Ինչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել Նիկոլ Փաշինյանը
ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 41 քառակուսի կիլոմետրը չի ձևավորվել նոյեմբերի 16-ի կամ նախորդ օրվա գործողությունների արդյունքում. «Երեկվա գործողությունների հետևանքով այս բալանսը որևէ ձևով չի փոխվել»:
Հիշեցնենք, որ Էդուարդ Աղաջանյանը երեկ հայտարարել էր, թե Ադրբեջանը օկուպացիայի ներքո է պահում ՀՀ ինքնիշխան շուրջ 41 քառակուսի կիլոմետր տարածք՝ շուրջ 11 տեղամասերում:
Փաշինյանն այս համատեքստում շարունակել է, որ մայիսի 12-ից առաջ էլ շուրջ 40 և ավելի քառակուսի կիլոմետր տարածք եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ առաջին պատերազմի հետևանքով. «Պետք է ասել, որ առաջին պատերազմի արդյունքներով՝ նաև Սովետական Ադրբեջանի տարածքներ կան, որոնք գտնվել են և գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո, և ըստ էության, այս հանգամանքների բերումով է, որ շատ կարևորվում է դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը, որովհետև, երբ ասվում է՝ կամ Ադրբեջանի, կամ մեր կողմից, որ գիտե՞ք՝ Ադրբեջանը մեր տարածքները օկուպացրել է, ինչը ճշմարտություն է, միջազգային հանրության ներկայացուցիչների միջին վիճակագրական ռեակցիան հետևյալն է, որ գիտե՞ք՝ այո, այդպես է, բայց այնպես չէ, որ այդտեղ միանշանակ բալանս կա: Միջազգային հանրությունը մեզ ասում է՝ սկսեք դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթաց, և կողմնորոշվեք՝ ի վերջո, ի՞նչ մեթոդաբանությամբ, ի՞նչ իրավական հիմքերով է դեմարկացիան և դելիմիտացիան տեղի ունենալու, որպեսզի այս հարցը մեկընդմիշտ փորձենք փակել»:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նոյեմբերի 16-ի գործողությունների արդյունքում բալանսը չի փոխվել՝ միևնույն ժամանակ նշելով, որ կան ներխուժված հատվածներ, որտեղ և՛ մենք, և՛ ադրբեջանցիները ունեն դիրքեր, ինչպես նախկինում, սակայն այս ընթացքում այդ դիրքերի բաշխվածությունն անընդհատ փոխվել և փոխվում է:
«Մենք ենք գնում ուրիշ տեղ դիրք դնում, որի արդյունքում իրենց ինչ-որ դիրքերի գոյությունն անիմաստ է դառնում, հանում են՝ տանում են ուրիշ տեղ են դնում: Շատ կարևոր է, որ այս նրբությունը ճիշտ հասկանանք: Ըստ էության, ոչ ավելի խորացել են, ոչ էլ չեն խորացել, այսինքն՝ այդ 41 քառակուսի կիլոմետրի մեջ երեկվա գործողությունների արդյունքում որևէ բան չի փոխվել: Քանի դեռ այս իրավիճակները կան, միջազգային հանրությունը դա դիտում է՝ որպես լարվածության շատ կոնկրետ աղբյուր, և նրանց ակնկալիքն է Հայաստանից և Ադրբեջանից, որ այդ հարցը սկսեն քննարկել, լուծման բանաձևեր դնեն, և դնեն լուծման ռելսերի վրա: Մենք միջազգային հանրության այս ուղերձը ընդունում ենք: Ինչքան էլ Հայաստանում շատ ծանր քննադատության արժանացա, 2021թ. մայիսին եմ հայտարարել, որ այն փաստաթուղթը, որը դրված է սեղանին, ես պատրաստ եմ և պատրաստվում եմ ստորագրել, բայց նաև մեր ներքաղաքական աղմուկի պատճառով այդ պրոցեսը խափանվեց, և դրանից հետո էլ երկու անգամ եղել է առաջարկներ՝ սկսելու, և մենք համաձայնել ենք»,- եզրափակել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ 2021-ի մայիսի 19-ին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը փաստաթուղթ էր շրջանառել, որը, ըստ նրա՝ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել:
«Գանք սկզբից. կապիտուլյացիայից հետո նա ինքն էլ խոստովանեց, որ Ադրբեջանի նախագահի հետ ունի «բանավոր պայմանավորվածություններ»։
Դրանք լուծումներ են, որոնք Հայաստանի դեմ են։ Ահա թե ինչպես է եղել.
Նիկոլը Ալիևին տվել է խոստումներ, որոնց մասին, իրենից բացի, չգիտի ոչ ոք, նույնիսկ Հայաստանի կողմից բանակցող պաշտոնյաները՝ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։
Հունվարին Մոսկվայում ՌԴ նախագահի ներկայությամբ Նիկոլը խոստացել է Ալիևին, որ գարնան սկզբին՝ ձնհալից հետո, շտապ կարգով իրականացնելու է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ամբողջական ու վերջնական դեմարկացիա՝ պնդելով, թե ինքն է միակ հայը, ով դա անելու լեգիտիմություն ու կամք ունի (այդ բանակցության ժամանակ արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգ չկար)։
Նիկոլը պայմանավորվել է Ալիևի հետ, որ դեմարկացիայի և դրա հետևանքների մասին Հայաստանը չի անելու միջազգային աղմուկ՝ հղում անելով հանուն խաղաղ համակեցության երկկողմ աշխատանքային պրոցեսին։
Նիկոլը խոստացել է տրամադրել Սյունիքով միջանցք, որի երթուղին քննարկվում է Հայաստան-Ադրբեջան ուղիղ, երկկողմ ձևաչափում։
Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զորքերի ներխուժումից մեկ շաբաթ առաջ Նիկոլը փորձել է փոփոխել պայմանավորվածության ժամկետները՝ ասելով, թե երբ խոսք էր տալիս, չգիտեր, որ ընտրություններ են լինելու։ Նա խնդրել է հետաձգել պայմանավորվածությունների իրականացման մեկնարկը և ժամկետները սահմանել ընտրություններից հետո։ Դրան ի պատասխան՝ Ադրբեջանը ներխուժեց Սյունիք և Գեղարքունիք։
Երբ Նիկոլը ինքնամոռաց և վախեցած սկսեց զանգել Կրեմլ, այնտեղից հնչեց երկու հարց՝ ինչո՞ւ էր խոստանում, եթե չէր անելու, և կոնկրետ ի՞նչ է ակնկալում ՌԴ-ից։ Եվ ահա գալիս է կուլմինացիան այս ամենի:
Երեկ երեկոյան ավարտվել է նոր հայտարարության փաստաթղթի ձևակերպման աշխատանքը։ Հայտարարությունը կհրապարակվի առաջիկայում։ Այդ փաստաթղթում դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով, ըստ էության, ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։ Այս հայտարարությունն է այն գինը, որ Նիկոլը պատրաստ է վճարել, որպեսզի նախընտրական շրջանում գոնե ժամանակավորապես կանգնեցնի ադրբեջանական զինուժի ներթափանցումը Հայաստան, և այդ գինը Հայաստանը և հայ ժողովուրդը վճարում են 2018-ից մինչև օրս՝ սխալ ընտրության և շարունակական սխալ որոշումների համար։ Այդ հայտարարությամբ և դրան կից գաղտնի հավելվածով սահմանվում է.
1. Ստեղծվելու է հանձնաժողով, որը ամրագրելու է խաղի կանոնները Հայաստանի և Ադրբեջանի նոր ու վերջնական դեմարկացիայի համար։
2. Դեմարկացիան հիմնված է լինելու երեք սկզբունքի վրա՝ ԽՍՀՄ քարտեզների, աշխարհագրական նպատակահարմարության և այդ պահին եղած իրական պատկերի։ Այս սկզբունքը Հայաստանի համար խիստ անբարենպաստ հետևանքներ է ունենալու, որովհետև ակնհայտ է, որ Ադրբեջանն է խաղարկելու՝ որ դեպքում, որ սկզբունքը կիրառվի:
3. Տավուշի մարզի 5 գյուղերը և Արարատի մարզի մեկ գյուղը Ադրբեջանին հանձնելը Նիկոլը քննարկման առարկա է դարձրել։
4. Նոր և վերջնական դեմարկացիայի աշխատանքները կարգավորող փաստաթղթները պատրաստվելու և նախաստորագրվելու են մինչև հունիսի 30-ը։ Այս պահին Նիկոլը տվել է վերոնշյալի համաձայնությունը՝ երեք խնդրանքով. մինչև ընտրություններ Ադրբեջանը դուրս բերի զորքերը Հայաստանի տարածքից, գոնե մի քանի գերի վերադարձնի և դիվանագիտական բառապաշարով Տավուշի 5 գյուղի հատվածը ձևակերպված լինի լղոզված, որպեսզի կարողանա դիմակայել մինչև ընտրությունների ավարտը: Ինչքանով կհաջողվի, կտեսնենք: Սա է իրականությունը»,- մանրամասնել էր Միքայել Մինասյանը:
Մեկ օր հետո՝ մայիսի 20-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հաստատել էր Մինասյանի գաղտնազերծումը:
«Այս իրավիճակի քննարկման արդյունքում, քանի որ կա փաստ, որ մենք չունենք դելիմիտացված ու դեմարկացված սահման Ադրբեջանի հետ, այստեղ ծագում է մի շատ կարևոր հարց՝ լավ, այս իրադրությունը լուծեցինք, եթե հաջորդ պահին, հաջորդ փուլում էլի նմանատիպ իրավիճակներ ստեղծվեն, ամեն անգամ մենք այսպիսի միջազգային աղմուկ, կոնսենսուս ձևավորելու ճանապարհո՞վ ենք գնալու։ Ի վերջո, մենք ունենք մի իրադրություն, որը ձևավորվել է բոլորիս հայտնի հանգամանքներում, և այդ իրադրությունը պետք է կառավարվի։ Այդ ընթացքում ձևակերպվել է առաջարկ՝ ձևավորել հանձնաժողով՝ եռակողմ, որը կզբաղվի այդ հարցերով»,- ասել էր նա:
Փաշինյանը կոռեկտ չէր համարել քննարկման փուլում գտնվող աշխատանքային փաստաթղթի հրապարակումը կառավարության կողմից:
«Բայց քանի որ հրապարակված է ընդդիմության կողմից, ես ասեմ, որ, այո, դա այն միակ ու եզակի փաստաթուղթն է, որը օր ու կես կամ երկու օր գտնվում է մեր աշխատանքային շրջանառության մեջ։ Այդ փաստաթղթի մեջ ո՞րն է ամենակարևոր դրույթը, այն է, որ կողմերը պարտավորվում են, որ սահմանային իրադրությունները ոչ թե լուծում են զորքերի փոխադարձ շարժերով, այլ միայն դիվանագիտական, քաղաքական ճանապարհներով։ Արդյո՞ք սա ինչ-որ նոր գաղափար է։ Ոչ, որովհետև ես այդ մասին հայտարարել եմ այս ամբիոնից»,- շեշտել էր նա և հավելել, թե հանձնաժողովների ձևավորումը պետք է տեղի ունենա այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերը կլքեն մեր երկրի տարածքը և կհայտնվեն մեր սահմաններից դուրս՝ մայիսի 10-ի ստատուս-քվոյի համաձայն։
«Կամ մենք փաստաթղթի մեջ կարձանագրենք այդպիսի դրույթ, որ ինչ-որ մի դրույթ, ասենք, 3 օրում, 4 օրում այդ զորքերի հետքաշման գործընթացը տեղի է ունենում։ Սա է ամբողջ պատմությունը: Եվ ես ուզում եմ ձեզ ասել, որ չկա որևէ գաղտնի հավելված»,- եզրափակել էր Փաշինյանը:
Թե այս պահին ինչ փաստաթուղթ է դրված Նիկոլ Փաշինյանի սեղանին, որը պատրաստվում է ստորագրել, և արդյո՞ք մայիսին հրապարակված փաստաթուղթը փոփոխությունների է ենթարկվել և ում օգտին՝ ցույց կտա ժամանակը: