Հալեպում զինյալների հսկողության տակ գտնվող հատվածում 10 000 հայ է հայտնվել․ Սինանյան

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը բոլոր հնարավոր միջոցներով կապ է պահպանում Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ վերջին ռազմական լարվածության հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ տեղեկություններ ստանալու և, ըստ այդմ, հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մանրամասնեց, որ, չնայած կապի միջոցները վատ են գործում, սակայն բոլոր հնարավոր ձևերով փորձում են կապը պահել:

Նրա խոսքով՝ վերջին ռազմական լարման հետևանքով լուրջ իրավիճակ է ստեղծվել Հալեպում, որտեղ մինչև 10 հազար հայ հայտնվել է զինյալների հսկողության ներքո գտնվող հատվածում:

Ըստ Սինանյանի՝  հալեպահայերը գերադասում են մնալ տներում և չեն կարող դուրս գալ քաղաքից, ուստի տարհանման հնարավորությունն առայժմ բացակայում է:

Շարունակվող ռազմագործողությունների հետևանքով անհանգիստ իրավիճակ է ստեղծվել Քեսաբում, Դամասկոսում, հատկապես որ, ինչպես նշեց Սինանյանը, Սիրիայի կառավարական զորքերին չի հաջողվել կասեցնել զինյալների առաջխաղացումը: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գնահատմամբ՝ համեմատաբար հանգիստ է  իրավիճակը Լաթաքիայում:

Այդուհանդերձ, այն քաղաքներում, որտեղ իրավիճակը համեմատաբար հանգիստ է,տեղի հայերն անհանգստացած են ռազմագործողությունների թատերաբեմում հայտնված բնակավայրերում գտնվող իրենց հարազատների համար:

«Չնայած կապը շատ վատ վիճակում է, սակայն շարունակում ենք բոլոր հնարավոր միջոցներով ակտիվ կապ պահպանել Սիրայում մեր հայրենակիցների հետ․ ում հետ կարողանում ենք, խոսում ենք իրավիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար»,-ընդգծեց Սինանյանը:

Անցյալ շաբաթ Սիրիայում հակակառավարական ուժերը հարձակում են սկսել Իդլիբի և Հալեպի նահանգներում։ Նրանց հաջողվել է արագ վերահսկողության տակ առնել մի շարք բնակավայրեր, ինչպես նաևՀալեպը։ Հալեպի գրավումը Սիրիայի հակակառավարական ուժերի ամենամեծ հաջողությունն է վերջին տարիների ընթացքում։ 2016 թվականից ի վեր Սիրիայի կառավարությունը լիակատար վերահսկողության տակ էր վերցրել քաղաքը։

Տեսանյութեր

Լրահոս