Կրթության մեջ չպետք է հակադրել նորն ու հինը
Հայաստանի կրթության ոլորտում կա ընկալում, որ նորը, նորարարությունը լավ բաներ են։ Մասնագետներն այս երևույթը կոչում են նորի կարծրատիպ։ Այս դեպքում դու մտածում ես, որ եթե ինչ-որ բան նոր է, ապա լավն է։ Բայց կրթության ոլորտում և շատ այլ դեպքերում այդպես չէ։ Ցավոք, վերջին 30 տարում մեզ նոր բաները ներկայացվել են այնպես, որ դրանք լավն են և պետք է փոխարինեն հնին։ «Ուսուցման նոր մեթոդներ, ժամանակակից մեթոդներ կիրառող ուսուցիչ» արտահայտությունն օգտագործվել է դրական իմաստով, իսկ «ավանդական մեթոդներ օգտագործող ուսուցիչ» արտահայտությունը՝ բացասական իմաստով։
Այս տրամաբանությամբ շատ մարդկանց մոտ առաջացել է հակակրանք ավանդական մոտեցումների նկատմամբ։ Օրինակ, ունենք դեպքեր, երբ դասախոսներին արգելում են դասախոսություն կարդալ, քանի որ դասախոսությունը համարվում է ուսուցման ավանդական մեթոդ։ Բայց սա սխալ է։ Լավ, որակյալ, հետաքրքիր դասախոսությունը ոչ միայն չպետք է արգելվի, այլև պիտի խրախուսվի։ Շատ ավելի տարածված է այն թեզը, որ ուսուցումը պետք է լինի աշակերտակենտրոն կամ ուսանողակենտրոն։ Իսկ ուսուցչակենտրոն կամ դասախոսակենտրոն դասավանդումը հնացած է։ Մինչդեռ PISA միջազգային ստուգատեսի և կրթության ոլորտում մեծ հեղինակություն վայելող ավստրալացի հետազոտող Հաթիեի հետազոտությունները ցույց են տվել, որ բազմաթիվ դեպքերում ավանդական մեթոդներն ավելի արդյունավետ են, քան, այսպես կոչված, նոր մեթոդները։
Ի դեպ, նորի կարծրատիպի մասին խոսում է ամերիկացի հայտնի մտածող Նասիմ Թալեբը, որի բոլոր գրքերը թարգմանվել են հայերեն։ Այս երևույթը Թալեբը կոչում է «Լինդայի էֆեկտ»։ Իմաստն այն է, որ ինչ-որ գաղափարի կամ տեխնոլոգիայի կյանքի ակնկալվող տևողությունը հավասար է նրա այդ պահի տարիքին։ Օրինակ՝ եթե Սոկրատեսի կողմից հայտնագործված բանավեճի կամ հարց ու պատասխանի մեթոդը շուրջ 25 դար կիրառվում է մանկավարժության մեջ, ապա կարելի է ասել, որ առնվազն առաջիկա 25 դարում այն կմնա կիրառելի։ Եթե մեկ այլ մոտեցում ստեղծվել է 30 տարի առաջ, ապա այս պահին կարող ենք ասել, որ դա կկիրառվի առաջիկա 30 տարում, որից հետո, եթե շարունակվի դրա կիրառումը, ապա արդեն կարող ենք ասել, որ նրա կյանքի տևողությունը կերկարի ևս 60 տարով։ Կարճ ասած, «Լինդայի էֆեկտն» ասում է, որ ժամանակի փորձությունն անցած երևույթներն ավելի երկարակյաց են, քանի այդ փորձությունը դեռևս չանցածները։
Այդ առումով, եթե դասախոսությունը, հարց ու պատասխանը դարեր շարունակ կիրառվել են, ապա վարչական որոշումներով դուք չեք կարող դուրս մղել ժամանակի փորձությունն անցած երևույթները։ Օրինակ՝ աշխարհի շատ համալսարաններ, դպրոցներ, դասախոսներ հրաժարվում են Power Point և այլ պրեզենտացիոն ծրագրերի օգտագործումից։ Թեև տարիներ առաջ թվում էր, որ Power Point-ը մեծ ապագա է ունենալու։ Բայց այդպես չեղավ։ Շատ մասնագետներ համարում են, որ պրեզենտացիաները շեղում են մասնակիցների ուշադրությունը խոսնակից և խանգարում կենտրոնացմանը։ Կա տեսակետ, որ դրանք խոչընդոտում են վերացական մտածողության զարգացմանը, ինչը բարձրակարգ մտածողության համար շատ կարևոր է։
Նույն ձևով շատ կազմակերպություններ, խմբեր հրաժարվում են մտագրոհի մեթոդի օգտագործումից կամ օգտագործում են այդ մեթոդի այլ տարբերակներ, քանի որ այդ մեթոդը լիովին չի ներգրավում մասնակիցներին, և ակտիվ, արագ մտածող մասնակիցները դուրս են մղում պասիվ, դանդաղ մտածող, բայց ոչ ամենևին թույլ մասնակիցներին։ Նմանատիպ օրինակներ մանկավարժության մեջ շատ կան։
Այս օրինակներն ավելի հասկանալի են դարձնում, թե ինչո՞ւ շատ ուսուցիչներ չեն կիրառում, այսպես կոչված, ժամանակակից մեթոդները։ Կարելի է ենթադրություն անել, որ ուսուցիչների զգալի մասը չեն ուզում հարմարավետության գոտուց դուրս գալ, չեն ուզում նոր բաներ փորձել, ավանդապաշտ են, հին մտածողություն ունեն, և այլն։ Բայց կա նաև այն փաստարկը, որ ուսուցիչները չեն ուզում կիրառել մեթոդներ, մոտեցումներ, որոնք ժամանակի փորձությունը դեռևս չեն անցել։ Օրինակ՝ ուսուցիչները հազվադեպ են կիրառում ինտերակտիվ ուսուցման որոշ մեթոդներ, քանի որ այդ մեթոդների համար 45 րոպեն բավարար չէ։ Եթե դուք ուսուցչին սովորեցրել եք մեթոդ, որը դասի տևողության մեջ չի տեղավորվում, ապա այդ մեթոդը չի դիմանա ժամանակի փորձությանը։ 5 րոպեում կարելի է հարց ու պատասխան անել, 15 րոպեում կարելի է նոր բան բացատրել։ Այդ պատճառով այս մեթոդները շարունակում են կենսունակ մնալ։ Իսկ Խճանկար մեթոդը կիրառելու համար անհրաժեշտ է առնվազն 60 րոպե։ Այնինչ ուսուցիչը չունի 60 րոպեանոց դաս։
Ի դեպ, ժամանակի փորձությանը չդիմացավ նաև հայտնի գիտնական Նեգրոպոնտեի «Մեկ աշակերտ, մեկ համակարգիչ» հայտնի ծրագիրը։ Այս ծրագրի գովազդը իրականացվել էր Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի մակարդակներով։ Ծրագիրն իրականացվում էր Մասաչուսեթսի համալսարանի հանրահայտ Մեդիալաբի կողմից, հիմնվում էր Սեմյոն Փափերթի մանկավարժական տեսության վրա։ Ծրագիրն ուներ նաև հումանիստական հիմք՝ ստեղծել ընդամենը 100 դոլար արժողությամբ համակարգիչ, որպեսզի աղքատ երկրների երեխաները նույնպես ունենան թվային տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորություն։ Այս ծրագրի հիմնական ուղերձն այն էր, որ հատկապես զարգացող երկրների երեխաները, որոնք չունեն ուսուցիչներ կամ չունեն որակյալ ուսուցիչներ, կարող են համակարգչի օգնությամբ ինքնակրթվել և ունենալ լավ ապագա։ Բայց տեխնոլոգիական այս ուտոպիան ձախողվեց, «խարիզմատիկ» մեքենան չօգնեց կրթությանը։ Ի դեպ, նմանատիպ մի ծրագիր էլ Հայաստանում ներդրվեց, որը, ենթադրաբար, նույնպես ձախողվել է։
Այս ամենից կրթության համակարգի կառավարիչները պետք է հետևություններ անեն։ Կրթության ոլորտում նորը դեռևս չի նշանակում լավը։ Չի կարելի հինն ու նորը հակադրել իրար՝ պնդելով, որ նորը, ժամանակակիցը լավն են։ Կրթության մեջ որևէ բան լավն է դառնում, եթե անցնում է ժամանակի փորձությունը։ Կրթության բարեփոխումը չի նշանակում՝ հնի փոխարինումը նորով։ Կրթության բարեփոխումը նշանակում է՝ հնի և նորի խելամիտ կառավարում։