Պարտավորված անդրադարձ Ռուբեն Մելքոնյանի ինքնաարդարացման ցավալի փորձերին. Երբ զազրախոսությունն ու անսկզբունքայնությունը դառնում են հակադարձելու միակ փաստարկը
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի՝ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում իմ հասցեին հնչեցված զազրախոսություններին կարելի էր չանդրադառնալ, դրա բովանդակության ցածր որակի, անհամոզիչ լինելու և, ընդհանրապես, այդ մակարդակի մոտեցումներին արժապատիվ լռություն պահպանելու հրամայականից ելնելով։ Այնուամենայնիվ որոշեցի պատասխանել, քանզի իմ պատասխանը զազրախոսությանն ու հայհոյախոսությանը պատասխանելու նպատակ չունի, այլ միջոց է ևս մեկ անգամ բացահայտելու մեր կողքին ապրող բարոյական ու քաղաքական բազմերանգ կենսակերպ ունեցող և մտավորական-գիտնականներ ներկայացող բազմաքանակ պոպուլյացիայի ներկայացուցիչներից մեկին։
Իրեն հումանիստ համարող, բայց ակնհայտորեն հանրային բանավեճի մասնակցելու իմ հրավերից ինքնատիրապետումը կորցրած պատմաբան-արևելագետ Ռ․ Մելքոնյանը գրում է․
«Դեմոյանը վաղուց է դուրս եկել նորմալ տրամաբանության սահմաններից և տարբեր մարդկանց լրջագույն մեղադրանքներ է ներկայացրել, հրավիրել բանավեճի, զրպարտագրեր գրել, հարցազրույցներ տվել, որոնք վաղուց արդեն որևէ բանական մարդու չեն հետաքրքրում»։ Այսինքն, այն ինչ տեղի է ունեցել և տեղի է ունենում Ծիծեռնակաբերդում, բոլոր իր դրսևորումներով, ըստ Ռ․ Մելքոնյանի, տրամաբանության սահմաններից դուրս է և եթե որևէ մեկը հանկարծ հետաքրքրվի իմ կողմից բարձրացվող, այդ թվում՝ քրեորեն հետապնդելի գործերի ու գործարքների թեմաներով, ապա այդ անձը մարդ բանականի կատեգորիայից հաստատ դուրս կմնա։ Գյումրիում այս դեպքում կասեին․ աշխարհ ընչի կֆռռաս․․․
Տխրելու բազմաթիվ առիթներ տվող վերոնշյալ գրությամբ Ռուբեն Մելքոնյանը առավելագույնս փորձել էր խուսափել գլխավոր հարցադրմանը շիտակ ու հստակ պատասխան տալուց․ ի վերջո, ի՞նչ բարոյական ու մասնագիտական չափանիշերով էր նա առաջնորդվել ազգագրագետ Հարություն Մարությանին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն ընտրելիս։ Ամբողջ ողբերգությունն այն է, որ ինձ մահացու ծիծաղ առաջացնող քաղաքական պատվեր կատարողի մեղադրանք է ներկայացնում մի մարդ, ով համաձայնվել է անդամակցել 2018 թ․ հունիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ կազմված ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդին։ Ավելին, այս նույն անձը քվեարկել է Ն․ Փաշինյանի գաղափարական ստնտու, մերօրյա ազգային ողբերգության գլխավոր ճարտարապետ Հրանուշ Խառատյանի թայֆաբազության բոլոր կանոններով ընտրված Հարություն Մարությանի օգտին։ Երեք տարի շարունակ հանրային իմ բազմաթիվ ելույթներում հիշատակել եմ կոռուպցիոն երևույթների մասին, այդ թվում առանձնապես խոշոր չափի գումարների անհայտացման դրվագով, սակայն ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի և ոչ մի անդամ, այդ թվում նաև Ռ․ Մելքոնյանը, այդպես էլ չցանկացան պարզել, թե ի՞նչ գումարների և ի՞նչ հնարավոր հանցագործության մասին եմ ես ակնարկում։ Ուղղակի գերադասեցին լռել՝ այդկերպ անուղղակի մեղսակից դառնալով տեղի ունեցածին։ Այո, այդ լռությունը ոչ այլ ինչ է, քան հանցակցություն։
