Թիկնազորով բեռնակիրն ու զրահաբաճկոնով հավաքարարը՝ Կառավարության շենքում
Պոպուլիզմը ինչ-որ իմաստով նման է համավարակներին, օրինակ՝ կորոնավիրուսին։ Այն սկզբում դրսևորվում է մի ձևով, ապա մուտացվում է՝ ստանալով նոր արտահայտություններ։ Ընդհանուր առմամբ, պոպուլիզմն անշառ ժամավաճառություն է, երբ դրանով զբաղվում են մերձքաղաքական շրջանակներում՝ լավագույն դեպքում մի քանի մանդատ ստանալով պառլամենտում։ Բայց երբ պոպուլիզմը դառնում է պետական քաղաքականություն՝ պոպուլիզմի՝ իշխանության գալու բերումով, երկրի հետ տեղի է ունենում այն, ինչ պոպուլիստի հայտարարություններին խաբվող ընտրողների գիտակցության պարագային. պետությունը բռնաբարվում է ու ենթարկվում է կոռոզիայի։
Հենց դա է հիմա տեղի ունենում Հայաստանի հետ, որի վարչապետը խաբել է առանց բացառության բոլորին, բայց առաջին հերթին ու առավելապես նրանց, ում համոզել է, թե ինքը ժողովրդի մասնիկ է՝ բոլորից մեկն է։
«Հայաստանն ունի 3 միլիոն վարչապետ» գռեհկաբանությամբ մարդկանց մոլորեցրած Նիկոլ Փաշինյանը հիմա ամբողջությամբ վայելում է «Հայաստանն ունի մեկ վարչապետ» օբյեկտիվ իրողությամբ պայմանավորված բոլոր արտոնությունները՝ միաժամանակ հանդիմանելով քաղաքացիներին, որ նրանք չեն գնում ու չեն զբաղեցնում հազարավոր ազատ աշխատատեղերն այնպիսի ոլորտներում, որոնցում աշխատողները ոչ թե շրջում են հարյուրավոր թիկնապահներով ու զրահապատ մեքենաներով, այլ կատարում են ծանրագույն ֆիզիկական աշխատանք՝ ընդամենը օրվա հաց վաստակելու չնչին աշխատավարձով։
Ահա, ուրեմն, մարդը, ով Հանրապետության հրապարակից մինչև Բաղրամյան պողոտա հսկայաքանակ ավտոշարասյունով, ուժային կառույցներից ներգրավված և անվտանգության բազմաթիվ աշխատակիցներով տեղաշարժվելու համար պետական բյուջեից, բոլորիս վճարած հարկերից ամսական ծախսում է միլիոնավոր դրամներ, քաղաքացիների վրա մուննաթ է գալիս այն բանի համար, որ նրանք հերթ չեն կանգնում օրական 5000 դրամ աշխատավարձ վճարող աշխատատեղերը զբաղեցնելու ու իրենց դանդաղ մահվան դատապարտելու համար։ Հեծանվով կամ մետրոյով աշխատանքի գնալու նրանց դատարկ կոչերի, տեսանյութերի ու լուսանկարների մասին նույնիսկ չենք խոսում…
Խնդիրն այն չէ, որ Նիկոլ Փաշինյանը չպետք է օգտվի բոլոր այն արտոնություններից, որոնք օրենքով կամ նույնիսկ չգրված կարգով նախատեսված են երկրի ղեկավարների համար։ Բայց հենց Նիկոլ Փաշինյանը չպե՛տք է օգտվի այդ արտոնություններից, որովհետև նա իշխանության է եկել այդ արտոնությունները, ճոխ կյանքը տարիներ շարունակ քննադատելով ու ամենակարևորը՝ մարդկանց խոստանալով, որ իշխանության է գալիս, որպեսզի հնարավորություն ստեղծվի, որ մնացած 3 միլիոն քաղաքացիներն օգտվեն ճիշտ նույն արտոնություններից։ Եվ քանի որ ՀՀ 2.999.999 քաղաքացիներ չեն օգտվում այդ արտոնություններից, Նիկոլ Փաշինյանը ևս չպետք է օգտվի դրանցից։
Ասվածը, իհարկե, չի տեղավորվում բանականության որևէ օրենքի շրջանակում, բայց հենց դա է տեղին Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագային, քանի որ այն ևս դուրս է բանականության որևէ օրենքից։ Եվ քանի որ ֆիզիկապես Նիկոլ Փաշինյանի խոստումն իրագործելի չէ, ու Հայաստանի Հանրապետության 2.999.999 քաղաքացիներ չեն կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնը ու չեն կարող օգտվել դրա ընձեռած արտոնություններից, Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին իր տված խոստումն իրագործելու համար պետք է կատարի բոլոր այն աշխատանքները, որոնք չկատարելու համար մեղադրում է քաղաքացիներին։
Ահա այդ խոստումն իրագործելու համար Նիկոլ Փաշինյանը մի օր կարող է աշխատել՝ որպես բեռնակիր, երեքշաբթի օրերին պատշարություն անել, մնացած օրերին՝զբաղվել զոդման կամ սանմաքրման աշխատանքներով։ Այլապես նա պարտք է մնալու Հայաստանի 2.999.999 քաղաքացիներին, որոնց թիվը, ի դեպ, իր պաշտոնավարման շրջանում նվազել է առնվազն 13.000-ով՝ պատերազմի 5000 զոհերի ու կորոնավիրուսից մահացած 8000 քաղաքացիների հաշվառմամբ։
Հարություն Ավետիսյան