Թուրքիայի ԱԳ փոխնախարարն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հարցին

Փետրվարի 3-ին Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Յավուզ Սելիմ Քըրանն Ադրբեջանի դեսպան Ռեշաթ Մամմեդովի հետ մասնակցել է «Քաղաքական, տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամի» (SETA) միջոցառմանը՝ նվիրված Թուրքիա-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ Քըրանը կարևոր է համարել, որ Հայաստանը տարածաշրջանում խաղաղությանը նպաստող մոտեցում ցուցաբերի, հատկապես Ղարաբաղում հրադադարի ապահովման հարցում հավատարիմ մնա իր ստանձնած պարտավորություններին։

«Թուրքիան այս (կարգավորման) գործընթացի համար շատ փորձառու դեսպանի է լիազորել՝ որպես հատուկ ներկայացուցիչ: Նա հունվարի 14-ին իր գործընկերոջ հետ 1-ին հանդիպումն է ունեցել: Այդ հանդիպումների գործընթացն ու բոլոր փուլերը, բնականաբար, մենք շարունակելու ենք մեր ադրբեջանցի եղբայրների հետ երկխոսության պայմաններում: Մեզ համար անփոխարինելի է այս խորհրդակցական խողովակի մշտական բաց լինելը»:

Թուրք պաշտոնյան նախօրեին սկսված Թուրքիա-Հայաստան ուղիղ չվերթները կարևոր փուլ է համարել կարգավորման գործընթացի համատեքստում: Միևնույն ժամանակ տարածաշրջանի խաղաղության և կայունության գործընթացի հաջող ավարտը պայմանավորել է Հայաստանի՝ հրադադարի հաստատման ու ապահովման հարցում իր պարտավորությունների կատարմամբ:

Թուրքիան փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ Թուրքիան միշտ եղել է Ադրբեջանի կողքին, իսկ երկկողմ հարաբերությունները բնութագրել է որպես աշխարհում նմանը չունեցող: Քըրանի խոսքով՝ Թուրքիայի և Ադրբեջանի այս հարաբերությունները իբր խաղաղություն են բերել տարածաշրջան: Զարմանալիորեն պնդել է, որ երկկողմ գործակցությամբ որևէ պետության համար սպառնալիք չեն ստեղծել:

Տեսանյութեր

Լրահոս