«Մենք երբեք «ազգ-նահատակ» չենք եղել. դա Փաշինյանի ստեղծած իրականությունն է». Նանե Կարապետյան

Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց, թե իրենց վարած քաղաքականությունը պետություն ունենալու շանս է տալիս, և, որ պետք է հաղթահարել ազգ-բանակ, ազգ-նահատակ բանաձևերը և ավելի ամուր կանգնել՝ որպես պետություն: «Ես համոզված եմ, որ հենց մենք ենք այն կառավարությունը, այն խորհրդարանը, որը հնարավորություն է ունենալու ասելու՝ ահա մենք երաշխավորեցինք ՀՀ պետականության գոյությունն առաջիկա հարյուրամյակի ընթացքում»,- ասաց Փաշինյանը:

ՀՀԿ ուսանողական կազմակերպության փոխնախագահ Նանե Կարապետյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում հիշեցրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը՝ ազգ-բանակի վերաբերյալ. «Մի անգամ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ մենք խաղաղ պայմաններում ազգ-այգեպան ենք, իսկ երբ վտանգի առաջ է կանգնում մեր պետությունը, ամբողջությամբ լծվում ենք մեր պետության պաշտպանությանը, հետևաբար՝ դառնում ենք ազգ-բանակ: Իսկ ի՞նչ է նշանակում՝ ազգ-նահատակ. 2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ընդամենը երկու տարում նրանց վարած քաղաքականության արդյունքում մենք կորցրինք Արցախի 75 տոկոսը, իսկ դրանից երկու տարի անց՝ Արցախն ամբողջապես: Հետևապես, պնդել, որ նրանց վարած քաղաքականության արդյունքում հնարավոր է գեներացնել, որ մենք ունենք 100 տարվա հետագա պատմություն, իհարկե, կարող ենք սուտ համարել, քանի որ ընդամենը 2-4 տարվա ընթացքում նրանք կորցրին մեր երկրորդ պետականությունը, ուր մնաց՝ կարողանան պահել այն, ինչ մենք ունենք ներկա պահին»:

Կարապետյանի խոսքով՝ գործող իշխանությունները ոչինչ չեն անում տնտեսության զարգացման համար. «ՀՀ կառավարությունը, օրինակ՝ ԿԲ-ի հետ պետք է վարեր հատուկ սահմանված քաղաքականություն՝ ստերիլիզացիայի քաղաքականություն. Դա այն պարագան է, երբ ԿԲ-ն չի թողնում, որ դրամն այնքան արժևորվի, որպեսզի արտահանման ծավալը նվազի: Իսկ ինչպես գիտենք, տնտեսության մեջ որքան արտահանումը շատ է, այնքան տնտեսությունը շահում է, իսկ երբ ներմուծում ենք, մեր երկրից գումար է գնում: Գևորգ Պապոյանն իր վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ, երբ ասացին, որ տնտեսական ակտիվության աճի դանդաղում ունենք, նշեց տնտեսության ոլորտային ճյուղեր և ասաց, որ այդ ճյուղերում ունենք աճ, օրինակ՝ արդյունաբերությունը, նշելով, որ աճել է 5.3 տոկոսով, և խոսեց նաև առևտրի մասին, որ աճել է 13.5 տոկոսով, բայց եթե մենք ուշադրություն դարձնենք, կհասկանանք, որ վիճակագրական աղմուկ կա, քանի որ այդ թվերը գեներացվում են այն հանգամանքից ելնելով, որ Հայաստանն ուղղակիորեն դարձել է տարանցիկ գոտի: ՌԴ-ից Հայաստան ներմուծվում է ոսկի և արտահանվում և այդ չափով գեներացնում դրական արդյունք:

Կարդացեք նաև

Եթե իքս պահի այդ ոսկու ներմուծումը դադարի, Հայաստանի տնտեսությունը մեծ խնդիրների առաջ կկանգնի: Ինչ վերաբերում է առևտրին, ապա այն կազմված է մեծածախ և մանրածախ առևտրից: Մեծածախ առևտրի թվերը բարձրանում են, ինչը վկայում է այն մասին, որ ներմուծվող ոսկին պետք է մանրածախի միջոցով ի վերջո իրացվի, և քանի որ այդ ոսկին չի մնում ՀՀ-ում, մենք ունենում ենք մեծածախ առևտրի աճ, բայց չենք ունենում մանրածախ առևտրի համապատասխան թվով աճ, այսինքն՝ այստեղ հենց այդ վիճակագրական աղմուկը երևում է»:

Նա անդրադարձավ Գևորգ Պապոյանի այն հայտարարությանը, թե անորակ լոլիկ կամ ծիրան՝ ինքնիշխանության դիմաց՝ բանաձևն անցյալում է, և ընդգծեց, որ Գևորգ Պապոյանը չի տիրապետում՝ ինչ է ինքնիշխանությունը. «Նախկինների պարագայում նման բան չի եղել, քանի որ հստակ հասկացել են Հայաստանի, Արցախի գինը, ինքնիշխանության գինը և պետականության գինը: Մենք ստեղծել ենք ազգ-բանակ, որը դարերի խորքից է եկել, մեր ապրելակերպն է եղել, իսկ երբ Փաշինյանը եկավ ու ստեղծեց մի իրականություն, երբ մեր զոհերին պլյուս-մինուսով էր հաշվում, նրա կինը հայտարարում էր, որ մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի, հենց ազգ-նահատակությունը սկսվեց այդտեղից, և հուսով ենք, որ մոտ ապագայում կավարտվի այդ ամենը, թեպետ ՀՀ-ն և մեր զինվորները երբեք ազգ-նահատակ չեն եղել և չեն լինելու»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս