«Իշխանությունը լկտիացել է, Լենա Նազարյանի պահվածքը տեղավորում եմ հենց այդ տիրույթում, նա պետք է ներողություն խնդրի…». Թագուհի Թովմասյան

«Ես այսօր ուղղակի ելույթ չունեցա, ես ելույթ ունեցա շարքային քաղաքացու արժանապատվության մասին, որը նետված էր դիահերձարանի հատակին, դա բոլորիս արժանապատվությունն է պարկերի մեջ դրված»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում գրանցված միջադեպին՝ իր և Լենա Նազարյանի միջև։

Ըստ պատգամավորի՝ պատերազմի ընթացքում և հետո, պետք է ակտիվ քայլեր իրականացնեին պատկան մարմինները և ամենաակտիվը պետք է լիներ Առողջապահության նախարարը, քանի որ զոհերի և վիրավորների կուտակումներ  լինում են բուժական հաստատություններում։

«Ինչո՞ւ դիահերձարանում տեղ չկար, որ մեր հերոս տղաների դիերը լցված են կարտոֆիլի պարկերի մեջ և նետված հատակին։ Սրա մասին բարձրաձայնելը, բնականաբար, առանց էմոցիաների չի լինում, բայց ի՞նչ պատասխան է տալիս իշխանությունը։ Ուզում եմ արձանագրել, որ այսօր իշխանությունը լկտիացել է՝ չեն հասկանում իրենց գործառույթների լրջությունը, չեն հասկանում, թե երկրին ինչ աղետ են բերել։ Այսօրվա՝ Լենա Նազարյանի պահվածքը ես տեղավորում եմ հենց այդ տիրույթում՝ իշխանության լկտիության հերթական դրսևորումն է, և նա պետք է ներողություն խնդրի, եթե ներողություն չխնդրի, ես նրան ուղղակի չեմ նախանձելու՝ բոլորդ կտեսնեք»,- նշեց Թագուհի Թովմասյանը։

Պատգամավորի խոսքով՝  վաղուց Առողջապահության նախարարը պետք է հրաժարական տված լիներ, և ոչ միայն նա, այլև քաղաքական բարձրագույն ղեկավարությունը, որովհետև այս ամենը պետության մեսիջն է։

«Ես գալիս եմ Վարդենիսից և ասում եմ՝ այնտեղ ամեն պահի կարող է բռնկվել պատերազմ, այնտեղ տեսել են, չէ՞, այդ դիերի տեսարանը, ո՞վ կգնա ու կզոհվի հանուն հայրենիքի, եթե իմանա, որ իր ապագան այդպես պարկով լցվելու է որևէ հատակի։ Սա պետության մեսիջն է ՀՀ քաղաքացուն, ոչ թե պետք է գնան փարիզներում ման գան, իրենց օրերը վայելեն ու իշխանության երկարացման համար փորձեն քայլեր իրականացնել, այլ գլխիկոր պետք է հեռանան, քանի որ սա մեր ազգային ամոթի ուղղակի դրսևորում է»,- հավելեց Թագուհի Թովմասյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ ամբիոնից անդրադարձավ Աբովյանի դիահերձարանում զոհված զինվորների դիերը, մեղմ ասած, ոչ պատշաճ պայմաններում պահելու խնդրին, քննադատեց իշխանություններին՝ նշելով, որ թշնամուց մազապուրծ եղած դիերն այսօր Հայաստանում պարզապես պղծում են։  Երբ պատգամավորը ելույթն ավարտեց, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, որը հավանաբար մոռացել էր անջատել բարձրախոսը, Թագուհի Թովմասյանին անվանեց «իդիոտկա»: ԱԺ փոխխոսնակի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնող անձի հնչեցրած վիրավորական արտահայտությունն այնքան բարձր էր, որ լսելի էր ոչ միայն դահլիճում նստածների, այլ նաև նիստին ուղիղ հեռարձակմամբ հետևողների, տեսագրությունը դիտողների համար։

Տեսանյութեր

Լրահոս