Առուշ Առուշանյանին տեսակցելու արգելքը հանվեց
Գորիսի Ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, մասամբ բավարարեց Գորիսի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Առուշ Առուշանյանի պաշտպանների միջնորդությունը՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ առկա տեսակցությունների և հեռախոսազանգերի սահմանափակման արգելքը հանելու վերաբերյալ: Դատարանը որոշեց թույլատրել Առուշ Առուշանյանի տեսակցությունները, իսկ հեռախոսային կապի արգելքը կպահպանվի: Դատարանը նաև նպատակահարմար չգտավ Առուշ Առուշանյանին Գորիսի ՔԿՀ տեղափոխելը:
Դատարանն այսօր հասցրեց լսել նաև պաշտպանական խմբի մեկ այլ միջնորդություն՝ գործով տուժողի ներկայացուցչին վարույթից հեռացնելու վերաբերյալ: Պաշտպանները նման միջնորդություն էին ներկայացրել, քանի որ տուժողի ներկայացուցիչը նաև գործով ներգրավված է որպես վկա: Պաշտպանական կողմի այս միջնորդությունը Գորիսի Ընդհանուր իրավասության դատարանը մերժեց:
Միջնորդությունները քննելուց և դրանց վերաբերյալ որոշումները կայացնելուց հետո դատարանն անցավ կողմերին իրենց իրավունքներն ու պարտականությունները ներկայացնելուն: Իրականացվեց դատավարության մասնակիցների անձի ճանաչման գործընթացը:
Ինչպես ավել վաղ հայտնել էինք, այսօր պաշտպանական կողմը ցանկանում է նաև դատարանին միջնորդել՝ փոխել Առուշ Առուշանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը գրավով կամ անձնական երաշխավորությամբ: Առուշանյանի պատշաճ վարքագծի ապահովման համար անձնական երաշխավորություն են պատրաստ տալ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները:
Պաշտպանները խնդրեցին դատարանից՝ աշխատանքային ժամի ավարտից հետո շարունակել նիստը, որպեսզի միջնորդությունը ներկայացնելու հնարավորություն ունենան, սակայն դատարանի վերջնական որոշում այս պահին չկա:
Նշենք, որ մեղադրական եզրակացության համաձայն՝ Լուսինե Ավետյանին մեղադրանք է առաջադրվել, որ «նա 2021 թվականի հունիսի 20-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կազմակերպմամբ, սոցիալապես անապահով վիճակում գտնվելու փաստով պայմանավորված կախվածության մեջ գտնվելն օգտագործելով, Քարահունջ բնակավայրի 2 և ավելի ընտրողի հարկադրել է մասնակցել 2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ արտահերթ ընտրություններին և քվեարկել ընտրություններին առաջադրված «Հայաստան» դաշինքի օգտին: Բացի այդ, նույն ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում Քարահունջ բնակավայրի 2 և ավելի բնակիչներին հարկադրել է մասնակցել 2021 թվականի հունիսի 8-ին Սյունիքի մարզի Գորիս համայնքում «Հայաստան» դաշինքի կազմակերպած հավաքին:
Բացի այդ, 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ 2021 թվականի հունիսի 7-ին և 8-ին, անձամբ հանդիպումների և հեռախոսազանգերի ժամանակ Լուսինե Ավետյանը Քարահունջ բնակավայրի բնակիչներ Սաթիկ Սինանյանին, Նարինե Արզումանյանին, Ալինա Օհանջանյանին, Լիանա Մկրտչյանին, Նաիրա Սարգսյանին և Մհեր Բաղդասարյանին հարկադրել է մասնակցել Գորիս համայնքում 2021 թվականի հունիսի 8-ին կազմակերպված՝ «Հայաստան» դաշինքի հավաքին»:
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված է խափանման միջոց կալանավորումը: Առուշանյանը կալանավորվել էր հենց Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի ցուցմունքի հիման վրա: Ավետյանի նկատմամբ ևս քրեական գործի սկզբնական փուլում կիրառված էր խափանման միջոց կալանավորումը, սակայն Առուշ Առուշանյանին կալանավորելուց հետո դատախազությունը վերացրեց Լուսինե Ավետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը:
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Լուսինե Ավետյանը գործարքի է գնացել իրավապահ մարմինների հետ՝ իր ազատության համար Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տալով։
Ավելին, շրջանառվող այլ տեղեկությունների համաձայն, Առուշանյանի դեմ ցուցմունք տալուց հետո Ավետյանի ազգականներից մեկն աշխատանքի է անցել դատախազությունում։