Աջ ու ձախ «մենք ինքնիշխան ենք» ճչացողներին կողքից մարդիկ նայում են անթաքույց տարակուսանքով, որովհետև ինքիշխանություն ունեցող ազգը այդ մասին աջ ու ձախ չի գոռում. Վահագն Մխոյան
Վահագն Մխոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ու վերադառնալով Սոլովյովին։
Չափահաս մարդը երեխայից տարբերվում է ոչ թե ապրած տարիների քանակով, այլ՝ իր արարքների հետևանքները կանխատեսելու ունակությամբ և այդ հետևանքների համար պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությամբ։
Ու այս իմաստով Հայաստանը մանկապարտեզ է բաց երկնքի տակ։
Սակայն ի՞նչ կապ ունի այստեղ Սոլովյովը։ Երբ մեր հանրությունը, Սոլովյովին տեսնելիս, սկսում է ոտքերը հատակին խփելով ճչալ, թե՝«մենք ինքնիշխան ենք, մենք ինքնիշխան ենք», ապա մոռանում է մի փոքրիկ մանրուք․ Ռուսաստանը նույնպես ինքնիշխան պետություն է։ Ու որպես ինքնիշխան պետություն կարող է նաև ուժ կիրառելու մասին որոշում ընդունել և կիրառել այդ ուժը։ Իսկ այդպիսի պարագայում, ի դեպ, «մենք ինքնիշխան ենք, այ տականք ագրեսոր» տիպի գոռոցները կանխարգելիչ շատ թույլ ազդեցություն են թողնում․ տենց մոտավորապես ուղիղ զրոյական։
Սակայն ինֆանտիլ հասարակությունը, երբ նրան սպառնում են, նա ճչոցներ, սկանդալ ու ինադու գործողություններ է ուզում, ոչ թե սպառնալիքը չեզոքացնելուն, ռիսկերը նվազեցնելուն ուղղված մտածված քայլեր։ Ու, ինքնին հասկանալի է, որ այդ սկանդալների ու ինադու գործողությունների հետևանքների, այդ հետևանքների պատասխանատվությունը ստանձնելու պատրաստակամության մասին խոսք անգամ չի կարող լինել։ Պատասխանատու վարքի մասին հիշեցումներին էլ ի պատասխան երեխան թափահարում է ճչալու իր իրավունքի մասին ՄԱԿ հռչակագրերը։
Եվս մի հանգամանք։ Աջ ու ձախ «մենք ինքնիշխան ենք» ճչացողներին կողքից մարդիկ նայում են անթաքույց տարակուսանքով։ Որովհետև ինքիշխանություն ունեցող ազգը այդ մասին աջ ու ձախ չի գոռում։ Դրա կարիք չկա, մարդիկ առանց այդ էլ նայում ու տեսնում են, որ «ահավասիկ ինքնիշխան մի ազգ»։ Երբ Նիկոլ Փաշինյանը հարցնում էր, թե «այդ ի՞նչ գործ ուներ հայկական բանակը հարևան երկրի տարածքում», ապա դրա պատասխանը ոչ միայն այն է, որ դա Ադրբեջանի տարածք չէր ու չէ, այլև այն, որ Հայաստանը ինքնիշխան պետություն էր և կիրառում էր իր բանակն այնպես, ինչպես իրեն պետք էր։ Ու մարդիկ նայում և տեսնում էին դա։
Իսկ սոլովյովների բերանով հնչեցված սպառնալիքներին պիտի վերաբերվել միանգամայն լուրջ»։
