Ադրբեջանի դիվանագիտական ակտիվությունը TRIPP-ի շրջանակային թղթից հետո․ ի՞նչ է համակարգում Բաքուն

Հունվարի 15-ին Վաշինգտոնում Միրզոյան-Ռուբիո հանդիպումից հետո ԹՐԻՓՓ իրականացման շրջանակի մասին փաստաթղթի հրապարակումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ակտիվ խորհրդակցություններ է սկսել Թուրքիայի ու Միացյալ Նահանգների գործընկերների հետ։

Նույն օրը Ջեյհուն Բայրամովը շուրջ 2 ժամ հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ և քննարկել շրջանակային փաստաթուղթը։

«Մենք այս հարցի շուրջ երկժամյա քննարկումներ ենք ունեցել Ջեյհուն Բայրամովի հետ։ Ադրբեջանական կողմի տեսլականը կարևոր է մեզ համար։ Նախագահ Էրդողանը նույնպես տեղեկացվել է այս մասին»,- ասել էր Հաքան Ֆիդանը։

Նա նշել էր՝ ԱՄՆ-ը դրդում է Երևանին խաղաղություն հաստատել Բաքվի հետ։

Կարդացեք նաև

Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ Բայրամովը զրուցել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հարավային Կովկասում խաղաղության առաջմղմանն ուղղված վստահության ամրապնդման հետագա քայլերին։

Մարկո Ռուբիոն իր գոհունակությունն էր արտահայտել նաև Ադրբեջանի կողմից Հայաստան վառելիքի մատակարարումների կապակցությամբ՝ համարելով դա կարևոր քայլ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տան գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջ քաշված պատմական խաղաղության համաձայնագրի համար։ Եվ այսօր ևս հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի միջև։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությունը:

Բացի այդ, մտքերի փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային անվտանգության հարցերի, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Այսինքն՝ Մարկո Ռուբիոյի հետ զրուցից հետո առաջացել է Թուրքիայի ԱԳ նախարարի հետ բանակցելու անհաժեշտություն։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի վերջին հեռախոսազրույցները՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ, պետք է դիտարկել որպես դիվանագիտական համակարգում օրերս Վաշինգտոնում Երևան-Վաշինգտոն փաստաթղթի հրապարակումից հետո։

Բաքուն շարունակում է աշխատել իր համար նպաստավոր քաղաքական ճարտարապետություն կառուցելու վրա՝ TRIPP նախաձեռնության շուրջ։

Այս շփումները ցույց են տալիս, որ Ադրբեջանը գիտակցում է՝ տարածաշրջանային հաղորդակցությունների թեման մտել է նոր փուլ, որտեղ կա պաշտոնապես նոր խաղացող՝ ի դեմս ԱՄՆ-ի, որը որքան էլ սերտ աշխատում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, պահանջում է էլ ավելի մանրամասն աշխատանք և թուրք-ադրբեջանական վերահսկողության պահպանում բոլոր գործընթացների նկատմամբ։

Ադրբեջանի դիվանագիտական ակտիվությունը TRIPP-ի ձևավորման ներկայիս փուլում արտացոլում է Ադրբեջանի փորձը՝ գործընթացը դարձնել վերահսկելի և երկարաժամկետ կառավարելի։ Ադրբեջանում հասկանում են, որ ով ձևակերպում է խաղի կանոններն այս փուլում, նա էլ սահմանելու է տարածաշրջանային հաղորդակցությունների իրական քաղաքական բովանդակությունը։

Եվ այստեղ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանն ու Թուրքիան են ձևավորում ռեգիոնալ օրակարգը, առաջ մղում ու կառավարում այն։ Ներկայումս այդ օրակարգին նպաստող խաղացողն ԱՄՆ-ն է, սակայն ռեգիոնալ երկրների ինտենսիվ շփումները ցույց են տալիս, որ խնդիր է դրված ԱՄՆ մասնակցությունը դարձնել լիովին կանխատեսելի ու «հարմար»։

Տեսանյութեր

Լրահոս