Հովիկ Աբրահամյանը` անարդար Ձմեռ պապի դերում
Ամանորին բոլորը սիրում են նվերներ ստանալ. նույնիսկ նրանք, ովքեր այլևս չեն հավատում, որ կա Ձմեռ պապ, ով Ամանորի գիշերը նվերներ է բաժանում: Նվերներ սիրում են նաև ԱԺ պատգամավորները, որոնց համար Ձմեռ պապն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է, քանի որ նրա որոշմամբ պատգամավորները, որպես ամանորյա նվեր, պարգևավճար կստանան: Աբրահամյանի հրամանով՝ ԱԺ-ի թվով 65 պատգամավորներ իրենց աշխատավարձի չափով պարգևավճար (պրեմիա) են ստանալու: Պատգամավորի աշխատավարձը` հարկերն ու սոցվճարը հանած, կազմում է 234 հազար դրամ: Պատգամավորներն այդքան գումար ստանում են առձեռն:
ԱԺ-ն 131 պատգամավոր ունի, բայց ԱԺ նախագահը որոշել է պարգևավճար տալ նրանց միայն կեսին` իր գնահատմամբ, այսպես ասած, սոցիալապես անապահով պատգամավորներին: ԱԺ պատգամավորներից սոցիալապես անապահով են համարվում նրանք, ովքեր չեն զբաղվում գործարարությամբ`երևացող բիզնեսներ չունեն:
Չնայած համարվում է, որ Ձմեռ պապն ամենաարդարն է, բայց նույնիսկ պարգևավճարների հարցում տեղ են գտել որոշ անարդարություններ, գոնե մեր` սուբյեկտիվ կարծիքով: Օրինակ, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պարգևավճար չի տրամադրվել: Որքան էլ Ալեքսանյանը պնդի, որ ինքը գործարարությամբ չի զբաղվում, սոցիալապես անապահով է, յոթ երեխա է պահում և աջակցության կարիք ունի, միևնույն է, ԱԺ նախագահի համար այս պնդումները այնքան էլ համոզիչ չեն թվացել, և նա Ալեքսանյանին պարգևավճար ստացող պատգամավորների ցուցակում չի ընդգրկել: Փոխարենը, Աբրահամյանն այդ ցուցակ է մտցրել բոլոր ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներին: Սա, անկեղծ ասած, ավելի մեծ անարդարություն է, քան Սամվել Ալեքսանյանին պարգևավճարից զրկելը: Ընդդիմադիր պատգամավորներից շատերը նախկին նախարար կամ այլ պաշտոնյա են եղել, մյուսները, թեև գործարար չեն, բայց տևական ժամանակ, ընդդիմադիր գործունեությանը զուգահեռ, «ինտեգրվել» են իշխանական և այլընտրանքային գործարարներին, ու նրանցից մշտապես ֆինանսական աջակցություն են ստանում, տարվա ամենատարբեր եղանակներին և ամիսներին: ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունների, այսպես կոչված, սոցիալապես անապահով պատգամավորներն էլ իրենց խմբակցությունից են ամսական 2000-ական դոլար պարգևավճար ստանում `«ցինգայի դեմ պայքարի համազգային ծրագրի շրջանակներում»: Մի խոսքով, խորհրդարանում սոցիալապես անապահով պատգամավորներ գրեթե չկան. չնայած ամեն ինչ համեմատության մեջ է ճիշտ: Եթե մեկը միլիարդատեր է, մյուսն ընդամենը ամսական մի քանի հազար դոլար է ստանում, ապա վերջինիս առանց խղճի խայթի կարելի է մտցնել սոցիալապես անապահովների խավի մեջ: Բացի այդ, ինչպես ժողովրդական ասացվածքն է ասում, ավել կոպեկը գրպան չի ծակում:
Բայց ամենասարսափելին նույնիսկ այն չէ, որ երեք հազար դոլար ստացողը համարվում է սոցիալապես անապահով: Խնդիրն այն է, որ Հովիկ Աբրահամյանը որոշել է պարգևավճար տալ ոչ թե շարքային անապահովներին, այլ նրանց, ովքեր համարվում են միլիոնատեր: Օրինակ, պարգևավճար ստացողների մեջ է Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Նույնիսկ ամերիկյան դատարանները գիտեն, որ Այվազյանը միլիոնատեր է, այլապես նրան չէին պարտադրի 37 միլիոն դոլար վճարել իր գործունեության հետևանքով տուժած ամերիկյան ընկերությանը: Բայց ԱԺ նախագահը համարել է, որ Այվազյանն այդ 234 հազար դրամի կարիքն ունի: Գուցե դա նրանից է, որ Աբրահամյանը որոշել է որևէ կերպ օգնել Այվազյանին, որպեսզի նա կարողանա կատարել ամերիկյան դատարանի վճիռը:
Հովիկ Աբրահամյանի որոշման արդյունքում պետական բյուջեից ընդամենը 15 միլիոն դրամ է հատկացվել պատգամավորներին ամանորյա ուրախություն պարգևելու համար: Սա այնքան էլ մեծ գումար չէ, եթե նկատի ունենանք, թե ինչ ախորժակ և հավակնություններ ունեն պատգամավորները: Բայց նույնիսկ այդ 15 միլիոնը կարելի էր մի փոքր արդյունավետ ծախսել: