Այդտեղ Կոմիտասի արձանը պետք է տեղադրվի, ոչ թե Մհեր Մկրտչյանի․ Քաղաքաշինության դոկտոր

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող՝ Մերգելյանի այգու դիմացի՝ Մհեր Մկրտչյանի անունը կրող հրապարակը սահմանազատվում է հետագայում բարեկարգվելու համար, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:

Տարիներ շարունակ այդ հատվածում ավտոմեքենաներ էին կայանում կամ գյուղմթերքի տոնավաճառներ կազմակերպվում: Որպես Մհեր Մկրտչյանի հրապարակ ճանաչելի դարձնելու և մշակութային անցուդարձի կենտրոնի վերածելու գործընթացը սկսվեց դեռևս 2020 թվականին. շուկան տեղափոխվեց, տարածքն ազատվեց հակաէսթետիկ և հակասանիտարական վիճակից:

Արաբկիր վարչական շրջանը տեղեկացնում է, որ ավտոմեքենաների կայանումը կանխող արգելասյուների տեղադրումը մեկնարկն է այն մեծ աշխատանքի, որը նախատեսվում է հրապարակի հիմնանորոգման և իրական նպատակին ծառայեցնելու համար: Սա նաև սկիզբն է արաբկիրցիների համար երկար սպասված՝ Մերգելյանի այգու հիմնանորոգման աշխատանքների: Հրապարակն ունենալու է նաև ստորգետնյա կայանատեղի, և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը պատրաստ է ընդունել և քննարկել մասնավոր հատվածի կողմից ներկայացվող՝ կայանատեղիի կառուցման հետ կապված ներդրումային առաջարկները:

«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանի կարծիքով՝ քաղաքաշինական խառնաշփոթ է լինելու։

«Այդտեղ ավելորդ տեղեր են, որոնք ինչ-որ մի ձևով պետք է օգտագործել, այլապես կդառնան մեքենաների կայանատեղի, որը հրապուրիչ չէ։ Ինչ վերաբերում է մյուս հրապարակներին, օրինակ, Սախարովի անվան, Հանրապետության հրապարակները, դրանք ի սկզբանե հրապարակ են եղել։ Մհեր Մկրտչյանի հրապարակն այդպես ստացվել է, այսինքն՝ ի սկզբանե որպես հրապարակ չի եղել։ Տարածք են ունեցել, դրել են Մհեր Մկրտչյանի անվան։ Հիմա խնդիրն այն է, որ երբ այդ ջլատումները քարտեզով նայեցի՝ անակնկալի եկա։ Կարող է այգու շարունակություն լինել։ Այնքան փոքր է, որ Մհեր Մկրտչյան չի կարող կոչվել, հասկանո՞ւմ եք։ Բացի դա՝ Մհեր Մկրտչյանն ապրել է Կոմիտաս 49 շենքում, ինչո՞ւ է իր անունով հրապարակը Կոմիտաս 1 հասցեում։ Կոմիտասի սկզբում է, հետևաբար՝ Կոմիտասի վերաբերյալ ինչ-որ բաներ պետք է լինեն, ոչ թե Մհեր Մկրտչյանի։ Այդտեղ Կոմիտասի արձանը պետք է տեղադրվի, ոչ թե Մհեր Մկրտչյանի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարիամ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ անցած ամիս մրցույթ է հայտարարվել Օպերայի տարածքի բարեկարգման վերաբերյալ, որը ևս աբսուրդ է։

«Այնպես է ստացվում, որ ավելի շատ շինարարության տենդեր են հայտարարում, քան ճարտարապետական և շինարարական վերակազմավորման։ Իրենք կոնկրետ գրում են, թե ինչ են ուզում։ Երևանը քաղաք է վերջապես, գյուղ չէ։ Չի կարելի կտոր-կտոր ինչ-որ բան հավաքել, բազար չի սա։ Երևանը կլասիկ քաղաք է։ Բոլոր փողոցները, հատկապես՝ կենտրոնական, նույն ձևով պետք է լինեն»,- նշեց քաղաքաշինության դոկտորը։

Տեսանյութեր

Լրահոս