Ինչո՞ւ է Նորա Կարապետյանն ուզում թողնել պաշտոնը, ի՞նչ խնդրի առաջ է կանգնել Գագիկ Ջհանգիրյանը
2021թ. մայիսի 5-ին, այսինքն՝ մոտ 3 ամիս առաջ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ նշանակվեց Նորա Կարապետյանը:
Այս նշանակման հետ համակարգում մեծ հույսեր էին կապում, քանի որ Նորա Կարապետյանին գործընկերները բնութագրում էին՝ որպես բարձր պրոֆեսիոնալ ու մարդկային բարոյական արժեքներով օժտված անձնավորության:
Երեկ, սակայն, Hraparak.am–ը գրել էր, որ Նորա Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, և որ դրա պատճառը նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով՝ Գոռ Թորոսյանի, Արման Կուրեխյանի և Սամվել Գրիգորյանի նշանակումն է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների պաշտոնում:
«Տիկին Կարապետյանին, նշանակվելուց առաջ, հավաստիացրել են, որ համակարգում բարեփոխումներ են լինելու, որ էլ բարեկամ-ծանոթով դատավորներ չեն նշանակվելու, այլ բացառապես ընտրվելու են երիտասարդ ու անբասիր հեղինակությամբ անձինք: Երևի թե այս նշանակումները չեն տեղավորվում այդ խոստումների շրջանակներում, եթե այս տարվա մայիսին նշանակված նախագահը որոշել է հրաժարական տալ»,- գրել էր կայքը:
168.am-ի տեղեկություններով՝ Նորա Կարապետյանը թեև ԲԴԽ հրաժարականի վերաբերյալ դիմում չի ներկայացրել, սակայն գրել է, և այս պահին նրան համոզում են հետ վերցնել այն։ Նման որոշման պատճառը, ըստ մեր աղբյուրների՝ իսկապես իր աշխատանքային սկզբունքներում չտեղավորվող նշանակումներն են:
Այն, որ ԲԴԽ-ում դեռ Նորա Կարապետյանից դիմում չունեն, հաստատեցին նաև ԲԴԽ լրատվական ծառայությունից:
Եվ այսպես, ովքե՞ր են Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նորանշանակ դատավորները:
Արման Կուրեխյանը իջևանցի է, հաճախ է տարբեր միջավայրերում ասում, որ սովորել է Նիկոլ Փաշինյանի զուգահեռ դասարանում: 2018 թվականի հուլիսի 4-ին Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:
Թե ինչով է պայմանավորված 10 տարի Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր աշխատած Արման Կուրեխյանի՝ 2018թ. այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում նշանակվելը, դժվար չէ կռահել:
Ի դեպ, իր հարցազրույցներից մեկում Արման Կուրեխյանն ասել էր. «Վեթինգ անցնելու մեջ որևէ վատ բան չեմ տեսնում և որևէ մտավախություններ չունեմ։ Մի առիթով արդեն Բարձրագույն դատական խորհրդի նիստում հայտարարեցի, որ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ բարեկամական, ընկերական, խնամիական կամ որևէ այլ կապ չունեմ»:
Նույն այդ հարցազրույցում վերջինս համարում է, որ ստանում է բավականին բարձր աշխատավարձ, որը բավական է բարեկեցիկ կյանքով ապրելու համար, մինչդեռ առհասարակ միշտ է բարձրաձայնվում, որ դատավոր դառնալը հիմա գայթակղիչ չէ, քանի որ ահռելի ծանրաբեռնվածության պարագայում դատավորների ներկայիս աշխատավարձը բավականին ցածր է համարվում, և երիտասարդ, խելացի իրավաբանները հենց այս նկատառումներից ելնելով էլ նախապատվություն են տալիս մասնավոր սեկտորին:
Սա առավել քան հետաքրքիր մոտեցում է, քանի որ հայտնի է, որ տարբեր դատարաններում իր հանդիպումների ժամանակ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ինքն էլ ընդունում է, որ դատավորների աշխատավարձը ցածր է, ու առաջիկայում այն անպայման կբարձրացվի:
Հատկանշական է, որ 2020թ. հուլիսին նա ինքնառաջադրվել էր՝ որպես Սահմանադրական դատարանի դատավոր:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր նշանակված հաջորդ դատավորը Սամվել Գրիգորյանն է, ով մինչ այս պաշտոնում նշանակվելը եղել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը:
Դատական համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ Նորա Կարապետյանի համար տարբեր պատճառներով անընդունելի են հենց Արման Կուրեխյանի և Սամվել Գրիգորյանի նշանակումները:
Երրորդ դատավորի՝ Գոռ Թորոսյանի մասին ասում են՝ բանիմաց դատավոր է ու նորմալ մարդ:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին Գագիկ Ջհանգիրյանն ամեն ինչ անում է, որ Նորա Կարապետյանը հրաժարականի դիմում չգրի, քանի որ Նիկոլ Փաշինյանը խնդիր է տեսնում, եթե 3 ամիս առաջ նշանակված Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահը հրաժարականի դիմում է ցանկանում ներկայացնել: