Հոկտեմբերի 1-ին տեղի կունենա Դատավորների ընդհանուր ժողովը. hայտնի է օրակարգը
168.am-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Մարզահամերգային համալիրում տեղի կունենա դատավորների հերթական ընդհանուր ժողովը:
Օրակարգում Դատավորների ընդհանուր ժողովի՝ էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցն է:
Մեր այս տեղեկությունը հաստատեցին նաև Բարձրագույն դատական խորհրդից: Նկատենք, որ սեպտեմբերի 7-ին ԲԴԽ կայքում հրապարակվել են Դատավորների ընդհանուր ժողովի՝ էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամի թեկնածուների ցանկը և այն կազմակերպությունները, որոնք նրանք ներկայացնում են:
1. «Ֆրանկոֆոն փաստաբանների միավորում» իրավաբանների ՀԿ, նախագահ Մարտուն Փանոսյան:
Թեկնածու՝ Հարություն Գագիկի Հարությունյան:
2. «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության» ՀԿ, նախագահ Արմեն Եսոյան:
Թեկնածու՝ Հռիփսիմե Ռոբերտի Աջամօղլյան:
3. «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ, նախագահ Թևան Պողոսյան:
Թեկնածու՝ Արմեն Մերուժանի Հայկյանց:
4. «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, նախագահ Կարեն Զադոյան:
Թեկնածու՝ Արփինե Անդրանիկի Եղիկյան:
5. «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ, գործադիր տնօրեն Աշխեն Մուշեղյան:
Թեկնածու՝ Անահիտ Վլադիկի Աբրահամյան:
6. «Իրավունքի գերակայություն իրավապաշտպան» ՀԿ, նախագահ Արայիկ Ղազարյան:
Թեկնածու՝ Աշխեն Յուրիկի Դաշյան:
Մեր տեղեկություններով՝ 6 թեկնածուներից 2-ի՝ Հռիփսիմե Աջամօղլյանի և Արմեն Հայկյանցի դիմումները մերժվել են: Թե մնացած 4 թեկնածուներից ում այս կարևոր հանձնաժողովում կտա նախապատվություն Ժողովը, կպարզվի հոկտեմբերի 1-ին:
Հիշեցնենք, որ Դատավորների ընդհանուր ժողովի՝ էթիկայի և կարգապահական հանձնաժողովի դատավոր հանդիսացող անդամներն են՝ Սերգեյ Մարաբյան (Հանձնաժողովի նախագահ՝ 4 տարի ժամկետով), Ելիզավետա Դանիելյան, Լիլիթ Կատվալյան՝ 4-ական տարի ժամկետներով, Հովիկ Շահնազարյան, Արման Հովհաննիսյան, Մերի Համբարձումյան՝ 3-ական տարի պաշտոնավարման ժամկետներով: