«Հույսի հատիկ չունենք». Առուշանյանի գործով «ձգձգումներն» ու կառավարության նախագիծը

Երեկ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանում (Գորիսի նստավայր)՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Գորիսի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Առուշ Առուշանյանի և  Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի գործով հերթական նիստը: Դատարանն ավելի վաղ այս գործին էր միացրել Առուշանյանին վերաբերող  մեկ այլ քրեական գործ, որով Առուշանյանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել 2 մլն դրամ գրավը:

Իսկ երեկ մոտ 10 ժամ տևողությամբ դատական նիստի ընթացքում դատավոր Գնել Գասպարյանը դատավարության մասնակից կողմերի միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու համար  ստիպված եղավ երկար ժամանակ անցկացնել խորհրդակցական սենյակում:

Ինչպես հայտնել էինք՝ դատարանը մերժել էր պաշտպանների միջնորդությունը՝ գործով տուժողի ներկայացուցչին վարույթից հեռացնելու վերաբերյալ, քանի որ նա նաև գործում ներգրավված է՝ որպես վկա: Հետո դատարանը բավարարել էր դատախազության միջնորդությունը՝ Առուշանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավը պետական բյուջե գանձելու վերաբերյալ: Արդյունքում՝ երեկ Առուշանյանի պաշտպանները չկարողացան ներկայացնել Առուշանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով կամ անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը: Ուշ երեկոյան ավարտվեց նիստը և պաշտպանական կողմը փաստորեն չկարողացավ ներկայացնել միջնորդությունը, դատարանի որոշմամբ էլ հաջորդ նիստը հետաձգվեց 24 օրով:

Առուշ Առուշանյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Արմեն Մելքոնյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկ «դատարանն իր խնդիրը լուծեց»:

«Ամեն ինչ բոլորիդ աչքի առաջ տեղի ունեցավ: Դրանով մի խնդիր լուծվեց, ուղղակի ձգձգեց, որպեսզի մենք համապատասխան կետի չհասնենք, և դրանից հետո միջնորդություններ չանենք: Ինքն իր խնդիրը լուծեց՝ այդ ճանապարհին նաև կայացնելով ապօրինի որոշումներ:

Առաջին միջնորդությունը, որը մեր կողմից արվեց, դա մերժվեց՝ լրիվ օրենքը ոտնահարելով, որտեղ սևը սպիտակի վրա գրված էր, հստակ Քրեական դատավարության օրենսգիրքը ասում է՝ նույն անձը չի կարող նույն քրեական գործով հանդես գալ հա՛մ տուժողի ներկայացուցիչ, հա՛մ որպես վկա: Հիմա դատարանը գտավ, որ այս գործով օրենքը կարելի է ոտնահարել: Վկաներ կան այս գործով, որ վաղը ցուցմունք են տալու  կոնկրետ տուժողի ներկայացուցչի դեմ: Պատկերացրեք՝ մեկ այլ վկան գալիս, տեսնում է, որ որպես դատավարության մասնակից՝ այդ անձը նստած է այդտեղ, ինքը կաշկանդված լինելո՞ւ է արդեն: Կամ, հասարակ բան, որպես դատավարության մասնակից՝ տուժողի ներկայացուցիչն իրավունք ունի ամեն ինչի հետ ծանոթանալու, այդ թվում՝ մեղադրական եզրակացության, և այլն, և այլն: Ու վաղը մենք միջնորդելու ենք այդ նույն տուժողի ներկայացուցչին, օրինակ, հարցաքննել, որովհետև ինքը գործով վկա է: Հիմա ինքը (դատարանը.- Ա.Հ.) մի պարագայում վկաներին ասում է՝ «դահլիճից դուրս եկեք, որ չլսեք՝ ինչ է կատարվում, որպեսզի հետո օբյեկտիվ ցուցմունքներ տաք», այս պարագայում ասում են՝ «չէ, սա արտոնյալ է, ինքը պիտի հա՛մ տուժողի ներկայացուցիչ լինի, հա՛մ ծանոթանա գործի բոլոր նյութերին, հետո որպես վկա՝ ցուցմունք տա»:

Փաստաբանի նշած հաջորդ անօրինականությունը վերաբերում էր դատախազության միջնորդությանը, որով գրավը պետք է դառնար պետության եկամուտ:

«Խոսքն այստեղ, բնականաբար, այդ 2 մլն դրամի մասին չէ, ավելի շատ նա է, որ դատարանը առաջ ընկավ և արդեն իր վերաբերմունքը հայտնեց: Մինչդեռ մենք առաջարկեցինք, որպեսզի ընդամենը հետաձգվի այդ քննությունը, որովհետև եթե այդպես լինի, ցանկացած անձ, ում նկատմամբ խափանման միջոց է ընտրված գրավը կամ ստորագրություն՝ չհեռանալու մասին, եթե հանկարծ այդ մարդու նկատմամբ ապօրինի քրեական գործ հարուցեն, ուրեմն միանգամից խափանման միջոցը պիտի փոխվի: Դատարանում ես բերեցի օրինակներ, որ այդ ընթացքում էլի քրեական գործեր են Առուշանյանի նկատմամբ հարուցված եղել, որոնք հենց նույն նախաքննական մարմնի կողմից կարճվել են Առուշանյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառով: Ես սա եմ դատարանին ասել, ես ո՛չ խաբել եմ, ո՛չ պարտակել ճշմարտությունը: Բայց նա առաջ ընկավ և այդ կեղտոտ որոշումը կայացրեց:

Սրանից հետո էլ արդեն մենք հույսի հատիկ չունենք, որ այս դատարանը, քանի որ ինքը գտնում է, որ Առուշանյանը արդեն մի անգամ խախտել է պայման, բնական է՝ այդ հիմքով ինքը մեր միջնորդություններն ամենայն հավանականությամբ մերժելու է, եթե նոր հանգամանքներ ի հայտ չգան: Այս պարագայում մենք հույսը դրել ենք, որ նոր հանգամանքներ պիտի ի հայտ գան, որ ստիպի դատարանին, որպեսզի վերանայի իր որոշումը»,- ասաց Արմեն Մելքոնյանը:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում դատական նիստը մինչև նոյեմբերի 29-ը հետաձգելուն, Արմեն Մելքոնյանն արձագանքեց.

«Պետության պարտականությունն է՝ ողջամիտ ժամկետներում ապահովել դատավարությունը: Ի՞նչ է նշանակում՝ 25 օր հետո նշանակել, գործող, ընտրված քաղաքապետի նիստն է, որը կալանքի տակ է: Ասում է՝ «ծանրաբեռնված եմ», ջհանդամն ու գյոռը, թե ծանրաբեռնված չես: Դու ունես բազմաթիվ քրեական գործեր, որոնցով մարդիկ ազատության մեջ են, նրանց նիստերը հետաձգիր, էս նիստերը արագ դիր, որովհետև այս քաղաքը ընտրել է իր քաղաքապետին: Արագ այս գործի քննությունը, 2 օրը մեկ դիր, միանգամից մի քանի նիստ դիր: Մի ամիսը մեկ, երկու ամիսը մեկ նիստ է դնում, սա ի՞նչ է: Պետության պարտականությունն է, որպեսզի ողջամիտ ժամկետներում ապահովի դատաքննությունը: Էէէէ՜, հաջորդն էլ կդնի 4 ամիս հետո: Թող Առուշանյանը նստի, հա՞: Էս ժողովուրդն էլ քաղաքի հետ թող կործանվի, հա՞»:

Ի դեպ, մի քանի օր առաջ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը հավանության էր արժանացրել Կառավարության ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխության նախագիծը, որով թույլատրվում է  համայնքապետի պաշտոնակատար նշանակել տեղակալին, եթե համայնքի ղեկավարը 1 ամիս չի կարող կատարել իր պարտականությունները, դրանից հետո պաշտոնը թափուր մնալու դեպքում մարզպետը նշանակում է համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Նախագծի այս փոփոխությունը շատերը պայմանավորում են նաև Առուշ Առուշանյանի հանգամանքով, քանի որ հոկտեմբերի 17-ին կայացած Գորիսի ՏԻՄ ընտրություններում Առուշանյանն ընտրվել էր՝ իշխանական ՔՊ թեկնածուից կրկնակի շատ ձայն  հավաքելով:

Մեր հարցին, թե  արդյո՞ք Մելքոնյանը ևս նախագծով առաջարկվող այդ փոփոխությունը կապում է Առուշանյանի գործին ու գործի քննության հետաձգումներին, փաստաբանն ասաց.

«Հենց այստեղ շան գլուխն է թաղված: Սրանց նպատակն էլ դա է: Ես չեմ ուզում առաջ ընկնել, բայց տեսնում եմ, սա է ժամանակ ձգելը, որ Առուշանյանը այդպես էլ չի կարողանա գա, իր պարտականությունները կատարի, դրա համար էլ կառավարությունն արդեն նոր քաղաքապետ է  նշանակել: Բայց սա կեղտոտ խաղ է»:

Արմեն Մելքոնյանը նշեց, որ հիմա մտածում են իրենց առաջիկա մարտավարության մասին:

Տեսանյութեր

Լրահոս