղապահները կմնան, ուստի վատ չէր լինի կառուցել այնպիսի հարաբերություններ, որոնց դեպքում սկանդալներ չեն առաջանա. դա պետք չէ ո՛չ Բաքվին, ո՛չ Մոսկվային:

«Ես այնքան էլ չհասկացա հեռանկարները, որոնք նշված են ատոմային էներգիայի հետ կապված դրույթում: Ես դրա մասնագետը չեմ, գուցե դա ինչ-որ կերպ կապված է ռուս-թուրքական օրակարգի հետ, սակայն մի շարք հարցերի ներառումը հռչակագրում նշանակում է, որ կիրառական հարցեր են քննարկվել»,- ասաց Դուբնովը՝ շարունակելով, որ սա հռչակագիր է, որը նույնիսկ Շուշիի հռչակագրին համազոր փաստաթուղթ չէ, ինչը հարաբերությունների նոր մակարդակի ամրագրում էր:
Վերլուծաբանն ասաց, որ եթե Շուշիի հռչակագրին հետևում էին կոնկրետ գործողություններ, ապա այս դեպքում, մեծ հաշվով, նոր բաներ չկան: «Այս միջոցառումն ինքնին կարևոր էր ստորագրությամբ և ոչ նրանով, ինչ ստորագրվում է»,- ընդգծեց Դուբնովը:

Անդրադառնալով տարածքային ամբողջականության ճանաչմանը փաստաթղթով, որը 44-օրյա պատերազմից հետո լիովին այլ իրրավիճակ է ենթադրում՝ Դուբնովն ասաց. «Հայաստանում ինչ-որ ժամանակ տեսել են, որ Ռուսաստանը չի՞ պաշտպանում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Դա չի նշանակում Հայաստանի տարածքային ամբողջականության անտեսում: Ինչ վերաբերում է ռազմական օգնությանը և որպես խնդրահարույց քննարկվող մի շարք այլ կետերի, ապա դրանցում նոր որևէ բան չկա, գրեթե նույնն է, ինչ 2008 թվականին»,- նշեց Դուբնովը:

Հռչակագիրը հնարավոր դարձավ Հայաստանի պարտության շնորհի՞վ

Հարցին՝ ինչպե՞ս մեկնաբանել ՌԴ նախագահի այն խոսքը, թե երկկողմ հարաբերություններում նոր փուլը հնարավոր եղավ դեռևս մինչև վերջ չկարգավորված, սակայն ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթացի հասնելուց հետո, կարելի՞ է մեկնաբանել, որ Հայաստանի պարտության հաշվին Ռուսաստանը հասավ Ադրբեջանի հետ հարաբերություններում նոր մակարդակի, ինչը կարող է նշանակել, որ Ռուսաստանը կարող էր հետաքրքրված լինել հենց պարտության մեջ, Դուբնովն արձագանքեց՝ ասելով, որ այդ թեզում մի փոքր ուղղում է պետք մտցնել, որ ոչ թե պարտության հաշվին, այլ պատերազմից հետո դա հնարավոր դարձավ:

«Պատերազմից և այդ պարտությունից հետո տարածաշրջանային դասավորվածությունները փոխվեցին, և դրանք թույլ տվեցին Մոսկվային հասնել նրան, ինչը միշտ ցանկացել է՝ դառնալ մենաշնորհ ունեցող երկիր, մեծ փաթեթ ձեռքում Հայաստանի հարավային սահմանների շուրջ գտնվող հաղորդակցական հաբի հարցում: Մոսկվային սա միշտ է հետաքրքիր եղել, Մոսկվան համբերատար սպասել է, թե ինչով կավարտվի այս ամենը: Պարտադիր չէր, որպեսզի Հայաստանը պարտվեր պատերազմում, կային նաև այլ տարբերակներ, իրադարձություններն ընթացան այլ սցենարով, սա ևս ընդունելի է Մոսկվայի համար: Բայց դա չի նշանակում, որ Մոսկվան դրանով հետաքրքրված էր»,- ասաց Դուբնովը:

Հայ-ռուսական հարաբերությունները դաշնակցային չեն

Նրա կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերությունները մշտապես եղել են ոչ հավասարազոր հարաբերություններ, մշտապես «տրավմաներով» ուղեկցվող հարաբերություններ, և երբ ասում են՝ դաշնակցային, դա ծիծաղելի է հնչում, եթե ոչ՝ այդքան տխուր:

Դուբնովի համոզմամբ՝ ՀՀ իշխանությունները սեփական գոյատևման քաղաքականություն են վարում, ինչպես, ըստ նրա, ՀՀ բոլոր իշխանությունները, և ապագայում ևս իներցիայով դա այդպես է լինելու: «Գաղափարական մոտիվներ ես այս ամենում չեմ տեսնում: Կա մի անհասկանալի ձևակերպում, թե քաղաքականությունը ռուսամետ, արևմտամետ չէ, այլ հայամետ է կամ հայակենտրոն, երբ ամեն ինչ ողջ աշխարհում դիտարկվում է մի պրիզմայից, որը օբյեկտիվ չէ, սա բավականին վտանգավոր է»,- ասաց վերլուծաբանը:

Ինչո՞ւ է Փաշինյանը մեկնելու Մոսկվա

Անդրադառնալով Փաշինյան-Պուտին գարնանը սպասվող հանդիպման օրակարգին՝ Դուբնովն ասաց, որ այն, ինչ Մոսկվան ցանկանում է Հայաստանից ստանալ, ստանում է այլ խողովակներով, առանց անձնազրույցների, հանդիպումների: «Փաշինյանի հետ հանդիպումը լինելու է որոշակի պահմանավորվածությունների ամրագրում, և պարզապես Ալիևի հետ նման արարողությունից հետո չի կարելի Փաշինյանի հետ ինչ-որ սիմետրիկ բան չանել»,- հստակեցրեց վերլուծաբանը:

Ռուսաստանի հետ միութենական պետություն. ո՞ւմ է հարկավոր

Վադիմ Դուբնովը հայ-ռուսական հարաբերությունների կոնտեքստում անդրադարձավ նաև Ռուսաստանի հետ միութենական պետության հեռանկարներին, որի թեման վերջերս Սոլովյովին տված հարցազրույցում Հայաստանի հասցեին արված քամահրական ձևակերպումներով անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նա նշեց, որ մտավախություն ուներ, որ ՀՀ իշխանությունները դեսպանին չեն կանչի, երբ դեսպանին կանչեցին, սկանդալը մի փոքր մեղմվեց և դադարեց սկանդալ լինել: «Լուկաշենկոն սեփական խաղն է խաղում, ներքաղաքականը փոխարինում է արտաքին քաղաքականով, և Հայաստանն այս իմաստով իրեն պետք եկավ, չէի գերագնահատի Լուկաշենկոյի ասածները»,- ասաց նա: Հարաբերությունների բնույթի հարցում, նրա խոսքով, այն, ինչ կա, բոլորին բավարարում է:

Տեսանյութեր

Լրահոս