Հմայակ Հովհաննիսյանին հալածում են (տեսանյութ)
«Քանի դեռ ինձ հալածում են, ես չեմ մեկնաբանի որևէ քաղաքական հարց»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՔՄ նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: Վերջինս պնդում է, որ իր դեմ հարուցված քրեական գործը, որի շրջանակներում իրեն հալածում են, կեղծ է ու անհիմն:
«Ինձ փորձում են ներկայացնել՝ որպես մարդ ծեծող, խուլիգան՝ կեղծ, շինծու մեղադրանքների հիման վրա: 37 թվականի ոգով գործ է հարուցված, որի նպատակը շանտաժն է, որպեսզի Քաղաքագետների միությունը կազմալուծեն ու զրկեն ինձ իմ օրինական տարածքից»,- ասաց նա՝ հավելելով, որ «մինչ հետապնդումների ավարտը քաղաքական հարցեր չի քննակելու»:
Խոսքը «Հայհիդրոէներգոնախագիծ» ՓԲԸ հինգ աշխատակիցների և Հմայակ Հովհաննիսյանի միջև տեղի ունեցած վեճի մասին է, որը տեսագրվել էր ու տեղադրվել Youtube-ում: Հայցվորների պնդմամբ՝ Հ. Հովհաննիսյանը վիրավորել էր իրենց:
ՀՔՄ նախագահը մանրամասնեց, որ արդեն չորս օր է, ինչ ինքը դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որպեսզի նրանից իմանա գործի հարուցման դրդապատճառները, ով, սակայն, քաղաքագետի խոսքով, իրեն չի ընդունել.
«Վովա Գասպարյանն ինձ ճանաչում է, փորձում եմ հանդիպել նրա հետ՝ իմանալու համար՝ ի՞նչ անօրինական, շինծու գործեր են հարուցվել իմ դեմ, ինչո՞ւ է դատավորը հրաժարվում հետաքննել բոլոր հանգամանքները և շտապում է գործն ուղարկել դատարան, բայց Գասպարյանը չի արձագանքում իմ զանգերին: Չորս անգամ խոսել եմ իր օգնականի հետ, ասել եմ, որ ցանկանում եմ խոսել իր հետ, բայց՝ ապարդյուն»:
Մեր հարցին՝ ո՞ւմ է ձեռնտու փակել ՀՔՄ-ն, ինչպես պնդում եք, Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց, թե հնչեցրած հարցի պատասխանն ինքը ուզում էր ստանալ Վլադիմիր Գասպարյանից, քանի որ իր համար էլ հասկանալի չէ իրավիճակը:
«Գալիս են, պաշարում են իմ գրասենյակը, արգելափակում են իմ մուտքը գրասենյակ, տուժողին դարձնում մեղադրյալ: Youtube-ում կա այդ հոլովակը՝ բացեք, նայեք ու կհամոզվեք, որ ես անգամ մատով չեմ կպել նրան: Փետրվար ամսից սկսած՝ ինձ շանտաժի են ենթարկում, որ վաճառեմ իմ գրասենյակը: Բայց չեմ ուզում վաճառել: Սա սեփականության զավթման փորձ է՝ իրավապահ, դատական մարմինների կիրառմամբ»,- հավելեց նա:
Հովհաննիսյանը շեշտեց, որ իր դեմ հարուցված գործը մտադիր են ուղարկել դատարան, և վաղն իրեն հրավիրել են ծանոթանալու հարուցված գործին: Սակայն քաղաքագետը պնդում է, որ քրեական գործը կարիք ունի վերանայման:
Իր հետ կատարված անօրինականության հիմքում Հովհաննիսյանը տեսնում է իշխանություններին մրցակից, հակակշիռ չլինելու հանգամանքը: «Խորհրդարանական համար երկրորդ ուժը հրաժարվում է իր գործառույթը կատարել՝ որպես մրցակից, իսկ իշխանությունն էլ սանձարձակ պահվածքով կարող է ցանկացած մեկին ցանկացած բանի մեջ մեղադրել, տանել անմեղ մարդուն մեղադրել: Երբ չկա մրցակցություն, իշխանությունը դառնում է սանձարձակ ու վտանգավոր քաղաքացիների համար»,- ընդգծեց Հմայակ Հովհաննիսյանը: