Բաժիններ՝

ՄՕԿ-ը և ՕԽ կազմակերպիչները ներկայացրել են խաղերի անվտանգ անցկացման մշակված կանոնների 2-րդ տարբերակը

Միջազգային օլիմպիական կոմիտեն և Պեկինի оլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել են խաղերի անվտանգ անցկացման մշակված կանոնների երկրորդ տարբերակը։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Փոփոխվել են պատվաստումներին, ՉԺՀ մուտք գործողների մաքսային պահանջներին, ավիատոմսերի ամրագրմանը, թեստի հանձնմանը վերաբերող և այլ կետեր:

Նորացված փաստաթղթի համաձայն, պատվաստված բոլոր մարզիկները 21-օրյա կարանտին չեն անցնի։

ՄՕԿ-ը և Կազմկոմիտեն կորոնավիրուսի դեմ պայքարի բոլոր անհրաժեշտ միջոցառումներն իրականացնելու համար սերտորեն համագործակցել են համաշխարհային առողջապահական ոլորտի առաջատար փորձագետների հետ:

Անվտանգ միջավայրի ստեղծումը թույլ կտա մարզիկներին ամբողջությամբ կենտրոնանալ Ձմեռային օլիմպիական խաղերի վրա:

Ձեռնարկի երկրորդ հրատարակությունը կազմելիս հաշվի են առնվել ՄՕԿ-ի մարզիկների հանձնաժողովի, միջազգային մարզական ֆեդերացիաների և այլ շահագրգիռ կողմերի մեկնաբանությունները:

Ներկայացված միջոցառումները ձևակերպված են կորոնավիրուսի վերաբերյալ վերջին գիտական հետազոտությունների, փորձագետների կարծիքների և միջազգային մրցույթների կազմակերպիչների փորձի համաձայն:

Կազմկոմիտեն վստահ է, որ նշած կանոններով հնարավոր է նվազեցնել վարակվելու ռիսկը, ապահովել մասնակիցների անվտանգությունը, պաշտպանել տեղի բնակչության առողջությունը։

Հույս է հայտնվում, որ բոլորը խստորեն կհետևեն կանոններին, որպեսզի աշխարհը կարողանա վայելել ձմեռային մարզահանդեսի հմայքը:

ՄՕԿ-ը և Կազմկոմիտեն կշարունակեն ձեռնարկների վերաբերյալ ճեպազրույցները: Դա պայմանավորված է աշխարհում անընդհատ փոփոխվող համաճարակաբանական իրավիճակով, ուստի կողմերը չեն բացառել նոր հակաքայլերի ներդրման հնարավորությունը՝ մինչև 2022թ. խաղերի բացման արարողությունը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս