Իրական գնաճը տասը-տասնհինգ տոկոսից պակաս չէ․ Արմեն Պողոսյան․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը կամ բարձր գների պահպանումը շարունակվում է: Սա մտահոգիչ է այն առումով, որ չեն աճում մարդկանց եկամուտները, կա անգամ նվազման միտում: «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը հիշեցնում է՝ ըստ պաշտոնական տեղեկատվության, տարեկան գնաճը կազմում է 5,8, իսկ սննդի դեպքում՝ 7,4 տոկոս, բայց եթե իրական գնաճի մասին ենք խոսում, ապա այն տասը-տասնհինգ տոկոսից պակաս չէ:

«Շատ հիմնավոր կասկածներ ունենք և համարում ենք, որ այս ինֆորմացիան արժանահավատ չէ: Գնաճը պետք է ուսումնասիրվի առաջին անհրաժեշտության ապրանքների շրջանակում, ոչ թե այն տարբերակով, ինչպես անում են մեզ մոտ: Վերցնում են 470 անուն ապրանք, ուսումնասիրում գները և միջինացված թիվ ներկայացնում: Ես բազմիցս առաջարկել եմ՝ առանձնացրեք տասնհինգ-քսան ապրանք, հաշվարկեք գները և այդ դեպքում հստակ կհասկանանք, թե ինչ չափերի է հասնում գնաճը, օբյեկտիվ պատկեր կունենանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Նշում է՝ պետք է հաշվի առնել, որ կան ապրանքներ, որոնք մարդիկ ձեռք են բերում, ասենք, քսան, անգամ երեսուն տարին մեկ անգամ, ուստի այդ ապրանքի թանկացումը մեծ հաշվով նշանակություն չունի մարդու ընտանեկան բյուջեի վրա: Հետաքրքրվում ենք՝ այդ դեպքում վիճակագրություն իրականացնող պետական կառույցը գնաճն ուսումնասիրելիս ինչո՞ւ չի գնում առաջարկվող ուղիով՝ ուսումնասիրել միայն առաջին անհրաժեշտության ապրանքների գները և այդ դեպքում հասկանալ գնաճի կամ գուցե գնանկման իրական պատկերը: «Քաղաքական ուժին միշտ էլ հարմար է ցույց տալ մի թիվ, որը «ժողովուրդը» հեշտ կմարսի, հատկապես, երբ երկրում հուսահատ տրամադրություններ են»,-պատասխանում է մեր զրուցակիցը:

Պողոսյանն ասում է՝ քաղաքական անկայուն վիճակն, իհարկե, ազդում է տնտեսության վրա, և երբեմն այս թվերն ասվում են մարդկանց հանգստացնելու համար: «Ոչ մեկ անգամ եմ ասել, որ հինգ-վեց տոկոսանոց գնաճը վատ բան չէ, բայց դրան զուգահեռ առաջանցիկ տեմպով պետք է աճեն մարդկանց եկամուտները, ինչպես Արևմուտքում: Գները բարձրանում են հինգ-վեց տոկոսով, բայց եկամուտներն աճում են, օրինակ՝ յոթ-ութ տոկոսով, այդ պատճառով շատերն անգամ չեն նկատում գնաճը: Իսկ ե՞րբ են վերջին անգամ մեր երկրում աճել մարդկանց եկամուտները: Երբ տասը տոկոսով թոշակնե՞րը բարձրացան, բայց դա զավեշտ է, անգամ վիրավորանք»,-ընդգծում է Պողոսյանը:

Շուկայում գնաճի, գնանկման, որակի ստուգման առումով շատ կարևոր է, որ ակտիվ գործեն հասարակական կազմակերպությունները: Այդ դեպքում թերևս պետական գերատեսչությունները կզգան հասարակական սեկտորի «ճնշումը»:

«Մեր երկրում գնաճին հետևում է երկու գերատեսչություն՝ Կենտրոնական բանկը և Վիճակագրական կոմիտեն: Մենք ժամանակին մասնակցում էինք խանութներում իրականացվող շրջայցերին, գների ուսումնասիրությանը: Հետո, չգիտեմ թե ինչու, քիչ-քիչ մոռացանք դրա մասին: Մյուս հասարակական կազմակերպությունների մոտ էլ ես այդ ձգտումը չեմ տեսնում: Այս գործընթացը երկկողմանի է: Մի կողմից պետությունը ցանկություն չունի ներգրավվելու, մասնակից դարձնելու հասարակական սեկտորին, մյուս կողմից էլ հասարակական սեկտորն է պասիվ: Անկասկած է նաև մեկ բան, որ բավականին սուղ են ՀԿ-ների ֆինանսական միջոցները և աշխատուժը, բայց առաջնային խնդիրներին ավելի մեծ ուշադրություն դարձնելու դեպքում ամեն ինչ էլ կարելի է հայթայթել»,-նշում է ՀԿ-ի նախագահը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս