
«Նոան» առաջին հայկական ակումբն է, որը որակավորվում է ՈՒԵՖԱ-ի մրցաշարի հիմնական փուլ երկրորդ տարին անընդմեջ. «Նոայի» զարգացման տնօրենի հարցազրույցը ՈՒԵՖԱ-ին

Օգոստոսի 29-ին Մոնակոյում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ–ի Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի վիճակահանությունը, որտեղ «Նոային» բաժին հասան լեհական «Լեգիան», ուկրաինական «Դինամո Կիևը», խորվաթական «Ռիեկան», շոտլանդական «Աբերդինը», չեխական «Սիգման» և ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովան»։
Վիճակահանության ավարտից հետո «Նոայի» զարգացման տնօրեն Աննա Օհանյանը UEFA–ի մեդիայի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով։ Այս մասին հայտնում են ակումբից։
«Շատ ոգևորված ենք երկրորդ տարին անընդմեջ այստեղ լինելու համար։ Սա պատմական քայլ է «Նոայի» համար, քանի որ «Նոան» առաջին հայկական ակումբն է, որը որակավորվում է ՈՒԵՖԱ-ի մրցաշարի հիմնական փուլ երկրորդ տարին անընդմեջ։ Այնպես որ, մենք պատվով ենք ընդունում այս փաստը և հույս ունենք, որ կուրախացնենք և հպարտանալու առիթներ կտանք հայ երկրպագուներին։
Վիճակահանությունը շատ հետաքրքիր էր, և այն մեզ կտա ավելի շատ հնարավորություններ բացահայտելու մեր ուժեղ կողմերը։ Մենք շատ ոգևորված ենք հանդիպելու մեր նոր գործընկերներին և ակումբներին՝ ավելի մրցակցային և ուժեղ դառնալու ճանապարհին։ Սա մեր երկրպագուների համար է առաջին հերթին, ինչպես նաև հայկական ֆուտբոլի երկրպագուների համար։ Մենք շատ երջանիկ ենք, որ «Նոան» կրկին եվրոպական մրցաշարում է։ Սա մեծ քայլ է մեզ համար։
Արդեն երկու տարի է, ինչ մեր ակումբի նախագահը ձեռք է բերել «Նոան», և մենք դարձել ենք չեմպիոն, Գավաթակիր, նախորդ տարի որակավորվեցինք Լիգայի փուլ, այս տարի ևս։ Այնպես որ, մենք շատ ոգևորված ենք առաջ գնալու ավելի հավակնոտ նպատակներով»: