Բաժիններ՝

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտից Շուշիի թանգարանի գոգերի հավաքածուն հանվել է. ԿԳՄՍ նախարարությունը տեղ է փնտրում

Դեկտեմբերի վերջին Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մեկ տարի Շուշիի գորգերի թանգարանից մի կերպ փրկված և ցուցադրվող գորգերի հավաքածուն հանվել է, տեղափոխվել մեկ այլ սրահ, որտեղ կպահվեն ամենաշատը մեկ ամիս՝ առանց ցուցադրության:

«Հույս ունեի, որ այդ մեկ տարվա ընթացքում համապատասխան մարմինները լուծում կտան հարցին, քանի որ սա միակ փրկված թանգարանն է ու միակ գորգերի թանգարանը՝ ամբողջ Հայաստանում: Սա սովորական հավաքածու չէ, թանգարանային նմուշներ են: Շուշիի գորգերի թանգարանը հիմնադրվել է 2011թ., իսկ նախադրյալները վաղուց են եղել, քանի որ հարևան պետությունը պետական մակարդակով խնդիր էր դրել հայ մշակույթը յուրացնելու՝ ակադեմիական աշխատանքներով, թանգարաններ բացելով: Նրանք արցախյան գորգերը դեռևս խորհրդային ժամանակներից ժողովրդից ձեռք էին բերում, իսկ 1994 թվականից հետո գորգավաճառները այդ գորգերը սկսել են ժողովրդից ձեռք բերել: Ես պարզ տեսնում էի, որ եթե այդ ամենը բնօրրաններից կտրվի՝ այլևս չենք կարողանալու ապացուցել, որ մերն է եղել այդ մշակույթը: Ես սկսեցի գորգերը ձեռք բերել, արձանագրել բոլոր նմուշները, սկզբնաղբյուրը»,- մեզ հետ զրույցում ասաց Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանը՝ հավելելով, որ Շուշիում երկու շենք է եղել, մեկը պահոցն է եղել, մյուսը՝ բուն թանգարանը:

2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ հաջողվել է տարհանել թանգարանի նմուշների կարևոր մասը: Տոկոսային առումով թանգարանի նմուշների 70 տոկոսը փրկվել է, 30-ը՝ մնացել Շուշիում:

«Կարևոր բաները հաջողվեց փրկել՝ մի 120 գորգ, իսկ 600 նմուշ միջին դարի, մ.թ.ա 90 խեցեղեն, քարե և բրոնզի դարերի իրերը չհաջողվեց փրկել, դրանք մնացին ֆոնդի շենքում: Փրկված նմուշները հանձնվեցին Հայաստանի պատմության թանգարանին, այնտեղ մնաց մինչև հունվար ամիս, այնուհետև պայմանավորվեցինք Ճարտարապետության թանգարանի տնօրենի հետ և ցուցադրություն բացեցինք: Տնօրենն ասաց, որ 6 ամսով պայմանագիր կնքենք, և եթե այցելություններ լինեն, էլի կերկարաձգենք մինչև մեկ տարի, ու այդպես էլ եղավ: Իսկ մեկ տարի անց՝ դեկտեմբերի վերջին, ասացին, որ պետք է ցուցադրությունը հավաքենք: Հիմա ամեն ինչ հավաքել ու պահեստավորել ենք: Նախորդ շաբաթ Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունից ինձ հրավիրեցին, ասացին, որ հարցը ուշադրության ներքո է և լուծում են փնտրում: Հանդիպել եմ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանի հետ: Առաջարկեցի Մոսկովյան 11 հասցեում գտնվող շենքն ու ԱՕԿՍ-ի շենքը: Ուզում եմ, որ մի բան ստացվի, արդեն ամոթ էլ է, չպետք է այսպես լիներ»,- նշեց Վարդան Ասծատրյանը:

Նա հավելեց՝ արձագանքել են նաև Արցախից:

«Ասացին՝ հավաքածուն պատրաստ են ընդունել «Ղարմետաքս» կոմբինատի տարածքում, բայց ես պատասխանեցի, որ կհամաձայնեմ տանել, եթե թանգարանը դառնա պետական: Արձագանքեցին՝ թանգարանի կարգավիճակին կանդրադառնան երկու տարի հետո: Այդ տարածքը սեփականատեր ունի, պետական չէ, ես իրավունք չունեմ վտանգի ենթարկել, քանի որ սա միակ թանգարանն է, որը մնացել է Արցախից: 30 տոկոսը Հադրութի գորգ է»,- եզրափակեց Շուշիի գորգերի թանգարանի տնօրենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս