Երևանը որոշ հաշվարկներ ունի Ղազախստան ուժեր ուղարկելու որոշման հիմքում․ Եվսեև
«Ղազախստանում չափազանց բարդ իրավիճակ է ստեղծվել, որի հիմքում, ամենայն հավանականությամբ, առաջին հերթին ներքաղաքական կոնտեքստն է»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով ղազախստանյան իրադարձություններին ու ՀԱՊԿ որոշմանը՝ միջամտել իրավիճակին։
Նա նախ նշեց, որ Ղազախստանում կային բազմաթիվ սոցիալ-տնտեսական խնդիրներ, դժգոհություններ, և վառելիքի 2 անգամով թանկացումը պարզապես դարձավ առիթ, որպեսզի հանրային պոռթկում տեղի ունենա։ Այսինքն, Եվսեևի խոսքով, խնդիրներն անընդհատ անտեսելը հանգեցնում է անվերահսկելի իրավիճակների՝ փողոցային պայքարի, որը հետո ահաբեկչական բնույթ ձեռք բերեց։
«Կա մեկ այլ կարևոր հանգամանք ևս՝ երկիշխանություն, որը Նազարբաևի, այսպես կոչված, նախագահական աթոռից հեռանալուց հետո երկար պահպանվեց այս երկրում, ինչը ևս երկիրն ապակայունացնող հանգամանք է։ Նախկին նախագահը պետք է դե ֆակտո հեռանար, սակայն նա պահեց իշխանությունը, ազդեցությունը, թուլացրեց ինչ-որ տեղ նաև ներկայիս նախագահին դրանով, թուլացան ուժային կառույցները։ Եթե Նազարբաևը ժամանակին հեռանար, Տոկաևը կամրապնդվեր՝ որպես նախագահ։ Մի քանի գործոնների հետևանքով իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից լիովին, հանգեցնելով նույնիսկ մահերի ու ահաբեկչական տարրերի ակտիվացման։
Վերլուծության թեմա է՝ ինչպես են այդ տարրերը հայտնվել երկրի ներսում կամ գուցե եղել են, սա դեռ ուսումնասիրվում է։ Իրավիճակի վերաբերյալ վերջնական կանխատեսումներ անելը բարդ է, քանի որ իրավիճակը ծանր է, պայթյունավտանգ, թեև իշխանությունն անում է ամեն բան կարգավորելու համար այն, սակայն, ինչպես վերջին օրերին ենք տեսնում, իրավիճակը դեռ վերջնական չի կայունացել։ Ղազախստանում ստեղծված իրավիճակը կարող է մեծ ազդեցություն ունենալ Միջին Ասիայի համար, կարող է նաև հանգուցալուծվել ու չունենալ շարունակություն, սակայն ուշագրավն այն էր, որ կային կանխատեսումներ, որ Միջին Ասիայում իրավիճակն անկայունանալու է, պարզապես Ղազախստանը շատ ավելի քիչ սպասելի սցենար էր, քանի որ ավելի անկայուն ռեգիոններ կային»,- ասաց Եվսեևը։
Նրա կարծիքով՝ ՀԱՊԿ-ից օգնություն խնդրելը ճիշտ որոշում էր, հաշվի առնելով հանգամանքը, որ այն ունենալու է մեծ զսպող դերակատարություն։
Եվսեևի խոսքով, ՀԱՊԿ ուժերը ոչ այնքան տեղում գործողություններ պետք է իրականացնեն, որքան նրանց ներկայությունը կարևոր է լինելու քաղաքական իմաստով։
Հարցին՝ ինչո՞ւ Հայաստանը միացավ Ղազախստան ուղարկվող օգնությանը, Եվսեևը պատասխանեց, որ Երևանը դրա համար իր հաշվարկներն ունի։
Նրա խոսքով, ըստ երևույթին Երևանը ցանկանում է ցույց տալ, որ իրեն չօգնեցին, ՀԱՊԿ մեխանիզմները Հայաստանի դեպքում չեն աշխատել, բայց ինքը կառուցողական գործոն է այդ կառույցում։
Եվսեևը նաև գտնում է, որ Երևանը երևի թե չի բացառում, որ առիթներ կլինեն ՀԱՊԿ-ին դիմելու Հայաստանի կողմից, որովհետև Հայաստանը դեռ չի կարգավորել իր հարաբերություններն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։
«Ինչպես գիտենք, Ռուսաստանն է մեծ թվով զինծառայողներ ուղարկել Ղազախստան, իսկ Հայաստանի կողմից այդ որոշմանը միանալը սիմվոլիկ բնույթ է կրում, Երևանը վստահաբար ունի որոշ հաշվարկներ այդ քայլի հիմքում, որոնք պայմանավորված են այն իրավիճակով, որում այսօր Հայաստանն է»,- ասաց նա։