Լուծեք մեր ամուսինների՝ խոպանից վերադառնալու հարցը. Քաղաքացին՝ Արամ Սարգսյանին

«Հանրապետություն» կուսակցությունը բացել է շարժական շտաբի արկղերը, որտեղ անցած շաբաթվա ընթացքում հավաքվել են քաղաքացիների հարցերն ու մաղթանքները:

Գոհար Ալեքսանյանը, օրինակ, կուսակցությանը հանձնարարել էր ընտրվելուց հետո առաջին հերթին լուծել սփյուռքի հետ բաժնետիրական բիզնեսի ստեղծման հարցը, որի վերահսկիչ փաթեթը կլինի պետության ձեռքին:

«Հանրապետություն» կուսակցության առաջին համար Արամ Սարգսյանը պատասխանելով հարցին՝ ասաց, որ շատ կարևոր է համարում ներդրումները և դրանց համար համապատասխան հարկային և օրենսդրական դաշտի ստեղծումը:

«Ներդրողը պետք է վստահ լինի, որ իր իրավունքները Հայաստանի Հանրապետությունում պաշտպանված են, և խախտումների դեպքում կարող է վիճարկել դատարանում: Սա ամենակարևոր խնդիրներից է, որը եղել է ՀՀ բոլոր երեք կառավարությունների հիմնական խնդիրը: Դժբախտաբար, այդ խնդիրներն ամբողջությամբ լուծված չեն թե՛ օրենսդրական, թե՛ կոռուպցիոն առումով, և մենք կարևորում ենք ոչ միայն սփյուռքի ազգությամբ հայ մեր եղբայրների ներդրումները, այլև ընդհանրապես արտաքին ներդրումները: Հայաստանին առավել ևս պատերազմից հետո շատ մեծ գումարներ են պետք, որ կարողանանք կարճ ժամանակահատվածում ոտքի կանգնել»,- նշեց Արամ Սարգսյանը:

Շարունակելով գործընկերոջ խոսքը, Արտակ Զեյնալյանն ասաց, որ ստեղծելու են բիզնես միջավայր, օրենսդրությունն այնպես ենք շարադրելու, որ մարդիկ շահագրգռված լինեն Հայաստանում բիզնես սկսելու համար:

Քաղաքացիներից մեկն էլ հանձնարարել էր Արամ Սարգսյանին եղբոր՝ Վազգեն Սարգսյանի նման հզոր բանակ ստեղծել:

«Վազգենի հետ մրցակցելը կամ նրա արածն անելը շատ դժվարին գործ է: Աշխարհը փոխվել է, այլևս 1980-90-ական թվականները չեն: Այսօր որպես հիմնական բաղադրիչ՝ հանդիսանում է տնտեսությունը: Ունես ուժեղ տնտեսություն՝ կունենաս ուժեղ բանակ: Խնդիրն այն է, որ 90-ական թվականներին, մասնավորապես, 1998թ. եղբայրս դրա համար ՊՆ-ից տեղափոխվեց քաղաքականություն, դարձավ վարչապետ, որպեսզի կարողանա պայքարել կոռուպցիայի դեմ, ՀՀ տնտեսությունը պոկել տեղից, որովհետև հասկանում էր, որ ուժեղ տնտեսությամբ է պետք հասցնել այն սպառազինությունը, որը անհրաժեշտ է հայկական բանակին, որպեսզի հետ չմնա Ադրբեջանից: Դրա համար մենք առաջարկում ենք օգտագործել մեր բնական ռեսուրսները՝ մասնավորապես՝ հանքարդյունաբերությունը, ջրային ռեսուրսները, գիտական, մարդկային պոտենցիալը»:

Հարց էր հնչել նաև այն մասին, թե որն է կուսակցության առաջին երեք համարների սիրելի բրենդը:

Արամ Սարգսյանն ասաց, որ պահպանողական է, օգտագործում է նույն բրենդը՝ Chanel Egoiste օծանելիքը, սիրում է ամեն ինչի իտալականը: 15 տարի է՝ կրում է Canali բրենդի իտալական հագուստը:

Արտակ Զեյնալյանն էլ պատասխանեց. «Հագնում եմ՝ ինչ պատահում է»:

Կուսակցության ներկայացուցիչներին ուղղված հաջորդ հարցը վերաբերում էր Սահմանադրության, հիմնի ու զինանշանի փոփոխությանը:

Արտակ Զեյնալյանը նշեց, որ կարևորում են կառավարման մոդելի փոփոխությունը՝ խորհրդարանական կառավարման ձևից նախագահականի անցնելը:

Ինչ վերաբերում է հիմնի կամ զինանշանի փոփոխությանը, ապա այն կարող է կարգավորվել օրենքով, որն ԱԺ-ի որոշելու հարցն է:

Քաղաքացիների մյուս հարցը վերաբերում էր հայ ռազմագերիների վերադարձին:

«Ժնևի կոնվենցիայի համաձայն՝ գերիները պետք է վերադարձված լինեին: Բացի դա՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության կետերից մեկի համաձայն՝ գերիները պետք է վերադարձած լինեին, սակայն Ադրբեջանը դա չի կատարում: Պետք է կարողանանք իրավական, քաղաքական, դիվանագիտական գործիքները գործարկել»,- պատասխանեց Արտակ Զեյնալյանը:

Քաղաքացի Ծաղիկ Վարդանյանն էլ հանձնարարել էր լուծել ամուսինների՝ խոպանից վերադարձի հարցը:

Արամ Սարգսյանը նշեց, որ դա իսկապես լուրջ հարց է, և իրենք մտածում են այդ մասին:

«Համարում եմ, որ մեր երկրի ամենակարևոր խնդիրներից մեկն ընտանիքների ամրության խնդիրն է: Ամուսինները տարիներով բացակայում են ընտանիքից, սա լուրջ խնդիր է: Ցավոք, մեր երկրի նախկին բոլոր ղեկավարները, ելնելով շուկայական մոտեցումներից, ասում են՝ պետության խնդիրը բիզնեսի հնարավորություն ստեղծելն է, և զբաղվածության հարցը պետության խնդիրը չէ: Մենք այդպես չենք կարծում: Մեր քաղաքացու զբաղվածության խնդիրը պետության խնդիրն է: Պետությանը պետք է մտահոգի քաղաքացիների՝ աշխատատեղ ունենալու խնդիրը: Մենք կարևորում ենք կանանց աշխատատեղերի հարցը: Կարծում ենք՝ մաքսիմալ աշխատատեղերի հարցը կարող է ապահովել ծանր արդյունաբերությունը: Հետևաբար՝ առաջարկում ենք վերագործարկել հանքարդյունաբերությունը, անցնել լեռնամետալուրգիային: Դրա հենքի վրա կաշխատեն Երևանի, Գավառի կաբելի գործարանները: Նախատեսում ենք բարելավել մեր երկրի բիզնես միջավայրը, պետական առաջնահերթություն տալ նոր տեխնոլոգիաներին և ռադիոէլեկտրոնիկայի ոլորտին, գրավել լուրջ աշխատուժ»,- մանրամասնեց Արամ Սարգսյանը:

Վերջին հարցը վերաբերում էր անվտանգության խնդրին:

«Առաջարկում ենք բալանսավորել այն, ամբողջ հույսը չթողնել մեկ գերտերության հույսին և միանալ Ֆրանսիայի նախագահ Էմանուլ Մակրոնի առաջարկին՝ և սահմանների ճշտման, գերիների հետվերադարձի, տարանցիկ ճանապարհների խնդրի հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ՝ փորձելով այնտեղ լուծել»,- եզրափակեց Արամ Սարգսյանը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս