Տնտեսությունը՝ համեմատության մեջ

Համեմատությունը որպես ճանաչողության մեթոդ՝ հին հույներից է հայտնի: Այդպես կարելի է ճանաչել որևէ երևույթի բնույթը, ծավալը և այլն: Համեմատությունը վիճակագրության հիմնական սկզբունքն է: Օրինակ, ինչ-որ տվյալներ իրար հետ համեմատում ու հայտարարում են, որ Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին կազմել է 4,9 տոկոս:

Բավարա՞ր է, թե՞ ոչ՝ կարելի է որոշել համեմատության մեջ: 2019-ին ՏԱՑ-ի ցուցանիշը 7 տոկոս էր, իսկ անցած տարի համավարակի միջոցառումների (ու ոչ միայն) պատճառով այն կրճատվել էր 6.4 տոկոսով: Կարելի է, իհարկե, համեմատել այս տարվա արդյունաբերական արտադրանքի ծավալն անցած տարվա նույն ժամանակի հետ ու ասել, որ 1 տոկոս աճ է արձանագրվել: Ասել, ոգևորվել ու բերել մյուս փաստը: Պարզվում է, որ շինարարության ծավալն անցած տարվա համեմատ աճել է 7.3 տոկոսով:

Մի կողմ թողնենք այն փաստը, որ շատ տնտեսագետների կարծիքով՝ շինարարության ծավալի աճը մեր տնտեսական մասշտաբում ոգևորող փաստ չի կարող լինել: Նրանք մատնանշում են այն փաստը, որ նախկինում էլ շինարարությունը պարբերաբար թափով զարգացման փուլից հետո մտնում էր լճացման փուլ (մինչև սպառման նոր պահանջարկի առաջացում): Սա թողնենք տնտեսագետների մասնագիտական քննարկումներին: Մենք պարզապես հիշենք համեմատության մեթոդը ու արձանագրենք, որ այս տարվա հունվար-օգոստոսին շինարարության ծավալը կազմել է մոտ 205 մլրդ 326 մլն դրամ: Այն, փաստորեն, 7.3 տոկոսով ավելի է քան 2020թ.: Բայց 2019թ. համեմատ նկատելի պակաս է: 2019թ. շինարարության ծավալը տարվա նույն ժամանակահատվածում կազմել է մոտ 208 մլրդ 242 մլն դրամ:

Այսինքն՝ շինարարության ծավալների աճով հպարտանալու տեղ չկա: Չկա բոլոր առումներով: Որովհետև այս տարվա ցուցանիշը մասնագիտական քննարկում-վերլուծությունների ժամանակ պարտադիր պիտի վերահաշվառվի: Վերահաշվառվի, ասենք, սպառողական-արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի ներառմամբ: Այդ բարդ հաշվարկներից խուսափելով՝ հիմա պարզապես արձանագրենք, որ այդ ինդեքսը 2019-ին 0.2 տոկոս էր. 2020-ին՝ 1,5 տոկոս: Իսկ այս տարի այն կատաղի՝ 9.8 տոկոս է (մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի մակրոտնտեսական ցուցանիշներին ծանոթ ցանկացած մարդ կարող է ասել, որ սա ավելի «կատաղի» ցուցանիշ է, քան սպառողական գների ինդեքսը: Այն կազմել է 6.4 տոկոս: Իսկ 2019-ին՝ 1.8 տոկոս է, 2020-ին՝ 0.8):

Գնաճի այս ցուցանիշների ներառման դեպքում կարելի է արձանագրել, որ արդյունաբերական արտադրանքի 1 տոկոսանոց աճի ցուցանիշն էլ իրականում կարելի է կրճատում արձանագրել: Վերահաշվարկի դեպքում հավանաբար դրական ցուցանիշ կմնա առևտրի ոլորտի 7.1 տոկոսանոց աճից: Բայց հնարավոր է՝ ոչ մի բան չմնա ծառայությունների ոլորտի 4,3 տոկոսանոց աճի տվյալից: Որովհետև այն նույնիսկ ֆիզիկական ծավալով զիջում է 2019թ. ցուցանիշին:

2019-ին ծառայությունների ծավալն արձանագրվել է մոտ 1.284 մլրդ դրամ: Իսկ այս տարվա ցուցանիշն ավելի փոքր է՝ մոտ 1192 մլրդ դրամ: Մակրոտնտեսական ցուցանիշների մեջ կա տվյալների մի զույգ, որն ավելի կայուն վճարամիջոցով է հաշվառվում, քան մեր ազգային դրամն է: Վիճակագրությունն արտաքին ապրանքաշրջանառությունը հաշվառում է ԱՄՆ դոլարով: Այն անցած տարվա համեմատ աճել է 3.2 տոկոսով և կազմել մոտ 5 մլրդ 2 մլն դոլար (աճը՝ 12.7 տոկոս): 2019-ին մոտ 4.844 մլրդ դոլար էր, 2020-ին՝ մոտ 4.385 մլրդ դոլար: Այստեղ աճը գրանցվել է արտահանումների աճի հաշվին:

Հասկանալի է, որ աճի մեջ լուրջ դերակատարություն ունի և հանքարդյունաբերության ծավալների աճը, և պղնձի գնաճը համաշխարհային շուկայում: Արտահանումների աճի ցուցանիշի տպավորությունը չփչացնելու համար այն չհամեմատենք 2019թ. ցուցանիշի հետ և նշենք, որ 2020-ի համեմատ՝ աճը կազմել է 21.8 տոկոս՝ կազմելով մոտ 1.912 մլրդ դոլար: Իսկ այ, ներմուծումների մասով ասենք, որ ծավալը 2019-ի հետ համեմատ դեռ չի վերականգնվել: 2019-ին ներդրումները մոտ 3.184 մլրդ դոլար էր, իսկ այս տարի՝ մոտ 3.090 մլրդ: Արտահանում-ներմուծում տարբերությունը (սալդոն) շարունակում է մնալ բացասական: Բայց դա մեր տնտեսության հին ու, ցավոք, շատ մշտական «հիվանդությունն» է, և զրույցի այլ թեմա:

Ճիշտ այնպես, ինչպես էլեկտրաէներգիայի արտադրության կրճատումն է: Իսկապես կարելի է անհասկանալի գնահատել այն, եթե համադրենք անցած տարվա համեմատ արտադրված էլեկտրաէներգիայի 1.5 տոկոսանոց կրճատումն այս տարվա արդյունաբերական արտադրանքի 1 տոկոսանոց աճի հետ: Դա իսկապես անհասկանալի կլիներ, եթե չիմանային, որ մենք էլեկտրաէներգիա արտահանող երկրից վերածվել ենք էլեկտրաէներգիա ներմուծող երկրի: Բայց դա էլ զրույցի այլ թեմա է:

Տեսանյութեր

Լրահոս