Եթե կարողանանք Սյունիքում իրանական տնտեսական ներկայություն ապահովել, և այն կապել ԵԱՏՄ-ի հետ, մեծանալու է Սյունիքի մարզի աշխարհաքաղաքական կարևորությունը․ Իրանագետ

Իրանագետ Գարիկ Միսակյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի Երևան և Բաքու կատարած տարածաշրջանային այցերին, նշեց, որ դրանք պայմանավորված էին հատկապես Սյունիքի մարզի շուրջ ստեղծված իրավիճակով, քանի որ Իրանի համար Սյունիքում կայունությունն ազգային անվտանգության շահերից բխող հարցերից է համարվում։

«Իրանի արտգործնախարարը Երևանում և Բաքվում ևս մեկ անգամ նշեց Իրանի կողմից մշտապես կարևորվող տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության թեզը՝ այս անգամ առավելապես շեշտելով Հայաստանի հանգամանքը, քանի որ խնդիրը հենց Սյունիքին էր վերաբերում»,- ասաց իրանագետը։

Նա կարևորեց նաև Զարիֆի կողմից երկու պետություններում արված այն հայտարարությունը, որով Իրանը պատրաստակամություն է հայտնում զարգացնել իր հարաբերությունները բոլոր ոլորտներում․

«Եթե Ադրբեջանում այդ հայտարարությունները մինչ այդ հնչած կարծիքների կրկնություն էին, քանի որ Ռուհանիի կառավարության օրոք Ադրբեջանի հետ հարաբերությունները դինամիկ զարգացման մակարդակի վրա էին գտնվում, ապա Հայաստանում Զարիֆը հանդես եկավ տնտեսական բաղադրիչի մասին շեշտադրումներով, խոսեց նաև Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի նախօրոք կատարած այցի մասին՝ հույս հայտնելով, որ համատեղ ծրագրերը որքան հնարավոր է շուտ կյանքի կկոչվեն։ Զարիֆի կողմից շեշտվեց նաև, որ Իրանը շահագրգռված է մեծացնել իր ներկայությունը Սյունիքում»։

Նկատենք՝ համատեղ ծրագրերը վերաբերում են Սյունիքում ակտիվ տնտեսական ներկայությանը, «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տարանցիկ միջանցքին
և Մեղրու ազատ տնտեսական գոտուն։

Հարցին, թե մոտ ապագայում կարո՞ղ ենք ականատես լինել հիշյալ ծրագրերի իրագործմանը, Գարիկ Միսակյանը պատասխանեց․

«Դատելով վերջին շրջանում Իրանի շահագրգռվածությունից այդ հարցում, նաև դատելով Զարիֆի հայտարարություններից և նաև այն հանգամանքից, որ կարծես թե Հնդկաստանն էլ է շահագրգռված Հայաստանի տարածքով տարանցման ուղի ունենալու հարցում՝ հույս ունենանք, որ մոտ ապագայում դրանք կյանքի կկոչվեն։

Սյունիքով Հյուսիս-Հարավի շինարարությունը և Մեղրու տնտեսական գոտու գործարկումը բխում են նաև ՀՀ շահերից․ Իրանը Սյունիքի մարզում իր տնտեսական ներկայությամբ, ազդեցության մեծացմամբ՝ նաև կանխարգելելու է Ադրբեջանի կամ այլ պետության ազդեցության աճը Սյունիքում։ Այսինքն՝ եթե մենք կարողանանք Սյունիքում իրանական տնտեսական ներկայություն ապահովել, և այդ տնտեսական ներկայությունը կապել ԵԱՏՄ-ի հետ, բավականին մեծանալու է Սյունիքի մարզի աշխարհաքաղաքական կարևորությունը։ Բացի այդ՝ Սյունիքում ներգրավված պետությունները նաև պարտավորվելու են որոշակի չափով ապահովել և՛ Սյունիքի անվտանգությունը, և՛ իրենց կապիտալի, ներդրումների անվտանգությունը»։

Իրանագետի համոզմամբ՝ Իրանը նաև այս կերպ փորձելու է զսպել պատերազմից հետո թուրքական ազդեցության մեծացումը տարածաշրջանում․

«Արցախյան վերջին պատերազմից հետո իրանական կողմում հասկացել են, որ տարածաշրջանում և հատկապես Ադրբեջանում բավականին մեծացել է թուրքական ազդեցությունը, որը, բնականաբար, չի բխում Իրանի շահերից։ Իրանն Ադրբեջանում փորձում է իր տնտեսական ազդեցությունը մեծացնել՝ չցանկանալով դիրքերը զիջել Թուրքիային, իսկ Հայաստանի հետ կապված՝ Իրանին ձեռնտու չէ տարածաշրջանում թուլացած Հայաստան, ինչպես նաև Իրանի համար կարևոր է հյուսիսում ունենալ սահման ոչ թուրքական պետության հետ։

Իրանը հասկանում է, որ, եթե վտանգ սպառնա հայ-իրանական ցամաքային սահմանին, ապա իրենց հյուսիսային նահանգները, որտեղ նաև պանթուրքիստական անջատողականության որոշակի տոկոս կա, կարելի է ասել՝ շրջափակվում են թուրքական պետությամբ․ Հեռահար եթե նայենք խնդրին, Իրանի համար դա ազգային անվտանգության հարց է, ինչը շոշափվում է նաև իրանական փորձագիտական ու լրատվական շջանակներում։ Եթե ՀՀ-ն կարողանա իր դիվանագիտական հարաբերությունները ճիշտ կառուցել ԻԻՀ-ի հետ, ապա իրանական կողմը շահագրգռված կլինի նույնիսկ ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում»։

Հարցին, թե գործող իշխանությունների պարագայում այդ հարաբերությունների զարգացում կարո՞ղ ենք ակնկալել, Գարիկ Միսակյանը պատասխանեց․

«Իրանը, այնուամենայնվիվ, եթե անգամ չի վստահում, կամ ամբողջությամբ չի վստահում ներկայիս իշխանություններին, ցանկանում է շարունակել այդ հարաբերությունները՝ հենց իր ազգային անվտանգության տեսակետից ելնելով։ Այդուհանդերձ, իրանական կողմում, ըստ լրատվական դաշտի, կա նաև սպասողական դիրքորոշում՝ թե ինչ արդյունքներ են գրանցվելու հայաստանյան ընտրություններում։

Սակայն, եթե դատելու լինենք երեք տարիների ընթացքում հայ-իրանական հարաբերությունների զարգացման դինամիկայով, ապա կարելի է նշել, որ գործող կառավարության կողմից հայ-իրանական հարաբերությունները սկսեցին մեծ ծրագրերի մակարդակում զարգացման միտվել Արցախյան պատերազմից հետո, երբ հասկացան, որ իրանական սահմանը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի։ Մինչ այդ, եթե հիշենք, կային, բազմաթիվ խնդիրներ հայ իրանական հարաբերություններում, որոնք նաև իրենց բացասական ազդեցությունն ունեցան Արցախյան պատերազմում Իրանի որդեգրած դիրքորոշման հարցում՝ Իսրայելի դեսպանատան բացումը, Բոլթոնի այցը Հայաստան և հայտարարությունները հայ-իրանական սահմանի մասին, իրանական սահմանի մասին Հայաստանի խորհրդարանից հնչած հայտարարությունները, Մեղրու տնտեսական գոտու չգործարկվելը և այլն»։

Տեսանյութեր

Լրահոս