Բաժիններ՝

Ճապոնիան մտադիր է շարունակել Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրի շուրջ բանակցությունները

Ճապոնիայի կառավարությունը երկրի նոր վարչապետ Ֆումիո Կիսիդեի օրոք մտադիր է շարունակել Ռուսաստանի հետ ակտիվ երկխոսությունը՝ տարածքային հարցերը լուծելու եւ հաշտության համաձայնագիր կնքելու նպատակով: Այդ մասին նախարարների կաբինետի կազմի հաստատումից հետո իր առաջին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ճապոնիայի ԱԳ նախարարության ղեկավար Տոսիմիցու Մոտեգին:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի պայմաններում ես հնարավորություն եմ ունեցել անձամբ հանդիպել Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի հետ, որի ընթացքում մենք քննարկել ենք երկկողմ հարաբերությունների զարգացման տարբեր տեսակետներ, որոնք շահավետ կլինեին երկու կողմերի համար, ինչպես նաեւ հաշտության համաձայնագրի կնքման ուղիները: Մենք հաստատել ենք, որ կողմերը կշարունակեն բանակցությունները՝ ուղղված Ճապոնիայի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Եվ այսուհետ մենք նույնպես մտադիր ենք շարունակել Ռուսաստանի հետ մեր ակտիվ երկխոսությունը, որն ուղղված կլինի տարածքային հարցի լուծմանը եւ հաշտության համաձայնագրի կնքմանը»,-նշել է Ճապոնիայի ԱԳ նախարարը:

Ճապոնիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները երկար տարիներ վատացնում է հաշտության համաձայնագրի բացակայությունը: 1956 թվականին ԽՍՀՄ-ը եւ Ճապոնիան ստորագրել են Համատեղ հռչակագիր, որում Մոսկվան համաձայնել է Հաբոմայի եւ Շիկոտան կղզիները Ճապոնիային հանձնելու հնարավորությունը դիտարկել հաշտության համաձայնագրի կնքումից հետո, իսկ Կունաշիրի եւ Իտուրուպի ճակատագրի հարցը չի արծարծվել: ԽՍՀՄ-ը հույս ուներ, որ փաստաթուղթը վերջակետ կդնի վեճին, իսկ Ճապոնիան դրանում տեսավ միայն խնդրի լուծման մի մասը՝ չհրաժարվելով բոլոր կղզիների նկատմամբ պահանջներից:

Հետագա բանակցությունները ոչ մի բանի չհանգեցրեցին, հաշտության համաձայնագիրը Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո այդպես էլ չստորագրվեց: 2018 թվականի նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի՝ Սինգապուրում տեղի ունեցած հանդիպումից հետո կողմերը հայտարարեցին բանակցային գործընթացն արագացնելու մասին: Որոշեցին հիմք վերցնել 1956 թվականի փաստաթուղթը, որը լուրջ զիջում էր դարձել Ճապոնիայի կողմից: Բայց Մոսկվան եւ Տոկիոն դեռ ոչ մի համաձայնության չեն եկել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս