«Սերժի ժամանակ ավելի մտածված էին գործում․.. ոռոգման ջուրը նորից անջատել են, բացարձակ անտերություն է»․ Էջմիածնի բնակիչ
Արմավիրի մարզի հողօգտագործողները կրկին ահազանգում ու բողոքի ձայն են բարձրացնում՝ մարզում ոռոգման ջրի խնդիրը շարունակում է չլուծված մնալ: Իշխանությունները միայն խոստումներ են տալիս, բայց գործնական քայլեր չեն երևում:
Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի բնակիչ Սամվել Լալազարյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ներկա պահին ոռոգման ջուր էլի չկա․
«Երեկ նորից անջատել են, ասել են՝ այսօր կտանք։ Այնքան ապուշ, հիմար ձևով են աշխատում, պետական մտածողություն չկա, անջատում են, չէ՞, մինչև ջուրը խողովակներով տեղ է հասնում, բավականին էներգիա է ծախսվում, օրը մեջ անջատում են, եթե ջուրը կտրում եք, 3 օրով, 5 օրով կտրեք, հետո նորմալ տվեք, ոչ թե օրը մեջ անջատեք ու այդքան էներգիայի կորուստ տվեք։ Դրա համար երկիրն առաջ գնալու փոխարեն՝ հետ է գնում։ Կամ ասում են՝ սպասում ենք Սևանի ջրին, այ մարդ, Սևանի ջուրը տեղ չհասա՞վ, չեմ հասկանում, մարդ գլուխ չի հանում սրանց արած գործից։ Հա՛, ես Սերժին դեմ եմ եղել, բայց Սերժի ժամանակ ավելի մտածված էին գործում, քան սրանց ժամանակ, բացարձակ անտերություն է, սա ժողովրդավարություն չի, սա վնասարարություն է։ Սերժի ժամանակ պարարտանյութը տալիս էին, սալյարկեն տալիս էին, բայց սրանց ժամանակ դա էլ չկա։ 40 տարի է՝ գյուղատնտեսության ոլորտում եմ աշխատում, բայց սենց բան չէի տեսել, երևի մեկ էլ 90-ական թվականներին՝ մութ ու ցուրտ տարիներին էին սենց ջուր տալիս։ Էս ի՞նչ է կատարվում, մարդ բան չի հասկանում, ամբողջ նագրուզկեն գցել են ժողովրդի վրեն․․․»։
168.am-ը մի քանի ամիս առաջ էր եղել Սամվել Լալազարյանի հողատարածքում, ականատես եղել չորացող մշակաբույսերին և այսօր հարցրեցինք՝ կարողացա՞ն նորմալ բերք ստանալ և հետո իրացնել․
«Կարելի էր ավելի շատ բերք ստանալ, առնվազն 40 տոննա բերք եմ կորուստ տվել, որովհետև ջուրը ժամանակին չտվեցին, 15-20 օրը մեկ մի թուլափայ քցում էին՝ վեկալ ջրի։ Ահավոր խայտառակ վիճակ է, դժգոհ եմ, էն էլ չտեսնված դժգոհ եմ։ Հիմա բացարձակ անտերություն է, Ջրային կոմիտեի էն մեծամիտ նախագահը, որ Ազգային ժողովում ելույթ ունեցավ, նրանից սկսած, իր տեղակալներով վերջացրած, կառավարության օրինակը լավ վերցրել են, կառավարությունում անտերություն է, ոչ մեկը ոչ մեկի խաթրին չի կպնում, նույնն էլ իրենք են, ասում ես էլ, բանի տեղ չեն դնում՝ դե ասիր-ասիր, թող գնա, է՜ հետո՞»։
Գյուղացին նաև դժգոհեց, որ մարդիկ միլինավոր գումարների կորուստ են ունեցել, պետությունը, սակայն, փոխհատուցում չի տվել․
«Հատուցում բացարձակ չի եղել, որ հատուցում բառը լսում ենք, ծիծաղում ենք, ի՞նչ հատուցում․․․ Մենք պետությունից ոչինչ չենք ակնկալում, հատկապես սրանցից ոչ մի բան չենք սպասում, սրանք էդ մարդիկ չեն։ Թող ընդամենը նորմալ ջուր տան, մարդիկ արդյունքի հասնեն, ես այս տարի 5 միլիոն վարկ եմ վերցրել, որ այս տարի կարողանամ փակեմ՝ լավ է, կոպիտ ասած՝ պլստալու տարի է, կարողանաս պլստաս, խայտառակ վիճակ է։ Այս իշխանությունները տգետների հավաքածու են, ես չեմ ընդունում սրանց, ես սրանց մեջ աշխատանք չեմ տեսնում, բացարձակ անտերություն է, սրանք ինչքան շուտ հեռանան, այնքան մեր օգուտն է»։
Երկար տարիներ գյուղատնտեսությամբ զբաղվող Սամվել Լալազարյանը այսօրվա խնդրների մասին իր պատկերացումներն ունի․
«Նախ կառավարությունն ինքը պետք է նորմալ աշխատի, որ ստիպի Ջրային կոմիտեին նորմալ աշխատել։ Կառավարության ստորադաս մարմինները պետք է զգան, որ եթե այս գործը չարեցին, կհեռացվեն կամ կարգապահական տույժի կենթարկվեն, այս մարդիկ ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվում․․․ Օրինակ՝ վարչապետի աթոռին նստած մարդը գրառում է արել, որ սխալներով առաջ ենք շարժվում, էդ մարդը չի պատկերացնում, որ սխալներով հետ են շարժվում, ոչ թե առաջ, եթե այդ մարդն այդ հասկացողությունն ունի, էլ ենթականերից ի՞նչ պահանջեն։ Էս մարդիկ մտածում են՝ եկել ենք, ինչքան կարանք՝ երկար մնանք, բայց երկար մնալով՝ երկրի հերն եք անիծում, նորմալ պետություն կարո՞ւմ եք ստեղծեք, չէ՛, հեռացեք, թող նորմալները գան աշխատեն․․․»։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի բնակիչները, տևական ժամանակ է, ահազանգում են, որ ոռոգման ջուր չլինելու պատճառով մշակաբույսերը չորացել են։ Նրանք հունիս և հուլիս ամիսներին մի քանի անգամ ճանապարհ են փակել, որպեսզի այդկերպ իրենց ձայնը լսելի լինի։