«Ալեքսանդր Գրիգորևիչի վերլուծությունները ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի հետ կապ չունեն». Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Բելառուսի նախագահի հայտարարությանը և ՀՀ-ում Բելառուսի դեսպանին ԱԳՆ կանչելու մանրամասներին։

«Վստահ եմ, որ ծանոթացել եք երեկ մամուլում տարածված ԱԳՆ-ի մեկնաբանությանը խնդրո առարկայի վերաբերյալ, ուզում եմ կրկին վերահաստատել՝ Ալեքսանդր Գրիգորևիչի ինքնատիպ աշխարհաքաղաքական վերլուծությունները, մեկնաբանություններն առաջին անգամ չեն, որ արժանանում են միջազգային տարբեր գործընկերների ուշադրությանը, քննարկման առարկա են դառնում տարբեր երկրներում, այդ թվում՝ մեր երկրում։

Պետք է կրկնեմ, որ այս ձևակերպումներն ուղղված էին սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը, և վստահ պետք է լինեք, որ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգի հետ այն որևէ առնչություն չունի»,- նշեց Արարատ Միրզոյանը։

Նա ընդգծեց, որ փետրվարի 8-ին ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ, որտեղ դեսպանին են փոխանցվել Արտգործնախարարության այն համոզմունքները, որ բոլոր հայտարարությունները պետք է հաշվի առնեն և հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա, հաշվի առնեն միմյանց շահերը, սուվերենությունը, ինչո՞ւ չէ, նաև այն իրավապայմանագրային և մյուս դաշտերը, որոնց հիման վրա երկու երկրների միջև կա համագործակցություն։

«Այդուհանդերձ ասեմ, որ մենք հետայսու պատրաստ ենք պաշտոնական հայտագրերի դեպքում հնարավորինս աջակցել Բելառուսին զանազան միջազգային հարթակներում»,- հավելեց Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս