«Դա մեզ հարկավոր չէ». Կրթության փորձագետը՝ Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու՝ Լավրովի հայտարարության մասին

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արտերկրում բնակվող հայրենակիցների համաշխարհային կոնգրեսում հայտարարել է, որ Հայաստանը ղեկավարությունը հետաքրքրություն է դրսևորել երկրում ռուսական դպրոցներ բացելու հարցում։

Նա տեղեկացրել է, որ ռուսաց լեզվի դիրքերի ամրապնդման նախաձեռնության շրջանակում 5 ռուսական դպրոց կբացվի Տաջիկստանում, և ՀՀ ղեկավարությունը ևս հետաքրքրված է այդ ծրագրով, գրում է ՏԱՍՍ-ը։

«Տաջիկստանում 5 ռուսական դպրոց է բացվում, այդ թվում՝ ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի նախաձեռնությամբ, ամբողջական ուսումնական ծրագրով՝ ՌԴ մեթոդաբանությամբ։ Նմանատիպ ծրագիր է պատրաստվում Ուզբեկստանի համար։ Վերջին շրջանում Հայաստանի նոր ղեկավարությունը ևս հետաքրքրություն է դրսևորել Հայաստանում նմանատիպ ծրագիր իրագործելու հանդեպ»,- ասել է նախարարը։

Նա նշել է, որ ՌԴ-ն շահագրգռված է, որ այդ մոտեցումը մոդելային ծրագիր դառնա բոլոր դաշնակիցների և գործընկերների համար։

Ըստ Լավրովի, ընդլայնման և զարգացման միտում ունի նաև ռուսական բուհերի բաժանմունքների համակարգն ԱՊՀ երկրներում։

Հայաստանում այս առաջարկը կամ նախաձեռնությունը մեծ մասի մոտ դժգոհություն է առաջացրել, ոմանք էլ կարծում են, որ պարզապես օտար լեզուներից մեկն է, պետք է լավ տիրապետել, ու այստեղ քաղաքական ենթատեքստ չեն տեսնում:

«Պետք է ուղղակի լինել պետականամետ, երեխաներին տանել հայկական դպրոցներ, եթե աշակերտներ չլինեն` ինչքան ուզում է՝ թող սարքեն»,- սոցիալական ցանցում գրել էր քաղաքացիներից մեկը:

Մյուսն էլ, թե՝ «Ես այնքան էլ այդ կարծիքի չեմ: Ասում են՝ ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես»:

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանից հետաքրքրվեցինք՝ երբ  ՀՀ-ում կան ռուսական թեքումով դպրոցներ, դասարաններ, ՌԴ ԱԳ նախարարի այս առաջարկը, օրինակ, Հայաստանի դեպքում իմաստ ունի՞։ Ի պատասխան՝ նա ասաց.

«Ես ընդհանրապես չեմ ընդունում այս կամ այն երկրի դպրոցն ունենալը: Երևի ենթադրվում է, որ ամբողջ ուսուցումը պետք է կատարվի տվյալ լեզվով: Իհարկե, դա մեզ հարկավոր չէ, որովհետև, եթե խոսենք ռուսերենի մասին, փոխանակ մտածենք մեր բոլոր դպրոցներում լեզվին տիրապետելու մակարդակը բարձրացնելու մասին, մտածում ենք դպրոց բացելու վերաբերյալ: Հո 100 դպրոց չե՞ն բացելու: Մեկ-երկու դպրոցով հարց չի լուծվի:

Իսկ ռուսերենի իմացությունը, ռուսական մշակույթի, գիտության, կրթության շփումը շատ կարևոր է մեզ համար: Լեզվի իմացությունը հաղորդակցվելու համար կարևոր է: Մենք որոշ արժեքներ՝ նույնիսկ եվրոպական, ամերիկյան, վերցնում ենք ռուսերենի միջոցով, որը նորմալ է: Սակայն ցուցադրական 1-2 դպրոց բացելը, անգամ, եթե ՌԴ ԱԳ նախարարի հովանու ներքո է, ուղղակի անընդունելի է, որովհետև դրանով մենք հարց չենք լուծում: Պարզապես պետք է հարցը դնել ավելի գլոբալ՝ «ռուսերեն լեզվի մակարդակի բարձրացումը Հայաստանում», ինչը կարևոր է և ընդունելի»:

Կրթության փորձագետը շեշտեց, օրինակ, քանի որ Գյումրիում ՌԴ քաղաքացիներ շատ կան, հիմնականում՝ զինվորականներ, նրանց երեխաները հաճախում են ռուսական դպրոց, ռուսական ծրագրով:

Տեսանյութեր

Լրահոս