ԱԺ պատգամավորները անձնական երաշխավորություն կներկայացնեն Առուշ Առուշանյանի պատշաճ վարքագծի համար. փաստաբան

Գորիսի Ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, մեկնարկեց Գորիսի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Առուշ Առուշանյանի և Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի գործով հերթական դատական նիստը:

Նախորդ դատական նիստի ժամանակ քննարկվել էր Առուշ Առուշանյանի փաստաբանների՝ իրենց պաշտպանյալի նկատմամբ առկա տեսակցությունների և հեռախոսազանգերի սահմանափակման իրավաչափության հարցով միջնորդությունը: Պաշտպանական կողմը ներկայացրած միջնորդությամբ խնդրում էր ամբողջությամբ կամ գոնե մասնակի վերացնել սահմանափակումները: Նախորդ դատական նիստում պաշտպանական կողմը ներկայացրել էր իր հիմնավորումները, այսօր հարցի վերաբերյալ դիրքորոշում է ներկայացնելու դատախազը, ինչից հետո դատարանը որոշում պետք է կայացնի միջնորդության վերաբերյալ:

Դատական նիստի մեկնարկից առաջ Առուշ Առուշանյանի պաշտպան, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում են Առուշանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ևս միջնորդություն ներկայացնել:

«Այստեղ որոշակի ձևական ընթացակարգը կապահովվի՝ իրավունք, պարտականություն, մասնակիցների անձը ճանաչելու տեսանկյունից, նաև մեղադրական եզրակացության եզրափակիչ մասն ընթերցելուց հետո որոշելու ենք ապացույցների հետազոտման հաջորդականության կարգը: Պաշտպանության կողմն ունի իր դիրքորոշումը, թե ինչ ապացույցների հետազոտումից պետք է սկսել, այս պահին չեմ ցանկանում դրա մասին որևէ բան ասել:

Որոշակի փուլ անցնելուց հետո, որոշակի ապացույցներ հետազոտելուց հետո պաշտպանության կողմը պատրաստվում է միջնորդել խափանման միջոց կալանավորումը ավելի մեղմ տեսակի խափանման միջոցով փոխել: Խոսքը մասնավորապես վերաբերում է թե՛ գրավին, թե՛ անձնական երաշխավորությանը: Արդեն «Հայաստան» խմբակցության համապատասխան պատգամավորներն են այսօր եկել Գորիս՝ աջակցելու Առուշ Առուշանյանին, և նաև իրենց պատրաստակամությունն են հայտնում անձնական երաշխավորությամբ խափանման միջոցի շրջանակներում իրենց անձնական երաշխավորությունը սահմանել Առուշ Առուշանյանի պատշաճ վարքագծի համար: Թե որոնք կստանձնեն անձնական երաշխավորությունը, չեմ կարող ասել, այս պահին դեռ քննարկման փուլում է»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Լուսինե Ավետյանին մեղադրանք է առաջադրվել, որ «նա 2021 թվականի հունիսի 20-ին ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կազմակերպմամբ, սոցիալապես անապահով վիճակում գտնվելու փաստով պայմանավորված կախվածության մեջ գտնվելն օգտագործելով, Քարահունջ բնակավայրի 2 և ավելի ընտրողի հարկադրել է մասնակցել 2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ արտահերթ ընտրություններին և քվեարկել ընտրություններին առաջադրված «Հայաստան» դաշինքի օգտին:

Բացի այդ, նույն ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում Քարահունջ բնակավայրի 2 և ավելի բնակիչներին հարկադրել է մասնակցել 2021 թվականի հունիսի 8-ին Սյունիքի մարզի Գորիս համայնքում «Հայաստան» դաշինքի կազմակերպած հավաքին:

Բացի այդ, 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ 2021 թվականի հունիսի 7-ին և 8-ին, անձամբ հանդիպումների և հեռախոսազանգերի ժամանակ Լուսինե Ավետյանը Քարահունջ բնակավայրի բնակիչներ Սաթիկ Սինանյանին, Նարինե Արզումանյանին, Ալինա Օհանջանյանին, Լիանա Մկրտչյանին, Նաիրա Սարգսյանին և Մհեր Բաղդասարյանին հարկադրել է մասնակցել Գորիս համայնքում 2021 թվականի հունիսի 8-ին կազմակերպված՝ «Հայաստան» դաշինքի հավաքին»:

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված է խափանման միջոց կալանավորումը: Առուշանյանը կալանավորվել էր հենց Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի ցուցմունքի հիման վրա: Ավետյանի նկատմամբ ևս քրեական գործի սկզբնական փուլում կիրառված էր խափանման միջոց կալանավորումը, սակայն Առուշ Առուշանյանին կալանավորելուց հետո դատախազությունը վերացրեց Լուսինե Ավետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը:

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Լուսինե Ավետյանը գործարքի է գնացել իրավապահ մարմինների հետ՝ իր ազատության համար Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տալով։

Ավելին, շրջանառվող այլ տեղեկությունների համաձայն, Առուշանյանի դեմ ցուցմունք տալուց հետո Ավետյանի ազգականներից մեկն աշխատանքի է անցել դատախազությունում։

Տեսանյութեր

Լրահոս