Բաժիններ՝

Ամեն տարվա նման

Ամանորից առաջ ընթացող տնտեսական գործընթացների վրա ոչինչ չազդեց: Նույնիսկ մայաների «գուշակած» աշխարհի վերջը: Սա ինչ-որ իմաստով սպասելի էր: Աշխարհի հնագույն ազգերից ենք: Առաջին «վերջը» չէ, որ տեսել ենք: Մայաների օրացույցը ջահել-ջուհուլ ազգերին կարող է շեղել տոնական առևտրից:

Նախատոնական առևտրից նույնիսկ ներքաղաքական լրջագույն շոուն չշեղեց: Չնայած՝ քաղաքական կյանքում երկար ժամանակ շահարկվում էր «Կառաջադրվի՞, թե՞ ոչ Գագիկ Ծառուկյանը» հարցը: Երկու-երեք ամիս համարյա բոլոր աշխատանքային օրերին քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, քաղաքագիտությունը փեշակ դարձրած մասնագետներն ասուլիսներ ու հայտարարություններ էին անում այդ թեմայով: Ոչ աշխատանքային օրերին էլ էին նույն այդ թեման քննարկում:

Բայց արդեն` խաշի սեղանների շուրջ: Հասարակությանը սկզբում հետաքրքրում էր: Հետո` ոչ: Նույն ճակատագրին արժանացան նաև «Բյուջե 2013-ի» խորհրդարանական քննարկումները: Քննարկումների վերջին հատվածը նույնիսկ լրատվամիջոցներում չլուսաբանվեց: Նախատոնական մեծ առևտրի հոգսերից հասարակությանը չշեղեց անգամ գազի սակագների հնարավոր թանկացման կանխատեսումը:

Հավանաբար, նաև այն պատճառով, որ հասարակությունը վստահ է, որ մինչև նախագահական ընտրություններ այն չի իրագործվի: Վստահաբար կարելի է պնդել, որ հասարակության համար աննկատ կմնա գազասպառման համակարգերի սպասարկման սակագնի նվազման որոշումը:

Բնականաբար, ոչ միայն նախատոնական առևտրի պատճառով: Այլև այն պատճառով, որ սակագները նվազելու են եկող տարվա հուլիսի 1-ից և, որ ամենակարևորն է` մեկ սարքավորման համար 130 դրամի չափով: Տարեկան 130 դրամով: Վստահաբար կարելի է պնդել, որ նույնիսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր պատվին հասարակությունից գովեստի խոսքեր չի սպասում: Որովհետև գիտի, որ մինչև հուլիսի 1-ը «հաստատելու» է գազի սպառման սակագինը:

Հաստատելու է ոչ թե` խորհրդանշական 130 դրամով նվազեցնելով, այլ` 25-35 տոկոսի չափով ավելացնելով: Ասել, որ մեր հասարակությունն ուշի ուշով հետևում է տնտեսական կյանքում տեղի ունեցող գործընթացներին` չափազանցություն կլինի: Հասարակությունն այդ գործընթացներին վերաբերվում է այնպես, ինչպես բնական աղետներին: Որովհետև դրանք էլ նույնքան տարերային են ու անկանխատեսելի: Տեսեք` վերջին մեկ տարի երկու ամսվա ընթացքում մեր տնտեսությունը ցնցվում է: Ցնցվում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հանգույն:

Այս տարվա առաջին կիսամյակում նույնիսկ ազգային դրամն արժեզրկվեց: Բայց մեր Կենտրոնական բանկն անհողդողդ է: Այս շաբաթ էլ որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողնել: 8 տոկոսի չափը չի փոփոխվում 2011-ի սեպտեմբերից: Հավանաբար այն պատճառով, որ մեր տնտեսական կյանքում գործընթացները ոչ տնտեսական մեթոդներով են կառավարվում:

Այս պահին բոլորիս հետաքրքրող միակ տնտեսական փաստը տարադրամի կուրսն է: Դեռ ամառվա վերջում պարզ դարձավ` ազգային դրամը կայունանալու է: Առաջին կիսամյակի արժեզրկումը չի շարունակվելու: Նախագահական ընտրությունների շեմին իշխանությունները նման բան թույլ չեն տա: Բայց ընտրությունների հետ կապված հույսերը մասամբ արդարացան: Սպասվում էր, որ այս նախընտրական տարին կտարբերվի նախորդներից: Նախ` ավանդական նախատոնական գնաճն այդքան նկատելի չի լինի: Երկրորդ` դրամն ամեն տարվա նման չի արժևորվի:

Նախատոնական այս օրերին կտրուկ ավելանում է շուկա հանվող տարադրամի ծավալը: Տոնին պատրաստվող բնակչությունը տարադրամ է փոխանակում: Մեր ֆինանսիստ-օլիգարխներն ամեն տարի պատրաստվում են դրան և ամեն ինչ անում` այդ տարադրամն ավելի էժան գնելու համար: Եվ դա տարին տարվա վրա ավելի դաժան հետևանքներ է ունենում: Ընդամենը մի քանի օր առաջ է հրապարակվել «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» պաշտոնական զեկույց-ուսումնասիրությունը:

սպառումը 6 տոկոսով 2011-ին կրճատվել է: 2011-ի տվյալներով` մեր երկրում աղքատ և շատ աղքատ ապրում է 650 հազար մարդ: Այս թիվը վերջին երեք տարում համալրվել է 240 հազարով: Ընդ որում, սրանք իրական պատկերն արտահայտող թվեր չեն: Որովհետև աղքատության ցուցանիշները հաշվարկվում են միայն չափահաս բնակչության տվյալներով: Անչափահաս աղքատները չեն հաշվարկվել: 1930-50-ականներին երեխաները գիտեին, որ իրենց երջանիկ մանկության համար իրենք ընկեր Ստալինին են պարտական: Հետագա տարիների երեխաները` հարազատ Կոմունիստական կուսակցությանը: Այդ հիմա է, որ աղքատ երեխաներին ոչ ոք «հայրություն» չի անում:

Այսինքն` պատասխանատվություն չի կրում: Որովհետև լիբերալ հասարակության տնտեսական գործընթացները, նույնիսկ կառավարության կարծիքով, չեն կառավարվում: Դրանք տարերային աղետների պես մի բան են: Միայն մեկ տարբերությամբ: Տնտեսական աղետների հետևանքները չեն վերացվում: Դրանք, լավագույն դեպքում, պաշտոնապես արձանագրվում են: Արձանագրվում են` առանց հետևանքների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս