
«Բաքվում Կարմիչ խաչի գրասենյակի փակումը մեծ խնդիր է. ընկնում ենք աշխարհաքաղաքական խնդիրների գիրկը». Արման Թաթոյան
Այսօր բռնի անհետացած անձանց միջազգային օրն է։ Այս առիթով անհետ կորած տղաների ծնողների ջանքերով կազմակերպվել էր միջոցառում, որի ընթացքում անհետ կորած տղաների ծնողները ոչ միայն ներկայացրեցին իրենց պատմությունները, այլև իրավական առումով մասնագետները ցույց տվեցին այն խնդիրները, որոնք պետք է լուծեն պատկան մարմինները։
Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը միջոցառման ընթացքում խոսելով Բաքվում Կարմիր խաչի գրասենյակի փակման հետևանքով սպասվող խնդիրների և միջազգային մեխնիազմները չօգտագործելու մասին, ասաց՝ եթե Հայաստանը թույլ է տալիս, որ իրենից մեկուսացնեն միջազգային մեխանիզմները, նշանակում է, որ իրավունքների պաշտպանությունը ստորադասում է քաղաքականությանը։
Մանրամասնելով, Արման Թաթոյանը նշեց, որ իրավունքների պաշտպանության մեխանիզմները նրա համար են, որ քաղաքականությունն այնտեղ մուտք չունենա կամ ազդեցությունը հնարավորինս նվազի։
«Եթե Հայաստանը չի օգտագործում միջազգային մեխանիզմը, դրանք տանում է այլ ոլորտ, նշանակում է՝ քաղաքականությունը գերակա է համարում իրավունքների պաշտպանության նկատմամբ։ Իսկ այնտեղ հայեցողությունն է, աշխարհաքաղաքական խնդիրներ, նպատակներ և այլն։ Մեզ համար միջազգային այդ մեխանիզմներն էքզիստենցիալ մի բան են, իրավունք չունենք մեզ զրկենք կամ չպայքարենք նրա համար, որ այդ մեխանիզմները մեզ համար լինեն մշտապես հասանելի։
Սա, ի վերջո, կարևոր է նաև հետագայի համար, Աստված չանի, եթե որևէ խնդիր լինի, բա մենք մեխանիզմներով պաշտպանված չլինե՞նք՝ այս քաղած դասերն ունենալով։
Այո, Կարմիր խաչի գրասենյակի փակումը մեծ խնդիր է։ Ադրբեջանը երկրի ներսում փակում է միջազգային կառույցները, արտաքին աշխարհից էլ փորձում է այդ կառույցները հեռացնել։ Ստիպված մենք ընկնում ենք աշխարհաքաղաքական խնդիրների գիրկը, որտեղ այնքան մեծ է ճնշումը, որ չկարողանաս այլևս դիմադրել»,- նշեց Արման Թաթոյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում