Արցախում հայկական մշակութային ժառանգության վերացումն ու նենգափոխումը կանխելու պահանջով ակցիա՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև

ՄԱԿ-ի գրասենյակի առջև այսօր մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին մեկ պահանջով՝ «Կանխել Արցախում Հայկական մշակութային ժառանգության վերացումն ու նենգափոխումը»: Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն ՀԿ-ի նախագահ Գայանե Աբրահամյանը տեղեկացրեց՝ բողոքի ակցիան մի շարք ՀԿ-ների, հասարակական գործիչների նախաձեռնությամբ է:

«Մենք դեռևս նախորդ տարվանից նամակ էինք հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան` բարձրացնելով մշակութային ժառանգության վերացման խնդիրը: Դրանից հետո եղավ իրավական ընթացք. մեր կառավարության իրավական հարցերով ներկայացուցիչը դիմեց Հաագայի դատարան, մենք ունեցանք արդեն վճիռ, կարծում եմ՝ սա պատմական նշանակության և կարևորության վճիռ էր: Իհարկե, միջանկյալ վճիռ էր ու վերաբերում էր հենց մեր մշակութային ժառանգության պահպանմանը, պարտավորեցնում է Ադրբեջանին բացառել մշակութային ժառանգության հուշարձանների վերացումը, նաև մանրամասն հստակեցնում է, թե որոնք են այդ հուշարձանները, պարտավորեցնում է բացառել դրանց նկատմամբ վանդալիզմի որևէ գործողություն, բացառել  դրանց ձևախեղումը, նաև  յուրացումը, և պատժել արդեն իրականացված գործողությունների համար:

Սակայն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շատ ավելի սանձարձակ գործողությունների է անցնում, փոխում է իր մարտավարությունը, և խնդիրը տանում է այլ դաշտ` ըստ էության իրեն դուրս բերելով իրավական դաշտից: Իրենք հիմա պնդում են, որ այն ժառանգությունը, որ մենք ունեինք դարեր շարունակ Արցախում՝ հայկական չէ»,- հավելեց Գայանե Աբրահամյանը:

Նա նշեց նաև, որ այս խնդրի ուղղությամբ պետք է աշխատել և՛ քաղաքական, և՛ հասարակական, և՛ պաշտոնական խողովակներով՝ նկատելով, որ չի կարծում, թե պարտավորությունը բացառապես պետությանն է:

«Այո՛, պետությունը, պաշտոնյաները ունեն հսկայական մեխանիզմներ գործարկելու, բայց ես կարծում եմ՝ մենք՝ որպես հասարակություն, շատ ավելին կարող ենք իրականացնել, քան մեզ թվում է  շատ հաճախ»,- շեշտեց նախկին պատգամավորը:

168.am-ի հարցին՝ արդյո՞ք պետությունը, պաշտոնյաները գործարկում են  այդ մեխանիզմները, Գ. Աբրահամյանը դրական պատասխան տվեց:  Հստակեցմանը՝ ի՞նչ են անում, տեղյա՞կ է արդյոք, արձագանքեց. «Իրավական հատվածով շատ բաներ ուղղակի չի կարող ասվել, և Եղիշե Կիրակոսյանն այս օրերին էլ հսկայական աշխատանք է տանում,  դրանում ոչ մի կասկած չունեմ: Բայց հայտարարություններ, բնականաբար, չեն կարող անել,  որովհետև դրանք բոլորը փակ գործընթացներ են, որովհետև, եթե մի բան իմացվի, հասկանալի է, որ հակընդդեմ գործողություններ են արվելու Ադրբեջանի կողմից: Քաղաքական տեսանկյունից ևս դրանք բավական խնդրահարույց կարող լինել, եթե շատ հրապարակային արվեն»:

Լրագրողները հիշեցրին, սակայն, որ այս օրերին Շուշիի թանգարանի տնօրենն ահազանգում է ցուցանմուշների պահպանության խնդիրների մասին՝ նկատելով, որ սա պետության անելիքների թվում է: Ի պատասխան՝ Գայանե Աբրահամյանը նշեց. «Ես հենց այդ խնդրին ծանոթ չեմ, մանրամասները չգիտեմ, բայց այն, որ մենք ներսում բազմաթիվ խնդիրներ ունենք, դա չեմ հերքում, բայց դա որևէ կերպ այս պահին մեզ չպետք է  կանգնեցնի, որովհետև մենք ներսում կարող ենք ինչ-որ ժամանակ այդ խնդիրները լուծել, բայց այն, ինչ տեղի է ունենում Արցախի գրավյալ տարածքներում, դրանք օրերի, ամիսների հարց են. եթե մենք այսօր չգործենք, մենք ուղղակի կկորցնենք»:

Հիշեցնենք՝  2021 թ․ դեկտեմբերի 7-ին Հաագայի դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին՝ «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ կանխելու և պատժելու վանդալիզմի դրսևորումները հայկական մշակութային ժառանգության նկատմամբ, ներառյալ` պաշտամունքի վայրերի, հուշարձանների, գերեզմանատների և այլն»-ի դեմ:

Երեկ խնդրին անդրադարձել են նաև Եվրոպական խորհրդարանի անդամները՝ ահազանգելով Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման վտանգի մասին և  դատապարտելով հայկական եկեղեցիները իբրև «աղվանական» ներկայացնելու, դրանցից հայկական հետքերը վերացնելու՝ Ադրբեջանի մշակույթի նախարարության նախաձեռնությունը: Եվրոպացի պատգամավորները Թվիթերում կոչ էին արել միջազգային հանրությանը՝ գործի անցնել և դատապարտել Ադրբեջանի այդ գործողությունները:

ՅՈւՆԵՍԿՕ-ն ևս անդրադարձել է Արցախի Հանրապետության՝ 2020 թ. պատերազմից հետո ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության շարունակական պղծման, ձևախեղման և ոչնչացման դեպքերի մասին ահազանգերին: ՅՈւՆԵՍԿՕ-ն աշխատում է Լեռնային Ղարաբաղ տեխնիկական անկախ առաքելություն ուղարկելու ուղղությամբ. հայտնել են ՅՈւՆԵՍԿՕ-ի մամուլի գրասենյակից։

Տեսանյութեր

Լրահոս