Եթե 40 դատավորի ցուցակն օպերատիվ մարմինների տեղեկություն է, ինչո՞ւ է այն հասնում արդարադատության նախարարին. դատավոր Մխիթար Պապոյան
Ինչպես ավելի վաղ հայտնել էր 168.am–ը՝ այսօր Երևանի Մարզահամերգային համալիրում գումարվել է դատավորների հերթական ընդհանուր ժողովը, որի օրակարգում Դատավորների ընդհանուր ժողովի՝ էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցն է:
Մինչև ժողովի մեկնարկը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ օրեր առաջ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, թե իրենց ձեռքի տակ ունեն քաղաքականացված, կոռումպացված 40 դատավորի ցուցակ: Դատավորի խոսքով՝ իր համար զարմանալի է, թե որտեղից են այդ տեղեկությունները շրջանառվում, որ այս կամ այն դատավորն ընդգրկված է այդ ցանկում:
«40 դատավորի մասին, ինչպես դուք եք ասում, որ խոսվել է արդարադատության նախարարի կողմից, արդեն տարիներ շարունակ տարբեր դատավորների մասին տարբեր խոսակցություններ է լինում: Ես էլ ուզում եմ հասկանամ, թե որտեղից է գալիս այդ տեղեկությունը, որ այս կամ այն դատավորը, որոնք հայտնվել են այդ ցուցակում, ինչ են արել և ինչպես են իրենց դրսևորում: Եթե դա օպերատիվ տեղեկություններ են, ինչի համար օպերատիվ մարմինը հետևողականորեն չի աշխատում և իր աշխատանքը չի կատարում: Եթե դրանք ոչ օպերատիվ մարմնի տեղեկություններ են, այլ, ուղղակի, կփորձեմ ավելի կոռեկտ բառ ընտրել, ասեկոսեների արդյունք են, ասեկոսեների արդյունքում գնահատական տալ դատավորին, կարծում եմ՝ սխալ է: Այ, սրա մասին է խոսքը: Եթե դրանք օբյեկտիվ տվյալներ են, որտեղի՞ց օբյեկտիվ տվյալներ, ի՞նչ է արել: Արդարադատության նախարարը իր աշխատասենյակում նստած ինչ-որ դատական ակտերի գնահատական տալո՞վ է գալիս այդպիսի եզրահանգման, սա մեկ ուրիշ խնդիր է: Եթե օպերատիվ մարմինների կողմից տեղեկատվություն է, ապա ինչո՞ւ է օպերատիվ մարմնի տեղեկատվությունը հասնում արդարադատության նախարարին, այլ ոչ թե հենց իրենք իրենց մարմիններում չեն իրականացնում կամ չեն ռեալիզացնում այդ օպերատիվ տեղեկությունները:
Գիտեք, ես արդարադատության նախարարի նկատմամբ ունեմ իմ վերաբերմունքը, ինքն իմ համակուրսեցին է, բնականաբար, դրական վերաբերմունք, դրա համար չեմ կարող ասել՝ արդարադատության նախարարը տվյալ դեպքում այդ հայտարարությունը անելիս ճիշտ է արել, թե սխալ է արել: Կխուսափեմ այդպիսի գնահատականներ տալուց: Այնուամենայնիվ 3 տարի և շարունակ, մի փոքր ավելին, մենք անընդհատ լսում ենք թե՛ գործադիր մարմնի կողմից, թե՛ օրենսդիր մարմնի կողմից, որ դատական համակարգում անհրաժեշտ է իրականացնել վեթինգ, որ դատական համակարգի այսքան տոկոսը կամ այսքան մասը չպետք է աշխատի կամ սխալ են աշխատում: Ես կուզենամ, որ եթե դա իրականություն է, անպայման բացահայտվի, և բոլոր այն անձինք, ցանկացած պաշտոնյա, այդ թվում՝ նաև դատավոր, եթե թույլ է տվել ինչ-որ սխալ, դա կլինի քրեաիրավական արարքի տեսքով, թե ոչ քրեաիրավական արարքի տեսքով, իրենք պատասխանատվության կենթարկվեն»,- ասաց դատավորը:
Մխիթար Պապոյանի խոսքով՝ անհասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում վերջին 3 տարիների ընթացքում դատական իշխանությանը պարբերական թիրախավորելը: Դատավորի գնահատմամբ՝ այդ հայտարարություններն ազդում են դատական իշխանության վարկանիշի վրա:
«Տարբեր հայտարարությունների պատճառով որոշակիորեն դատական իշխանության վարկանիշը նվազում է, դա ակնառու է, բոլորն են տեսնում, այդ թվում նաև դուք՝ լրագրողներդ: Չի կարող անընդհատ խոսեն մի համակարգի վատ լինելու մասին, ու դա հասարակության մոտ վատ ազդեցություն չունենա, այն էլ խոսում է այնպիսի իշխանություն, որը վայելում է մեծամասնության հարգանքը, այսինքն՝ մեծամասնության հավանությանն արժանացած իշխանության կողմից: Իհարկե, նվազում է դատական իշխանության վարկանիշը»,- նշեց Պապոյանը:
Անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների նկատմամբ իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումներին՝ գաղտնալսումներ, հեռախոսազանգերի վերծանումներ և այլն, Պապոյանը վստահություն հայտնեց, որ իր իրավունքները խախտողները պատասխանատվության են ենթարկվելու:
«Ես սպասում եմ ուղղակի այդ քրեական գործի ավարտին: Կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր առնչվել են ու ովքեր իմ սահմանադրական իրավունքը խախտել են, ոչ միայն իմ, նաև իմ գործընկերների, նրանք բոլորը պատասխան են տալու իրենց արած սխալի համար: Ընդ որում, բոլորիդ համար լավ պարզ և հասկանալի է, որ այդ գաղտնալսումները և հեռախոսազանգերի վերծանումները ստանալը առանց դատարանի թույլտվության չի լինում, այդ թվում՝ նաև իմ կոլեգաները»,- ասաց Մխիթար Պապոյանը՝ ընդգծելով, որ պատասխանատվության են ենթարկվելու նաև այն դատավորները, որոնք սահմանադրական իրավունքի խախտմամբ որոշումներ են կայացրել, իհարկե չորոշակիացնելով, թե կոնկրետ որ դատավորի մասին է խոսքը: