Արցախի ճանաչումը կարող է սկսվել գիտությունից. Բյուրականի աստղադիտարանի տնօրենը՝ Արցախում աստղագիտական լաբորատորիա բացելու մասին

Հոկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի և Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության գիտական կենտրոնի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որով կողմերը նախատեսում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում համագործակցել՝ իրենց հնարավորությունների, միջոցների և փորձի կիրառմամբ՝ նպատակ հետապնդելով հզորացնել Արցախի գիտական ներուժը:

Հուշագիրը ստորագրեցին Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը և Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը:

Համագործակցության շրջանակներում Արցախի գիտական կենտրոնում բացվել է աստղադիտական լաբորատորիա, որտեղ կապահովվի աստղագիտության ոլորտում ուսումնական գործընթացի բարձր որակը, այդ թվում, արձագանքելով համաշխարհային միտումներին, կներդրվեն նորարարական մոտեցումներ՝ նպաստելու ուսանողների առաջադիմությանը և մասնագիտական աճին:

«Արցախում աստղադիտարան հիմնադրելը մեր երազանքներից մեկն էր, բայց որոշեցինք սկսել աստղադիտական լաբորատորիայից: Արդեն կա երիտասարդ երկու աշխատակից, ովքեր ավարտել են ֆիզիկայի ֆակուլտետը, հետաքրքրված են աստղագիտությամբ: Կկազմակերպենք համատեղ գիտաժողովներ, աշխատաժողովներ, սեմինարներ, երիտասարդական դպրոցներ, կանցկացնենք աստղադիտական դասախոսություններ Արցախի պետական համալսարանում, Արցախի դպրոցներում և այլ կրթական կենտրոններում, ինչպես նաև Արցախի ուսանողները և դպրոցականները հնարավորություն կունենան պարբերական այցեր կատարել Բյուրականի աստղադիտարան: Արցախում շատ երեխաներ կան, ովքեր զուրկ են մնում նման հնարավորություններից ու, աստղագիտությամբ, ֆիզիկայով եթե հետաքրքրված են՝ գիտությամբ զբաղվելու տեղ չունեին, ու հիմա մենք ուզում ենք զարգացնել դա»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

Նրա փոխացմամբ՝ կենտրոնին արդեն տրամադրվել է երկու համակարգիչ, սենյակը վերանորոգվել և կահավորվել է:

«Աստղագիտությունը միայն դիտումներով չէ: Եղած տվյալները, որ ստանում ենք, դրանք, ինչպես նաև համաշխարհային տվյալները կարող են վերցնել, ուսումնասիրել, մշակել, դրանց հիման վրա հաշվարկներ անել, գիտական արդյունքներ ստանալ: Այդ աշխատակիցները կարող են առայժմ այդպես աշխատել, մինչև կլուծվի աստղադիտակների հարցը: Կարևոր է նաև երկրորդ խնդիրը՝ Արցախը լինելով մի վայր, որտեղ աստղագիտությամբ են զբաղվում, կարող է ինտեգրվել միջազգային աստղագիտական հանրությանը: Հիմա կարևորը սա է: Անկախ քաղաքական իրավիճակից, կարգավիճակից, որը չի ստացվում լուծել շուրջ 30 տարի, գիտության մեջ շատ արագ կարելի է ընդունել տալ: Միջազգային հանրությունը խնդիր չունի, չի ասում՝ չճանաչված պետություն է, ուրեմն չենք համագործակցելու: Այս ուղղությամբ պետք է քայլեր անենք, ու Արցախի ճանաչումը կարող է սկսվել գիտությունից»,- նշեց Արեգ Միքայելյանը:

Տեսանյութեր

Լրահոս