Բողոքի հաճախականություն որդեգրած Ռ․ Մելքոնյանը փորձեց հիշել բոլոր իմ մեղքերն ու տարբեր անձանց հետ ունեցած խնդիրները՝ նպատակ ունենալով այդ կերպ պատսպարվել իր դեմ հնչեցվող տրամաբանական հարցադրումներին, որոնց, ինչպես պարզ է դառնում վերջինիս արձագանքներից, նա պատասխան չունի։
Վերջին իմ հարցազրույցի ժամանկ ընդամենը մասնագիտական բանավեճի էի հրավիրել թուրքագետներ Ռ․ Մելքոնյանին և Ռուբեն Սաֆրաստյանին, հայ-թուրքական ներկա զարգացումների շուրջ, միաժամանակ շեշտելով հանրությանը վերոնշյալ երկու անձանց կողմից 2018 թ․ սեպտեմբերին կայացած ընտրություններում Հարություն Մարությանին ընտրելու որոշման դրդապատճառները ներկայացնելու և այդ մասին հանրությանն իրազեկելու կարևորությունը։
ԱՅՈ´, տարբեր մանիպուլյացիաների ու քարոզչական աճպարարությունների զոհ դարձած մեր հասարակությունը ՊԵՏՔ է տեղեկացված լինել, թե ովքե՞ր են ապրում մեր կողքին և ու՞մ է հնարավորություն տրվում հանրային տրամադրություններ ու կարծիքներ ձևավորել։ Ընդսմին հասկանալի են Ռ․ Մելքոնյանի վախերը ու թերևս հենց դրանով է պայմանավորված, որ տարբեր դրվագներ հիշելով ու վերհիշելով, մոռացության էր մատնել մեր հանդիպումներից մեկի ժամանակ իրեն ուղղված իմ ընկերական հորդորը՝ Ծիծեռնակաբերդում լարած թակարդից հեռու մնալու, հնարավոր հանցագործություններին ակամայից մեղսակից չդառնալու համար։ Իմ հասցեին հնչեցված զազրախոսությունների ու վիրավորանքների շարանի փոխարեն և իմ մասնագիտական ինքնությունը ճշգրտելու ղոչաղ փորձերի շարքում, այս զգուշացումը հիշատակելը այնքան էլ տեղին չի դիտվել․․․ Ավա˝ղ
Ցավում եմ գիտնական Ռուբեն Մելքոնյանի, մանկավարժ Ռուբեն Մելքոնյանի ու քաղաքացի Ռուբեն Մելքոնյանի համար, բայց ոչ քաղաքական գործիչ Ռուբեն Մելքոնյանի համար, քանզի հենց քաղաքական դիմակի տակ թաքնվելով է, որ հնարավոր է դառնում արագ կերպարանափոխվելն ու մեկ ուրիշին քաղաքական պատվեր կատարելու մեջ մեղադրելը՝ չմոռանալով նաև երրորդ կողմին հաճոյանալու կարևորությունը։
Ռուբեն, քեզ նման անսկզբունքային աշոտ մելքոնյանների, հարություն մարությանների, հրանուշ խառատյանների պատճառով է, որ ազգովի ստիպված ենք վերապրել ու հաղթահարել ևս մեկ ողբերգություն ու խորագույն ճգնաժամ։ Բարոյական երկկենցաղությունն ու արագ գունափոխվելու յուրահատուկ ունակությամբ օժտված քո տեսակը, ցավոք, համատարած է։ Ու ամենագլխավոր հատկություններից մեկն էլ անպատասխանատվության զգացումն է, որով վերաբերվում եք մեր անցյալին, ներկային ու ապագային։
