Թուրքական հատուկ ծառայությունները Ռուբեն Ռուբինյանին նախապատրաստել են հենց այս գործընթացին. Հայկ Դեմոյան

Երեկ ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը կայացավ Հայաստանի և Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումը 2009 թվականի ցյուրիխյան գործընթացներից հետո հայ-թուրքական պաշտոնական առաջին ուղիղ հանդիպումն էր և տևեց 1.5 ժամ, իսկ ավարտից հետո Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարությունները տարածեցին նույն բովանդակությամբ հայտարարություն։

«Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով»,- նշված էր Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայալեզու հաղորդագրության մեջ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով վերը նշված գործընթացին, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը նշեց, որ տարածված նույնաբովանդակ, միօրինակ հայտարարությունները հերթական անգամ ապացուցում են, որ դրանք նախապես են գրվել՝ մինչև հանդիպումը և նախապես համաձայնեցվել են, որպեսզի չկրկնվի Ցյուրիխում արձանագրված միջադեպը, երբ հայկական կողմն իր տարածած հայտարարությամբ պնդում էր մեկ բան, ինչին համաձայն չէր թուրքական կողմը։

«Բայց անկախ այդ հայտարարություններից, ակնհայտ է՝ բուն գործընթացն անհամաչափ է, որովհետև թուրքական կողմն արդեն իսկ հրապարակած նախապայմանները կարող է ավելացնել. կարող է պնդել, օրինակ, Ախուրյանի ջրամբարի ռեժիմը փոխել, կամ Ամասիայի գյուղեր բերել թուրք ներդողների, կամ հայտարարել, որ հայկական ատոմակայանը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար, և ամբողջ խնդիրն այն է, որ մենք այս ամենին ի պատասխան ոչինչ չունենք ասելու։ Որքան պետք է քաղաքականապես բոբիկ լինել, որ քո բուն ցանկությունը՝ առևտուր Թուրքիայի հետ, բացեիբաց ասես՝ լինելով պարտված կողմ։ Ու հենց այս բոբիկությունից է օգտվում Թուրքիան»,- ասաց պատմական գիտությունների դոկտորը։

Նրա փոխանցմամբ՝ վտանգավոր է Հայաստանում տիրող այն մանկամտությունը, որ Վաշինգտոնն ու Ռուսաստանը, եթե կողմ են Թուրքայի հետ հարաբերությունների կարգավորմանը, ուրեմն մենք կարող ենք Թուրքիայի հետ համարժեք քաշային կարգավիճակում լինել, մինչդեռ այդպես չէ, ցանկացած պահի Թուրքիան կարող է դուրս գալ ու տանել սեփական օրակարգը, որովհետև մենք գործ ունենք կայսրության հետ, որը գիտի, որ Հայաստանի համար այսօր թվացող տնտեսական առավելությունը վաղը դառնալու է լուծ։

«Դրանից բացի, վաղը լինելու է պայքար, թե ո՞վ է լինելու հայ-թուրքական հարաբերությունների դիլերը. վաղը գնալու է պայքար Արևմուտքի և Ռուսաստանի միջև»,- ասաց Դեմոյանը՝ նշելով, որ ի թիվս այս ու այլ վտանգների՝ Հայաստանի իշխանությունն ամենևին էլ հետաքրքրված չէ հայկական շահով, ու դրա ապացույցը նշանակված բանագնացն է նաև։

«Թուրքական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում է եղել Ռուբեն Ռուբինյանը, որպեսզի նրան նախապատրաստեն հենց այս գործընթացին»,- փոխանցեց պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս