«Անհատական վերլուծությունների արդյունքում ենք մերժում Արթուր Ղազինյանին». Արմեն Խաչատրյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի խոսքով՝ ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի առաջադրման մանդատն ընդդիմությունից անցել է իշխող խմբակցությանը։ Սակայն իրենք մի քանի անգամ «Հայաստան» կամ «Պատիվ ունեմ» խմբակցություններին հորդորել են, որպեսզի ներկայացնեն իրենց թեկնածուներին։

«Արդեն 3-րդ նիստն ենք մենք անում և 3 անգամ արդեն հնարավորություն ենք տվել, որպեսզի ընդդիմությունը ներկայացնի իր թեկնածուին։ Բայց ինչպես տեսաք, իրենք այսօր ևս թեկնածու չառաջադրեցին, և ստիպված ենք լինելու 5 աշխատանքային օրվա ընթացքում կրկին անդրադառնանք այս հարցին, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է բերում մեր հանձնաժողովի համար։ Կարծում եմ՝ այսօրվա նիստն այն մասին էր, որ ընդդիմությանը հնարավորություն տվեցինք իրենց թեկնածուին ներկայացնելու համար»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Խաչատրյանը։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ այս հարցում օրենսդրական բաց կա, և այսօր նախագիծ է նախապատրաստվում, որպեսզի սահմանափակվեն այն հնարավորությունները, որով անվերջ այս գործընթացը չշարունակվի։ Նախագիծը մշակվում է և հաջորդ տարի կքննարկվի լիագումար նիստերի ժամանակ։

Հարցին՝ հանձնաժողովում ճգնաժամ կա՞, որ նախագահի տեղակալի հարցից զատ, այլ հարց չեն քննարկում, Արմեն Խաչատրյանը պատասխանեց, որ ճգնաժամ չկա, իրականում նախագահի տեղակալն այնպիսի լիազորություններ չունի, որը կարող է ազդել հանձնաժողովի աշխատանքների վրա։

«Ճգնաժամը կայանում է նրանում, որ պարտադրված յուրաքանչյուր 5 օրը մեկ պետք է նիստ գումարենք և քննարկենք թեկնածուի հարց։ Նախագահի տեղակալը փոխարինում է նախագահին, երբ նախագահն ինչ-ինչ պատճառներով տեղում չի լինում։ Ինչ վերաբերում է Արթուր Ղազինյանի թեկնածության մերժմանը, ապա մենք, իհարկե, անհատական վերլուծությունների արդյունքում ենք մերժում Արթուր Ղազինյանին։

Մենք գտնում ենք, որ Արթուր Ղազինյանը չի կարող, նպատակահարմար չէ, որպեսզի զբաղեցնի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը։ Այս մասին մենք բազմիցս խոսել ենք, որքանով տեղյակ եմ, նա առ այսօր չի դիմել, որպեսզի գաղտնիության ռեժիմի թույլտվություն ստանա։ Երբ մենք նրան հորդորեցինք, որ այս հանձնաժողովը գործ է ունենալու բազմաթիվ տեղեկությունների հետ, որոնք պետական ծառայողական գաղտնիք են պարունակում, և պետք է դա ստանալ, սկզբունքայնորեն նա դա մերժեց։ Նա ասաց, որ դեռևս նպատակահարմար չի գտնում ստանալու այդ թույլտվությունը և բազմաթիվ նման հարցեր։ Հիմա չգիտեմ՝ նա դիմե՞լ է, թե՞ ոչ։ Ընդդիմության մեջ, այո, կան թեկնածուներ, մարդիկ, որոնց ներկայացնելու դեպքում հաստատ մենք դրական կքվեարկենք»,- հավելեց նա։

Ըստ նրա, իշխող խմբակցությունն անպայման ուզում է, որպեսզի հանձնաժողովի նախագահի տեղակալը լինի ընդդիմությունից։

Տեսանյութեր

Լրահոս