Ի դեպ, հիշեցնեմ, որ 2018 թ․ ապրիլին տեղի ունեցած թավշա խեղկատակության օրերին կիսաժպիտով կիսահերոսի կերպար ընդունած հենց դու էիր, որ խրոխտ կեցվածքով հարցազրույց էիր տալիս, թե ինչպես չես խոչընդոտել ֆակուլտետի ուսանողությանը Հանրապետության հրապարակում բեմադրված մեծ խաբկանք-հանրահավաքներին մասնակցելու համար։ Կարիք կա՞ տեսագրություններ ուղարկելու, թե քեզ էլ է պատել գիտությանը դեռևս անհայտ ազգագրական մոռացկոտության բարոյազուրկ ախտը։
Վերջում վերստին հիշեցնում եմ քեզ հասցեագրված իմ գլխավոր հարցադրումները, որոնց պատասխանները խիստ կարևորում եմ հանրության շրջանում քո իրական կերպարի մասին ճշգրիտ պատկերացումներ կազմելու համար։ Այս հարցադրումներն, ի դեպ, վերաբերում են նաև ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամաներին։ Եվ այսպես, քո խոսքերով ասած, իմ «հիվանդ տրամաբանության շրջանակներում» տրված այս հարցերին ակնկալում եմ պատասխաններ՝ միմիայն քո առողջ տրամաբանության սահմաններում․
ա․ ինչը՞ դրդեց քեզ դառնալ Նիկոլ Փաշինյանի և Հրանուշ Խառատյանի կազմած ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդին անդամ
բ․ բարոյական ու մասնագիտական ի՞նչ հիմնավորումներ ունես ազգագրագետ Հարություն Մարությանին ՀՑԹԻ տնօրենի պաշտոնում ընտրելու քո որոշման հարցում։
գ․ հաշվետու համարու՞մ ես քեզ, այն առումով, որ այդ որոշումը նպաստել է Հայոց ցեղասպանության թանգարանի վարկաբեկմանը, այդ թվում՝ հենց թանգարանում ժխտողականության նոր փորձեր իրականացնելու դրվագով
դ․ չե՞ս գտնում արդյոք, որ հանդիսանալով ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի անդամ, ՊԱՐՏԱՎՈՐ էի հետաքրքրվել, թե ինչ անհետացած գումարների մասին է խոսքը, որի մասին ես պարբերաբար հիշատակում եմ իմ հանրային ելույթներում
ե․ ֆրանսահայ պատմաբան Հարություն Գևորգյանին ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրելով, արդյո՞ք չէիր գիտակցում քո որոշման վտանգավորությունը, հաշվի առնելով վերջինիս ուղղակի կապը մի շարք թուրքական կազմակերպությունների հետ։
Եթե որոշես պատասխանել այս հարցերին՝ փորձիր ամեն կերպ ձեռնպահ մնալ զազրախոսություններից ու խուսափողական լեզվավարժանքներից։ Ակնկալում ենք հստակ ու շիտակ պատասխաններ։ Ի դեպ, հանրային բնավեճի հրավերն ուժի մեջ է և դա եզակի հնարավորություն է ապացույցերով հանդես գալու համար, եթե, իհարկե, այդպիսիք ունես․․․
Հ․Գ․ Մեր հետգրության մեջ ստիպված ենք մեջբերել Ռ․ Մելքոնյանի հետգրությունը․ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և վերջինիս տնօրենի գործունեության մասին իմ գնահատականները կներկայացնեմ առաջիկայում՝ հարմար առիթի դեպքում»․․․Իրո՞ք։ Չլինի թե նման հարմար առիթ ստեղծվեց իմ «հիվանդ տրամաբանությունից» ծնված հարցադրումների արդյունքում․․․
Հայկ Դեմոյան