Ինչո՞ւ է Սամվել Ալեքսանյանի դստեր ընկերությունն ազատվում 106 միլիոն դրամ մաքսատուրքից, և ինչո՞ւ նիստի օրակարգից անհետացավ Մհեր Սեդրակյանի որդուն պատկանող ընկերությանը 17 միլիոն դրամ մաքսատուրք զիջելու հարցը
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներն Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանից հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է կառավարությունը չզեկուցվող նախագծերով պատրաստվում արտոնություն տրամադրել գործարարներ Սամվել Ալեքսանյանին և Դավիթ Սեդրակյանին՝ միաժամանակ նկատելով՝ արդյո՞ք մաքսատուրքերը զիջելուց չի տուժում պետական բյուջեն:
Վահան Քերոբյանն ի պատասխան՝ պարզաբանեց, որ մաքսատուրքը գնում է ԵԱՏՄ բյուջե, և, որ սահմանափակել են արտոնությունների տրամադրման կարգը.
«Դա մեր պետբյուջեն չի, բայց, իհարկե, մեր պետբյուջեն անուղղակիորեն սնվում է ԵԱՏՄ բյուջեից: Վերջերս, եթե հիշում եք, մենք խիստ սահմանափակել ենք արտնությունների տրամադրման կարգը, ձևը և փորձել ենք սահմանափակել այդ արտոնությունների տրամադրումը միայն սարքավորումների մասով և միայն այնպիսի հումքի մասով, որը, մեծամասամբ, այսինքն՝ ավելի քան 80 տոկոսով, արտահանվելու է: Այսինքն՝ ներքին շուկայում սպառման տեսանկյունից մենք աշխատում ենք այնպես անել, որ չտուժի մրցակցությունը, և բոլոր խաղացողներն ունենան նույն պայմանները: Եվ միայն հումքից արտահանման մասով ենք փորձում աջակցել մեր ընկերություններին. այդ տեսանկյունից՝ երկու ընկերություններն էլ լիովին բավարարում են նորացված, ավելի խիստ չափանիշներն և դրա համար էլ ստացել են այդ արտոնությունը»:
Ի դեպ, նախարարի պաշտոնակատարն այս համատեքստում անդրադարձավ նաև մամուլում շրջանառվող լուրերին, թե իրենց թիմի հետ մրցակցող դաշինքի անդամները ճնշումների են ենթարկվում՝ նշելով, որ սա շատ լավ օրինակ է, որպեսզի ապացուցվի, որ այդպես չէ:
Հիշեցնենք՝ Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում էր:
Լրագրողի դիտարկմանը՝ այդպես եք արել, որ ասեք՝ չենք ճնշում, Վ. Քերոբյանն արձագանքեց. «Ոչ, մենք ուղղակի աշխատում ենք օրենքի սահմաններում, և եթե օրենքի սահմաններում որևէ ընկերության պետք է արտոնություն տալ, տալիս ենք, իսկ եթե օրենքի սահմաններում ինչ-որ մեկը հանցագործություն է կատարել, ինքը պատժվում է:
Այսինքն՝ մեր գործողությունների տրամաբանությունը ոչ թե ինչ-որ մեկին ճնշելն է, ինչ-որ մեկին օգնելն է, այլ օրենքի սահմաններում անել հնարավորինս ամենաշատը, որպեսզի ՀՀ քաղաքացիներն իրենց լավ զգան»:
Հարցին էլ՝ արդյո՞ք 106 միլիոն դրամի արտոնություն տալն ընդհանրապես կապ չունի նրա հետ, որ Սամվել Ալեքսանյանը գոնե լոյալ վերաբերմունք ունի այս իշխանության նկատմամբ, նա պատասխանեց.
«Եթե դուք նայեք, մենք շատ արտոնություններ ենք տալիս տարբեր ընկերությունների. կոնկրետ այս արտոնությունը տրվում է մի հումքի համար, որը մեծ մասամբ արտահանվելու է, և այդտեղ որևիցե հարց չկա:
Ասեմ ձեզ, որ մենք շարունակելու ենք պաշտպանել տեղական արտադրողներին, տալ նրանց բոլոր հնարավորությունները, որպեսզի իրենք լավ արտահանեն, գրավեն արտաքին շուկաները: Ինքս անձամբ մեր տնտեսական շահերը պաշտպանելու համար բազմաթիվ բանակցություններ եմ ունենում տարբեր երկրների պաշտոնյաների հետ, որպեսզի մեր տնտեսական շահերն օգնեն մեր ընկերություններին գրավել արտաքին շուկաները: Եվ այստեղ սա ես համարում եմ իմ աշխատանքի մասը:
Մենք շատ խոսում ենք փոքր, միջին ձեռնարկությունների մասին, բայց ես նաև շատ աշխատում եմ, որպեսզի մեծ ընկերություններն էլ հաջողակ լինեն և ավելի մեծանան, որովհետև, օրինակ, Կորեայի պես երկիրը, կարելի է ասել, կառուցվել է երկու-երեք գիգանտների վրա: Սամսունգը, Հյունդային ստեղծել են այն շոգեքարշները, որոնցով Հարավային Կորեայի տնտեսությունը սլացել է առաջ, և այդպիսի խոշոր ընկերությունների առկայությունը Հայաստանում շատ մեծ տնտեսական էֆեկտի է բերում»:
Հավելենք՝ Վահան Քերոբյանի նշած «տարբեր ընկերություններին տրվող շատ արտոնություններ»-ի ցանկում մի քանի անգամ եղել է հենց Սամվել Ալեքսանյանի դստերը պատկանող նույն ընկերությունը:
Ուշագրավ է, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգից հանվել է Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին պատկանող «Դռագսման» ընկերությանը 17 միլիոն դրամ մաքսատուրքից ազատման արտոնություն տալու հարցը, որը դեռ երեկ առկա էր օրակարգում:
Ստացվում է՝ նախարարի պաշտոնակատարն այլևս չի կարող սա որպես օրինակ «փողփողել», թե ինչքան ազնիվ ու վեհ է հայրենի կառավարությունը, որը բարի աչքով է նայում մրցակից քաղաքական ուժերի անդամներին: